Կենդանի լեգենդի հետնորդը. ինչպես Մխիթարյանը գերազանցեց Ռոնալդուին, Վան Նիստելռոյին և Ռունիին

Կենդանի լեգենդի հետնորդը. ինչպես Մխիթարյանը գերազանցեց Ռոնալդուին, Վան Նիստելռոյին և Ռունիին

Ստոկհոլմում տեղի ունեցած Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակիչը դարձավ հայկական ֆուտբոլի լուսավոր էջերից մեկը: Բոլորը խոսում են Մխիթարյանի փառահեղ ելույթի մասին: Արդեն մի քանի տարի գեղագիտական հաճույք ենք ստանում՝ հետևելով Դոնեցկի «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի» և վերջապես «Յունայթեդի» կազմում հայ աստղի ելույթներին: Հեղինակավոր այս ակումբներում Մխիթարյանին հաջողվեց դառնալ առաջատար, և վստահ ենք՝ Եվրոպա լիգայի գավաթը նրա կարիերայի գագաթնակետը չէ: Անգլիայի Պրեմիեր լիգայում «Սանդերլենդի» դարպասը «կարիճ» տեսակի հարվածով խփած գնդակը «Յունայթեդի» լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այսպես էր մեկնաբանել. «Մխիթարյանը կրնկի արքան է, ես՝ Աստվածը»: Զլատանի արձագանքը վկայում է, որ «Յունայթեդի» վետերանը սրտանց ուրախ է Մխիթարյանի հաջողության համար: Կարող է այս դիտարկումը ոչ միանշանակ արձագանք ստանալ, սակայն կարծում ենք՝ Մխիթարյանի խաղային որակների զարգացման հարցում նշանակալի ազդեցություն է ունեցել և կունենա Իբրահիմովիչը: Նկատենք, որ «Յունայթեդում» Մխիթարյանի խփած 11 գոլերից 7-8-ը տպավորիչ էին և մեծ ոգևորություն առաջացրին ֆուտբոլասերների շրջանում: Զլատանը այն բացառիկ ֆուտբոլիստների շարքում է, որոնց խփած գոլերի զգալի մասը կարելի է գլուխգործոց համար: Նկատենք նաև, որ Մխիթարյանի և Իբրահիմովիչի հեղինակած գոլերում կա ընդհանուր մի գիծ: «Այաքսի» դարպասը մեր ֆուտբոլիստը գրավեց կենտրոնական հարձակվողի դիրքից՝ Իբրահիմովիչի ոճով: Ուշագրավ մի դրվագ, որը բեկումնային եղավ թե՛ Մխիթարյանի և թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի» համար: Հիշենք. արդեն իսկ ավարտված մրցաշրջանում անկյունայինների և տուգանային հարվածների խաղարկման ժամանակ Մխիթարյանը հերթապահում էր տուգանային հրապարակից դուրս մրցակցի հակագրոհները կանխելու նպատակով: «Այաքսի» դեմ Մխիթարյանն անկաշկանդ տեղաշարժվեց հարձակման կրակագիծ՝ խփելով իր կարիերայի լավագույն գնդակներից մեկը: Խաղից հետո «Յունայթեդի» հենակետային կիսապաշտպան Անդեր Էրերան հայտարարել է, որ երկրորդ գոլից առաջ՝ անկյունային խաղարկման ժամանակ, Մխիթարյանին հորդորել է առաջ գնալ՝ վստահեցնելով, որ ինքը, ֆուտբոլային լեզվով ասած, «կպահի» թիկունքը և թույլ չի տա մրցակցին հակագրոհել: Սա նշանակում է, որ «Յունայթեդի» ֆուտբոլիստները Մխիթարյանին տեսնում են առաջատարի, մասնավորապես՝ Իբրահիմովիչի հետնորդի դերում: Խփելով 6 գնդակ և դառնալով «Այաքսի» դեմ հանդիպման գլխավոր հերոսը՝ Մխիթարյանը հավակնում է դառնալ Եվրոպա լիգայի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ: Ի դեպ, «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուին, Ռուդ վան Նիստելռոյին, Դվայթ Յորքին, Ուեյն Ռունիին, Զլատան Իբրահիմովիչին չէր հաջողվել Եվրոպա լիգայի խաղարկությունում մեկ մրցաշրջանում 6 գոլ խփել: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, տապալելով Անգլիայի Պրեմիեր լիգան, ըստ էության փրկվեց և նոր տիտղոսի արժանացավ Եվրոպա լիգայի խաղարկության և մասնավորապես Մխիթարյանի շնորհիվ: Չենք կասկածում որ գալիք մրցաշրջանում Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» և Մոուրինյոյի համար կդառնա էլ ավելի կարևոր ֆիգուր: «Անչափ ուրախ և ոգևորված եմ ոչ միայն հաղթանակի, այլև խփածս գոլի համար: Դա ինձ և իմ երկրի համար շատ բան է նշանակում: Աննկարագրելի զգացողություններ ունեմ: Անկեղծ ասեմ, ես պարզապես հարվածեցի, գնդակը չէի տեսնում, լսեցի երկրպագուների ձայներն ու հասկացա, որ այդպիսի գոլ եմ խփել: Մեզ համար այն շատ կարևոր էր: Այո, սա իմ երկրորդ այսպիսի գոլն էր ընթացիկ մրցաշրջանում, բայց «Այաքսի» դարպասը խփած գնդակն ավելի կարևոր էր»,- խաղից հետո հայտարարել է Մխիթարյանը: