Դատարկվող Հայաստանի «Վերջին զանգը»

Դատարկվող Հայաստանի «Վերջին զանգը»

Այսօր «Վերջին զանգի» միջոցառումն է Հայաստանի դպրոցներում: Հազարավոր պատանիների ու աղջիկների ուրախության, հույզերի ու սպասումների այս օրը դարձյալ մտորումների տեղիք է տալիս մեզ: Ու ոչ միայն հեռանկարի, ապագայի կտրվածքով, երբ անորոշ, մշուշոտ են մնում հասունության սահմանը հատած հազարավոր քաղաքացիների ուսման, աշխատանքի, հանրային կյանքին ինտեգրվելու հարցերը: Տոնական այս օրը մուտք չի գործելու Հայաստանի սահմանամերձ մեկ տասնյակից ավելի համայնքներ, «Վերջին զանգը» չի հնչելու Սյունիքի և Լոռվա մարզի մի շարք դպրոցներում: Լծեն, Չափնի, Թանահատ, Շրվենան, Ճակատեն, Տավրոս, Լոռու մարզի Դաշտադեմ գյուղերում արտագաղթն այլևս արտահայտվում է ոչ միայն վիճակագրությամբ, քանակական ծավալով, այլ նաև ողբերգությամբ` որակական բաղկացուցիչով. այս համայնքներում շրջանավարտներ չկան` կամ ավարտական դասարաններում աշակերտ չլինելու կսմ առհասարակ` դպրոցների փակման հետևանքով: Ավելորդ է բացատրել, թե գյուղի համար ինչ է նշանակում դպրոցի չգոյությունը կամ դրա փակման հեռանկարը: Կրթական հաստատությունը գյուղի գոյության վերջին հույսն է, արտագաղթին հաղթելու վերջին մոտիվը, խավարի մեջ նշմարվող վերջին լույսը: Սյունիքի և Լոռվա մարզերի մի շարք համայնքներում այդ լույսը մարել է, որովհետև դպրոցներում «Վերջին զանգը» չի հնչելու, իսկ դա խորհրդանշում է հենց այդ գյուղերի «Վերջին զանգը»: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը որ այդ գյուղերի մեծ մասը սահմանամերձ համայնքներ են, ապա երկրի անվտանգության սպառնալիքը ոչ թե վերացական, այլ միանգամայն իրական է դառնում: Հայրենիքը սկսվում է սահմանից ու բոլորիս անվտանգությունը հարվածի տակ է, երբ Սյունիքի գյուղերը դատարկվում են: Ինչքան էլ ուժեղ լինի բանակը ու պաշտպանված սահմանը, այն դառնում է խոցելի, երբ թիկունքում չունի ապրող գյուղ, երդիկից բարձրացող ծուխ, աշխատող դպրոց, նորածնի ճիչ: Ու ճակատագրի հեգնանքով` Սյունիքի մարզում դպրոցներ են փակվում մի իշխանության օրոք, որի կառավարող կուսակցության գաղափարախոսությունը խարսխված է նժդեհականության վրա և պետության ու ՀՀԿ-ի դեմքերն ամեն օր մեջբերումներ են անում Գարեգին Նժդեհից` իրենց հետ կապ չունեցող անցյալի հերոսականության ստվերում քողարկելով սեփական կառավարման ապաշնորհությունն ու անտաղանդությունը, երկրում առկա կոռուպցիան և անարդարությունը: Սահմանամերձ, հեռավոր գյուղերի բնակիչների համար` իշխանությունը հինգ տարին մեկ հայտնվող մի բան է` թանկարժեք մեքենաների անարժեք տերերի շքախումբ, որը գյուղից-գյուղ է անցնում` ոչ թե մարդանց հոգսերին դարման լինելու նպատակով, այլ նրանց քվեներին տիրանալու մոլուցքով: Սահմանի ու բանակի երես չտեսած շատ պաշտոնյաների համար սահմանամերձ գյուղը հերոսական սելֆիի պատկեր է, որի ֆոնին իրենց թանկարժեք «Ջիփերը»` տանկեր, իսկ իրենք` խրոխտ հրամանատար են պատկերվում: «Քաջնազարության» այս ողորմելի շքահանդեսի վերջին ակորդը հնչեցնում է Սերժ Սարգսյանը` 2040-ին չորս միլիոնանոց Հայաստանի իր խոստումով: Դատարկվող Հայաստանի, ամայացող սահմանային բնակավայրերի, փակվող դպրոցների ֆոնին` նման խոստումը նմանվում է պոռոտախոսության, ծաղրի, Հայաստանի «Վերջին զանգը» խորհրդանշող երազախաբության: