ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազքով. Դեյվիդ Մքալիստեր

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է, սակայն հակամարտությունը ռազմական լուծում չունի և պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Մայիսի 25­ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մքալիստերը: «Եվրոպական բոլոր կառույցները միակարծիք են՝ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է, սակայն այս հակամարտությունը չունի ռազմական լուծում: Անհրաժեշտ է վաղաժամ քաղաքական հանգուցալուծում՝ միջազգային նորմերին համաձայն: ԵՄ­ն այս հակամարտության կարգավորման մեջ ակտիվ դերակատար չէ, սակայն մենք կողմնակից ենք լուծում գտնելուն՝ միտված բոլոր դիվանագիտական ջանքերին: Ուստի Եվրոպական Միությունը շարունակում է լիովին սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, որոնցից մեկը Եվրոպական Միության անդամ Ֆրանսիան է»,­- նշեց Մքալիստերը: Նա ընդգծեց, որ հակամարտող կողմերը պետք է հարգեն հրադադարը պահպանելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց հանձնառությունը: «Մեզ մտահոգում է շարունակվող սպառազինությունների մրցավազքը, ռազմական հռետորաբանությունը և կրկնվող միջադեպերը շփման գծում, որոնք երկու կողմերից էլ կյանքեր է խլում: ԵՄ­ն կողմերին քաջալերում է սկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին համապատասխան»,­ եզրափակեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: