Սեյրան Օհանյանը ընդդիմադիր չէ, նրան իշխանությունն է գործուղել. Վոլոդյա Ավետիսյան

Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։ Նա շտապել է կառավարության շենքի մոտ, հայտարարել է, որ շարունակելու է պայքարը, անժամկետ նստացույց է սկսել ի պաշտպանություն դատապարտյալների իրավունքների։ Նա նշեց, որ այն դատապարտյալներին, ովքեր պետք է վաղակետ դուրս գան, չեն թողնում։  «Շատ դատապարտյալներ հիմա նստած են, ինչո՞ւ չեն բաց թողնում, թող գան բացատրեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանը և հավելեց. «Նստացույցի պահանջների մեջ ամեն ինչ ներառվում է՝ Հայաստանի փրկությունը. ազատամարտիկների համար պայքարում ենք, դատապարտյալների համար պայքարում ենք, բանակում զոհված էրեխեքի համար պայքարում ենք... մի ոլորտ կա՞, որ խնդիր չլինի: Այսօրվա իշխանությունները մեր պետությունը քանդել են, Հայաստանը դատարկել են: Էս իշխանություններից պետք է ազատվենք, պետք է պայքարենք, ամբողջ ազգը պետք է ոտքի կանգնի»: Լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե քաղաքական որ ուժերից սպասելիքներ ունի, Ավետիսյանը նշեց, որ քաղաքական գործիչներից համակրում է Զարուհի Փոստանջյանին և Նիկոլ Փաշինյանին, նրանց համարում է իսկական ընդդիմադիր, իսկ թե ինչ կլինի հետո, նշում է՝ ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է այս ընթացքում ընդդիմության շարքերը մտած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, Վոլոդյա Ավետիսյանն ասաց. «Սեյրան Օհանյանը ընդդիմադիր չէ, նրան իշխանությունն է գործուղել…»: Մանրամասները՝ տեսանյութում: