Մինչ պատերազմը Օսմանյան կայսրությունում բնակվել է 2 միլիոն հայ

Մինչ պատերազմը Օսմանյան կայսրությունում բնակվել է 2 միլիոն հայ

Ստորև ներկայացնում ենք «Հայոց ցեղասպանությունը վրաց պարբերական մամուլում 1914-1918 թթ» գրքի հերթական` 14-րդ հատվածը: Այս մասում տեղ են գտել «Վրաստան» և «Ժողովրդական թերթիկ» վրացալեզու թերթերում, 1915 թվականի դեկտեմբեր ամսին հրապարակված հոդվածների հայերեն տարբերակները:   Վրաստան 1915/12/24 #176 Հայերի կյանքը Թեհրանում հայերը վախի մթնոլորտում են ապրում: Հայերի հանդեպ վատ են տրամադրված նաև պարսիկները: Նոր Ջուլֆայում հայերին պատժում են դավաճանության համար:  Ղումում ձերբակալել են հայ հոգևորականի ու ևս մի քանի անձանց: Սուլթանաբադում կոտորել են մի քանի հայ ընտանիք: Համադանից տեղեկություն ենք ստացել, որ 40 հայ երիտասարդի պարտադրանքով բանակ են տարել: Այս օրերին Ուրմիա է եկել մի մարդ, ով հայտարարել է, թե Խալիլ բեյը մեծ պատրաստություն է տեսնում, քանի որ սպասվում է հայերի նոր ապստամբություն, այնտեղ է ուղարկելու կանոնավոր բանակ: Սավջուկ-Բուլաղի շրջանում քրդերը նյարդայնանում են: Այստեղ հայերին փորձություն է սպասվում: Անդադար փախստականներ են գալիս Էջմիածին: Ամերիկայի հայերը պատերազմից տուժած և փախստական հայերի համար նորից գումար են հավաքել: Պարսկաստանում «Հորիզոն»-ի խոսքերով` Նոր Ջուլֆայում (Սպահանից մի քանի մղոն հեռավորության վրա) հայերը վտանգված են: Պարսկաստանի զինվորների համար դեռևս 500 թուման են հատկացրել: Երրորդ անգամ պահանջել են 40 հազար թուման: Պահանջել են նաև զենք և 40 զինված հայ: Նրանց տեղափոխել են բանակ` պատերազմելու Ռուսաստանի դեմ: Համադանում հայի են սպանել, ևս մեկին ՝ ձերբակալել: Ղումում ձերբակալել են հայ հոգևորականի: Սուլթանաբադում թալանել են հայերին պատկանող երկու տուն: Մելիարում ձերբակալել են երկու ռուսահպատակ հայի: Վրաստան 1915/12/25 #177 Հայերի կյանքը Պարսկաստանում հայերի կյանքը երբեմն վտանգվում է։ Հայկական թերթերը մինչ օրս Պարսկաստանում հայերի ձերբակալությունների և բնակչության թվաքանակի նվազման մասին տեղեկություններ են ստանում: Հայերն արդեն սկսել են փախչել Պարսկաստանից: Վանի փախստականները պարենի տեսանկյունից լավ պայմաններում են: Վանում չկա միայն շաքար և միս, միևնույն ժամանակ բավականին հաց կա: Բուլղարիայում շարունակում են հետապնդել հայերին: Ալեքսանդրիայում հայ վաճառականները տուժած եղբայրների համար գումար են հավաքել: Ժողովրդական թերթիկ 1915/12/25 #465 «Հորիզոն» թերթին Երևանից տեղեկացնում են. «Փախստականների նահանգային կոմիտեն» հաստատել է հաջորդ տարվա առաջին եռամսյակի ծախսերը՝ 4 միլիոն: 10 հազար երեխայի համար դպրոցներ կբացվեն, հագուստ և կոշկեղեն կբաժանվի և այլն: 105 հազար մանեթ կհատկացվի փախստականներին, յուրաքանչյուրին ամսական 8 մանեթ, բնակարան, ջեռուցում և լուսավորում: «Հորիզոնի» փոխանցմամբ՝ Վանի շրջակայքում քրդերի հետ բախումների ժամանակ զոհվել է 4 և վիրավորվել 9 հայ զինվոր: Վրաստան 1915/12/29 #178 Հայերի կյանքը Հայկական թերթերի փոխանցմամբ, Հալիլ Բեյը Մուշի վիլայեթում քրդերին նախապատրաստում է, որպեսզի վերջիններս սաստեն հայերի ապստամբությունը: Ուրմիայի մոտակայքում հայերը վախի մեջ են:  Մինչ պատերազմը Օսմանյան կայսրությունում բնակվել է 2 միլիոն հայ, այդ թվում՝ 200 հազարը՝ Ստամբուլում, որոնց մեծամասնությանը վտարել են քաղաքից: Աբդուլ Համիդի ժամանակ (1895 թ.) 100 հազար հայ են կոտորել, իսկ հիմա՝ 3 անգամ շատ: Այժմ Օսմանյան կայսրությունում հայերի թիվը կրճատվել է: Հայերի մեծ մասը փախել է Կովկաս, մի փոքր մասը՝ Բուլղարիա և Ռումինիա, ինչպես նաև ապաստան են գտել ասիական նավահանգիստներում, որոնք այժմ գտնվում են Ռուսաստանի տիրապետության տակ: Հայերն ամենուր օգնության կարիք ունեն և հույս կա, որ հայ հասարակությունը հաշվի կառնի դա: Եզրակացնում է Վիլիմսը:   Հոդվածն ամբողջությամբ՝ aliq.ge կայքում