Պառակտված Արևմուտքն ավելի սանձարձակ է դարձնելու Ռուսաստանին

Պառակտված Արևմուտքն ավելի սանձարձակ է դարձնելու Ռուսաստանին

Քիչ առաջ բավականին ուշագրավ հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը: Նա ասել է, թե Ռուսաստանի հարցում ԱՄՆ-ը և Եվրամիությունն ընդհանուր դիրքորոշում չունեն: Ուշագրավ է, որ Տուսկի այս հայտարարությունն անմիջապես հաջորդել է ԵՄ կառույցների ղեկավարների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Բրյուսելում այսօր կայացած հանդիպմանը: Տուսկը մանրամասներ չի հաղորդել, սակայն հաշվի առնելով վերջին ամիսների միտումները՝ ենթադրելի է, որ Մոսկվայի հարցում Բրյուսելն ավելի կարծր դիրքորոշում ունի, քան Սպիտակ տան նոր ղեկավարը: Մինչդեռ ամիսներ առաջ միանգամայն այլ պատկեր էր, երբ արևմտյան կոնսոլիդացիայի ոգեշնչողը հենց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էր: «Ռուսական» հարցը դարձել է ամերիկյան ներքաղաքական լարվածության օջախ, մյուս կողմից՝ անկանխատեսելի դարձնելով Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը: Շատ դժվար է կանխատեսել, թե երբ կդրվի այս անորոշության վերջակետը, մանավանդ, որ ԱՄՆ Կոնգրեսում արդեն հնչում են Թրամփի իմփիչմենթի եզակի պահանջներ: Քանի Վաշինգտոնում անորոշություն է, արևմտյան քաղաքակրթությունը պաշտպանելու, ռուսական մարտահրավերները չեզոքացնելու հիմնական առաքելությունն ընկնելու է Մերկել-Մակրոն տանդեմի վրա: Սա շատ լավ հասկանում են նաև Կրեմլում: Պատահական չէ, որ մայիսի 29-ին Փարիզ է ժամանելու Վլադիմիր Պուտինը: Հավանաբար, Ռուսաստանի նախագահը փորձելու է «առաջին ձեռքից» պարզել ֆրանսա-գերմանական դաշինքի ամրության պաշարը և այն ճեղքելու ռուսական հնարավորությունները: Հայաստանն, իհարկե, գլոբալ քաղաքականության սուբյեկտ չէ, նույնիսկ դրա օբյեկտ չէ՝ որպես առանձին միավոր: Սակայն մեզ համար կենսական են Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները՝ առնվազն մեր երկրի արտաքին քաղաքականության հնարավորությունները գնահատելու և ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում: Եվրամիության ռեսուրսները բավարար չեն ռուսական մարտահրավերներին դիմագրավելու համար, և եթե ԱՄՆ-ը որոշի «փակվել», դա Ռուսաստանին ավելի սանձարձակ կդարձնի, հատկապես այն տարածաշրջաններում, որոնք Մոսկվան հռչակել է իր կենսական ազդեցության գոտիներ: Հայաստանն իր անորակ դիվանագիտության հետևանքով չի կարողանում օգտագործել երկկողմ հարաբերությունների պոտենցիալը: Մեզ մնում է հուսալ, որ ամերիկյան իսթեբլիշմենթը կարող է հնարավորինս արագ հղկել Թրամփի արտաքին քաղաքականության ռուսական «զիգզագները»: