Կարեն Կարապետյանի զսպօղակը

Կարեն Կարապետյանի զսպօղակը

Այսօր կառավարության նիստում քննարկվել է «Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգը»: Հարցն ինքնին հազիվ թե հետաքրքրի հանրության լայն շերտերին, բայց դարձել է հերթական ինդիկատորը, որը բացահայտել է այս կառավարության բովանդակությունը: Հարցի քննարկման ժամանակ լեզվակռիվ է ծավալվել Դավիթ Հարությունյանի և Արծվիկ Մինասյանի միջև, ընդ որում՝ նրանց փաստարկների բախման հիմքում եղել է ոչ թե մասնագիտական վերլուծությունը, այլ «պրինցիպը» կամ հրապարակավ չդրսևորվող ու քննարկման թեմային չառնչվող այլ շահեր: Պատահական չէ, որ դաշնակցական մյուս նախարար Դավիթ Լոքյանը ոչ հստակ մի նախադասությամբ պաշտպանել է իր կուսակցին: Այսինքն՝ այստեղ էական է եղել ոչ այնքան տեսակետ պաշտպանելը, որքան դաշնակցական համերաշխությունը: Այսօրվա լեզվակռիվը լրացուցիչ անգամ ապացուցում է, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը միասնական թիմ չէ, ոչ էլ նույնիսկ կուսակցությունների համաձայնության արգասիք: Այս կաբինետը համակարգի հայելային արտացոլումն է՝ շահերի բախումներով, տարբեր բևեռների հակոտնյա օրակարգերով: Մինչև ընտրություններն այս վիճակն ինչ-որ տեղ հանդուրժելի էր, ի վերջո՝ մարդիկ մտածում էին, որ ընտրություններից հետո Կարեն Կարապետյանն իր թիմը կձևավորի: Աշխարհի բոլոր երկրներում հենց դրա համար են ընտրությունները, որպեսզի վերանան արդյունավետ կառավարման քաղաքական խոչընդոտները, և հանրության վստահության մանդատի շրջանակներում ձևավորվի հնարավորինս միասնական թիմ՝ միասնական օրակարգով և ընդհանուր ծրագիր իրականացնելու առաքելությամբ: Սակայն ձևավորվելիք կառավարությունը՝ թե կառուցվածքի, թե կադրերի իմաստով, նոր է պայմանականորեն, այսինքն՝ հնի շարունակությունն է: Առնվազն այդպես է կառավարության ձևավորման սկզբունքի ու մեխանիզմների տեսանկյունից: Այսինքն՝ կառավարությունը պահպանելու է կլանայնությունը՝ միասնականությունը բացառող շահերի բախումներով, և դե ֆակտո լինելու է անցումային: Միայն այս հանգամանքը բավարար է՝ հասկանալու համար, որ երկիրը ևս մեկ տարի կորցնելու է տնտեսության զարգացման կարճաժամկետ ծրագրեր իրականացնելու և հեռանկարային պլաններ նախագծելու իմաստով: Մյուս կողմից՝ նման «գռուզով» Կարեն Կարապետյանը չի կարող հավակնել իշխանության, որովհետև նման ռեսուրսներով հնարավոր չէ վերահսկել համակարգը: Ավելի շուտ՝ նման կառավարությամբ համակարգն ու Սերժ Սարգսյանն են վերահսկում Կարապետյանին՝ ի չիք դարձնելով քաղաքական ինքնուրույն գործոն դառնալու նրա հնարավորությունները: