Ինչ շոշափեց Սերժ Սարգսյանը ՊՆ-ում

Ինչ շոշափեց Սերժ Սարգսյանը ՊՆ-ում

Սերժ Սարգսյանը մայիսի 24-ին պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել զինված ուժերի ղեկավար կազմի հետ: Այդ հանդիպման մասին նախագահական նստավայրի տարածած հաղորդագրությունը սահմանափակվում է այդքանով: Չկա Սերժ Սարգսյանի ելույթի, խոսքի բովանդակային որևէ հավելյալ տեղեկություն: Դա նշանակում է, որ հանդիպմանը քննարկվել են այսպես ասած ոչ հրապարակային թեմաներ: Իհարկե միանգամայն բնական է, որ Գերագույն գլխավոր հրամանատարի և ԶՈւ հրամկազմի հանդիպմանը կարող են և թերևս պետք է քննարկվեն հենց այդպիսի թեմաներ, սակայն հանդիպման այսպես ասած հրապարակային բովանդակության բացակայությունն այդուհանդերձ ուշագրավ է: Չի բացառվում, որ այստեղ չկա խորհրդապահական որևէ հանգամանք, այլ ամեն ինչ պայմանավորված է ընդամենը նրանով, որ Սերժ Սարգսյանն այս շրջանում իր հրապարակային ասելիքն ամբողջությամբ ասել էր մայիսի 18-ին նոր խորհրդարանի առաջին նիստում ունեցած ըստ էության ծրագրային ելույթում: Ելույթը իր ծրագրային բնույթով ընկալվեց նաև որպես Սերժ Սարգսյանի իշխանությունը շարունակելու հաստատակամ հայտ: Եվ այս հայտի շրջանակում նաև հետաքրքիր է դառնում հանդիպումը զինված ուժերի հրամկազմի հետ: Զինված ուժերը Հայաստանում սահմանադրորեն ապաքաղաքական մարմին են, սակայն ակնհայտ է նաև, որ զինված ուժերը, բանակը ահռելի նշանակություն ունեն Հայաստանում քաղաքական իրավիճակի և մասնավորապես իշխանության ձևավորման գործընթացի վրա: Եվ այս իմաստով մայիսի 18-ի ելույթն ու մայիսի 24-ի հանդիպումը ԶՈւ հրամկազմի հետ, կարծես թե դառնում են ամբողջական շղթայի մի օղակ: Սերժ Սարգսյանը չի կարող մնալ իշխանության ղեկին, եթե այդ ծրագրում նա չունենա զինված ուժերի հրամկազմի աջակցությունը: Ինչո՞վ է պայմանավորված լինելու այդ աջակցությունը, արդեն դժվար է ասել: Զինված ուժերի հրամկազմում կան մարդիկ, կան բարձրաստիճան հրամանատարներ, որոնց համար կարևորը սեփական բիզնեսների երաշխիքն է, սեփական կապիտալի անվտանգությունը, հետևաբար նրանք Սերժ Սարգսյանի ծրագրերին կաջակցեն այսպես ասած հենց այդ առաջնահերթություններից ելնելով: Միևնույն ժամանակ զինված ուժերում հսկայական թիվ են կազմում նաև բարձրաստիճան հրամանատարները, գեներալները, գնդապետները, այլ սպայական բարձր կոչում ունեցող զինվորականները, որոնց համար առաջնահերթությունը պետության անվտանգությունն է, տարածքային ամբողջականությունը, զինվորի անվտանգությունը, զինված ուժերի մարտունակությունը, հագեցածությունը և այլն: Բնականաբար ԶՈւ այդ սեգմենտը Սերժ Սարգսյանի ծրագրերին և իշխանության խնդրին ընդհանրապես մոտենալու է այդ առաջնահերթությունների պրիզմայով և սեփական դիրքորոշումը հայտնելու է պետական շահով: Ի վերջո հենց այդ մարդկանց վրա է պահվել նաև հայկական բանակի մարտունակությունը երկու տասնամյակի ընթացքում, այդ մարդկանց վրա է պահվել նաև Ապրիլյան պատերազմը՝ իհարկե առաջնագծում կանգնած զինվորից և սպայից հետո: Ի՞նչ է ասել նրանց Սերժ Սարգսյանը: Իհարկե թյուր կլինի կարծել, որ Սերժ Սարգսյանը ԶՈւ հրամկազմի հետ խոսելու էր միայն իշխանության խնդրից և իր ծրագրերից: Ի վերջո կասկած չկա, որ առաջնային խնդիրներից և թեմաներից մեկը լինելու էր իրավիճակը արցախյան ուղղությամբ, հատկապես տեղի ունեցող նոր զարգացումներն ու հեռանկարները: Ավելին, զուտ իշխանական թեման Սերժ Սարգսյանն անկասկած կշոշափեր լոկ տողատակով: Միաժամանակ հստակ է նաև, որ անկախ անձնական նկատառումներից, իշխանության խնդիրը Հայաստանում ի վերջո պայմանավորում է շատ բան և այդ թվում Արցախի խնդրում պետական հետագա քաղաքականությունը: Այսինքն՝ երկու խնդիրները իրար սերտորեն առնչվում են, անգամ անկախ որևէ գործչի, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի անձնական նկրտումներից և իշխանության հետ կապված պլաններից: Այդ առնչությունը սակայն Սերժ Սարգսյանը բնականաբար կփորձի օգտագործել իր ծրագրերն առաջ մղելու համար, հատկապես դրանց առանցքում առկա «կրեդոյի»՝ այլընտրանքի բացակայության իմաստով: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը պետք է նաև զինված ուժերի հրամկազմին համոզի, որ իրեն այլընտրանք չկա նաև պաշտպանական և անվտանգության բնագավառի ղեկավարման իմաստով, այսպես ասած դե ֆակտո Գերագույն գլխավոր հրամանատարի, քանի որ նոր Սահմանադրությամբ խաղաղ ժամանակներում դե յուրե այդպիսի կարգավիճակ գոյություն չունի: Իսկ ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը մարտի 25-ին, փաստորեն, հայտարարեց, որ իր դերը տեսնում է անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ որևէ կարգավիճակում: Հազիվ թե ԶՈւ հրամկազմին նա հայտնած լինի այդ կարգավիճակի իր պատկերացումը: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ավելի շուտ շոշափած կլինի զինուժի տրամադրությունը այդ կարգավիճակի հնարավոր հեռանկարի վերաբերյալ: