Հովհաննես Հովսեփյանը կվերահսկի կառավարության գործունեությունը

Հովհաննես Հովսեփյանը կվերահսկի կառավարության գործունեությունը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Հովսեփյանին կրկին նշանակեց իր վերահսկողական ծառայության պետ: Մինչ այդ Հ. Հովսեփյանն այդ նույն պաշտոնը զբաղեցրել էր ութը տարի՝ 2008-2016 թթ․, իսկ անցած գարնանը Ս. Սարգսյանը նրան ազատեց այլ պաշտոնի՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու համար: Այդպիսով Հ. Հովսեփյանը համարվել էր Ս. Սարգսյանի ամենավստահելի մերձավոր պաշտոնյաներից մեկը: Բայց ՊԵԿ նախագահի պաշտոնը նա զբաղեցրեց ընդամենը կես տարի, վարչապետ Կարեն Կարապետյանն անցած տարվա հոկտեմբերին նրան ազատեց՝ ՊԵԿ նախագահ նշանակելով իր հավատարիմ կադր Վարդան Հարությունյանին: Իսկ Հ. Հովսեփյանը մինչ այժմ առանց պաշտոնի էր: Բայց քանի որ արդեն նախընտրական գործընթացները սկսվել էին, Հ. Հովսեփյանը Հանրապետական կուսակցությունում շատ կարևոր դերակատարում ստանձնեց՝ Ս. Սարգսյանը նրան էր վստահել ռեյտինգային թեկնածուներին վերահսկելու շատ կարևոր գործառույթը, որպեսզի նրանցից որևէ մեկը չփորձի թիմակիցներից ձայն գողանալ: Ընտրություններից հետո արդեն Հ. Հովսեփյանը հպարտորեն հայտարարել էր, թե նախագահն իր ամբողջ նախընտրական թիմից գոհ է: Նա նաև բացահայտել էր, որ ընտրական գործընթացներում ՀՀԿ-ն ունեցել է հնգաստիճանի վերահսկողական մեխանիզմ: «Եղել են դիտորդներ, նրանց հետ եղել են տասնապետեր, տասնապետերն իրենց հետ ունեցել են համակարգողներ, համակարգողներն իրենց հետ ունեցել են այլ թիմ, որտեղ որ ներգրավված են եղել պրո­ֆեսիոնալ մարդիկ, որոնք անկախ են եղել: Դրանից հետո եղել եմ ես, որտեղ կա­հավորված ամենաբարձր մակարդակի վերջին տեխնիկայով օնլայն հետևել ենք ցանկացած ռեժիմի»,- ընտրություններից անմիջապես հետո տված հարցազրույցներից մեկում բացահայտել էր նա: Եվ ահա իր այդ փայլուն աշխատանքի համար նա Ս. Սարգսյանի կողմից կրկին պարգևատրվում է նման բարձր պաշտոնով: Իհարկե, ընտրություններից հետո դա միանգամից անել հնարավոր չէր, քանի որ նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Ֆելիքս Ցոլակյանը, վերջինս դարձավ պատգամավոր և ազատեց պաշտոնը: Նշենք, որ վերահսկողական ծառայություն ունի նաև կառավարությունը: Եվ այս երկու ծառայությունների նպատակն է հետևել նախարարություններում և պետական այլ գերատեսչություններում Սահմանադրության, օրենքների, նախագահի ու վարչապետի հրամանների ու կարգադրությունների կատարման ընթացքին: Բայց վերահսկողության առումով նախագահի վերահսկողական ծառայությունն ավելի ընդարձակ լիազորություններ ունի: «Գործադիր իշխանության հանրապետական մարմինների, գործադիր իշխանության հանրապետական մարմին չհանդիսացող այլ պետական մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց կողմից ՀՀ Սահմանադրության, օրենքների, ՀՀ նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարման վերահսկումը»,- նշված է 2008թ. Ս. Սարգսյանի ստորագրած «ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կանոնադրության» վերաբերյալ կարգադրության մեջ: Նույն կարգադրության համաձայն՝ նախագահի վերահսկողության ծառայությունն ունենում է նաև նախագահի հրամաններով ու կարգադրությամբ սահմանված բազմաթիվ այլ գործառույթներ ևս, որոնք կարող են անսահմանափակ լինել: Ընդ որում ժամանակին կարծիք կար, թե Ս. Սարգսյանն ավելի է մեծացրել իր վերահսկողական ծառայության լիազորությունները: Հ. Հովսեփյանը ցանկացած ժամանակ կարող է մտնել ցանկացած գերատեսչություն ու կատարել ստուգումներ: Եթե, իհարկե, Ս. Սարգսյանը նրան նման հրահանգ տա: Եվ ահա նման անսահման լիազորություններով ու գործադիր իշխանության վրա ունեցած մեծ լծակներով Հ. Հովսեփյանը կարծես թե յուրօրինակ մահակ է կառավարության գլխին: Ինչու չէ՝ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի գլխին: Եվ իր այս նշանակումով Ս. Սարգսյանը կարծես թե Կ. Կարապետյանին հասկացնում է, որ եթե դու ՊԵԿ շատ կարևոր պաշտոնին պնդում ես նշանակել քո կադրին, ահա ինձ համար ամենավստահելի մարդկանցից Հ. Հովսեփյանն էլ ձեր երկուսիդ գլխին կլինի վերահսկիչ ծառայություն: Եվ երբ անհրաժեշտություն տեսնի, այդ ծառայությանը կգործուղի ոչ միայն ՊԵԿ, այլ գործադիր իշխանության ցանկացած գերատեսչություն, որտեղ, վստահաբար կարելի է ասել, որ բազմաթիվ խախտումներ կհայտնաբերվեն: Հատկապես, որ տարիներ շարունակ մեր իրականության մեջ կարծիք է եղել, թե նախագահն իր վերահսկողական ծառայությունը ոչ միայն նպատակային, այլ երբեմն հատուկ է գործադրում ինչ-որ պաշտոնյայի պարզապես «իր տեղը ցույց տալու համար»: Դա բնորոշ էր հատկապես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որն իր նախագահության 10 տարիներին այդպես էլ իրեն ամբողջությամբ հավատարիմ վարչապետ չունեցավ: Իսկ ինչ վերաբերում է նախագահի վերահսկողական ծառայությանը, ապա նշենք, որ այն երբեմն ունեցել է նաև հակակոռուպցիոն գործառույթներ այնքանով, որքանով հայտնաբերած խախտումները կունենան այդպիսի բնույթ, և որքանով այդ կառույցի վրա նախագահականից նման նպատակ են դրել: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը թեև գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ է մասնագիտացված մարմին ունենալ, ինչը դեռ մեր երկրում չկա, բայց համաձայն է, որ որոշակի կիսատ-պռատ գործառույթներ իրականացնում են նաև նման վերահսկողական կառույցները: Նրա կարծիքով, սակայն, նման մարմիների աշխատանքը չի բացառում քաղաքական գործառույթների իրականացումը: «Ինչպես նշեցինք, կիրառվում է որպես քաղաքական մահակ: Երկրորդը, թեև մենք 25 տարի է՝ խորհրդային համակարգում չենք, բայց դրանք ОБХСС-ների նման կառույց են: Եվ վախենում եմ, նույն խորհրդային մեթոդները հիմա էլ գերիշխում են: Չեմ կարծում, որ նորմալ երկրներում ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն մարմինների փոխարեն նման կառույցներ լինեն: Եվ դրանք շատ հաճախ գործադրվել են քաղաքական նպատակներով: Եվ ոչ միայն քաղաքական, նաև ֆինանսական որոշակի հաշիվներ պարզելու համար»,- ասում է Վ. Հոկտանյանը: