ՆԱՏՕ-ի երկրները միացել են ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիային

ՆԱՏՕ-ի երկրները միացել են ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիային

ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդները հինգշաբթի գագաթնաժողովի ժամանակ որոշում են ընդունել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիային դաշինքի միանալու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ փոխանցում է RIA Novosti-ն։ «Մենք որոշել ենք ընդլայնել մեր աջակցությունը ԴԱԻՇ-ի ջախջախմանն ուղղված գլոբալ կոալիցիային։ Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման մեր համակարգը կբարելավի կոալիցիայի համար օդային տեղաշարժի կառավարումը»,-ասել է Սթոլթենբերգը լրագրողներին։ Ավելի վաղ նա նշել էր, որ կոալիցիային պաշտոնապես միանալը կարևոր է երկու պատճառով՝ հայտնելու վճռական աջակցություն ահաբեկչության դեմ պայքարող դաշինքին և նպաստելու կոալիցիայի մասնակիցների գործողությունների ավելի արդյունավետ համակարգմանը։ Նա բազմիցս հայտարարել է, որ մարտական գործողություններին ՆԱՏՕ-ն չի մասնակցի։ Դաշինքի անդամ-երկրների նախագահների ու վարչապետերի հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2018 թվականին։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն անցկացված հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ՝ չհստակեցնելով հաջորդ հանդիպման անցկացման վայրը։ Սթոլթենբերգի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտ պահանջել է ՆԱՏՕ-ի երկրներից մեծացնել ռազմական ծախսերը։ Որոշ առաջնորդներ համաձայնել են, որ եվրոպական պետությունները պետք է մեծացնեն իրենց ռազմական ծախսերը ոչ թե ԱՄՆ-ին գոհացնելու, այլ սեփական պաշտպանական շահերի համար։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել ռազմական ծախսերի մեծացմանն ուղղված ազգային պլանների ստեղծման վերաբերյալ։