Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի դեմ մահափորձն ու դրանց հետևանքները. «Ժողովուրդ»

Դոն Պիպոյի և Վստրեչի Ապերի դեմ մահափորձն ու դրանց հետևանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ երկու հեղինակությունների նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել, ինչը կանխվել է: Թիրախում եղել են Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, և Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը: Երեկ հայտնի դարձավ, որ մահափորձի գործով երեք անձ է ձերբակալվել, որոնց գործողություններից «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:   Բայց մինչ այդ ներկայացնենք պաշտոնական տեղեկությունը, որը երեկ հայտնեց ՀՀ ոստիկանությունը: Ըստ այդմ, նրանք տեղեկացել են, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում: Վերջիններս ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք ու ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին: Եվ ահա, մայիսի 24-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանել են սպասվող ծանր հանցագործությունը` անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց: Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ սույն գործը կքնվի ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի` հանցափորձ, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով` սպանություն, որը կազմակերպվել է մի խումբ անձանց կողմից, և 235-րդ հոդվածի 2-րդ մասի` ապօրինի զենք, հատկանիշներով: Նկատեցի՞ք, ոչ մի խոսք չկա այն մասին, թե ովքեր են 3 անձինք, ի՞նչ ծագում ունեն, ինչո՞վ են զբաղվում: Մահափորձի խորը արմատները   Երեկ հրապարակել էինք, որ տեղի ունեցած մահափորձն իրականում խորն արմատներ ունի, այն գալիս է դեռ 2007 թվականից: Ըստ այդ ժամանակ շրջանառվող տեղեկությունների՝ Արամ Վարդանյանն ընկերների հետ նկատել է, որ պայթուցիկ է նետվում, և փորձել են ատրճանակով պաշտպանվել: Եվս մեկ մահափորձ էլ ծրագրված է եղել Արամ Վարդանյանի հոր քառասունքի արարողության օրը: «Արգիշտի» ռեստորանի հարևանությամբ դարանակալվել են «քիլլերների» ջոկատները: Սակայն նրանք չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել վարձու մարդասպանների 7-8 հոգանոց խումբը: Եվ ահա երրորդ դեպքն էլ տեղի ունեցավ մայիսի 24-ին, որը ըստ էության արդեն հիմնավորում է այն կասկածները, որ թիրախում հիմնականում եղել է Արամ Վարդանյանը: Թեև լուրեր կան, որ Դոն Պիպոն էլ է եղել ուշադրության կենտրոնում:   ArmLur.am-ը նաև տեղեկացավ, որ իրավապահները դուրս են եկել մահափորձն իրականացողների հետքի վրա: Ըստ տեղեկությունների՝ այդ մարդիկ գտնվում են Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի վերահսկողության տակ: Այժմ լուրեր են պտտվում նաև այն մասին, որ Արտյոմ Կանևսկոյի մերձավորները ապրիլյան ընտրությունների շրջանում բավականին ակտիվ մասնակցություն են ունեցել, սատարել իշխող ուժին ու որպես փոխհատուցում կարծել են՝ կարող են «մարսել» 1-2 սպանությունը: Թե որքանով են այս լուրերը հավաստի, ցույց կտա ժամանակը: Ձերբակալվածները խոստովանել են   «Ժողովուրդ»-ին ծրագրված մահափորձից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ ձերբակալվածները խոստովանել են, թե ովքեր են եղել իրենց թիրախում: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ երբ իրավապահները խուզարկություն են իրականացրել 3 հոգու կողմից վարձակալած բնակարանում, նրանց պատկանող հեռախոսների մեջ են եղել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի և Արամ Վարդանյանի լուսանկարները, ինչը ըստ էության առավել հիմնավոր է դարձրել այն տեղեկությունները, որ վերոնշյալ անձանց նկատմամբ մահափորձ է ծրագրված եղել իրականացնել:   Պարզեցինք, որ ձերբակալված անձինք Վանաձոր քաղաքի բնակիչներ են, քաղաքում ունեն սեփական բնակարաններ, սակայն գործի բնույթից և իրենց տված առաջադրանքից ելնելով՝ բնակարան են վարձել էջմիածին քաղաքում, որտեղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիմաց հսկայական առանձնատուն ունի հեղինակություն Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն: Սպանություն ծրագրած անձինք լավ հաշվարկել են, թե որտեղ կարող են բնակարան վարձակալել, նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որպեսզի դարանակալեն և սպանեն Դոն Պիպոյին ու Արամ Վարդանյանին: Սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ:   Ի դեպ, մեզ լուրեր հասան նաև այն մասին, որ իրավապահ համակարգը երեկվա դրությամբ խիստ հսկողություն է իրականացնում նաև ձերբակալված անձանց ընտանիքների նկատմամբ՝ նրանց մերձավորների և մտերիմների անվտանգությունը ապահովելու համար, որպեսզի հետագայում վենդետա չլինի: Սրանով է պայմանավորված այն գաղտնապահությունը, որը ցուցաբերում են հայրենի իրավապահները՝ չհայտնելով քիլլերների անունները: Չի բացառվում, որ այս ձերբակալություններով գործընթացը չավարտվի, թերևս առաջիկայում նոր ձերբակալություններն անխուսափելի կլինեն: