Նալբանդյանն ընդունել է ԵԽ  արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Նալբանդյանն ընդունել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 25-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի վեց խոշոր խմբակցությունները ներկայացնող՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մի շարք անդամներից բաղկացած պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախար արության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Զրուցակիցներն արժևորեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ներկայիս մակարդակը՝ վստահություն հայտնելով, որ 2017թ. մարտին Երևանում նախաստորագրված և նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթաժողովին ստորագրման նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունների իրավական դաշտը կարգավորող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը որակական նոր հարթություն կտեղափոխի երկկողմ հարաբերությունները: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց մայիսի 23-ին Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստի արդյունքները: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Հայաստանի արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ ընտրություններն աննախադեպ էին տարբեր երկրներից ու միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ԵՄ-ից գործուղված բազմաթիվ դիտորդների ներգրավվածության առումով, ովքեր փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամքը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտությ ուն հայտնեց Եվրոպական միությանը՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար: Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի: Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը և կարևորեց միջորդների գործունեությանը սատարելու Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշմանը»։