Հայաստանում «աղբի տեսուչներ» կլինեն. վարչապետի նոր հանձնարարականը

Մայիսի 27-ին կայանալու է համապետական շաբաթօրյակ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի վերաբերյալ Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկներ համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների համար: Վարչապետը նշեց, որ ակնկալում են գործադիր մարմինների ակտիվ մասնակցությունն ու լիարժեք աջակցությունը. «Այս ծրագրին մենք խիստ հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ»: Տարածքային կառավարման և զարգացման ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին Կ.Կարապետյանը հանձնարարեց ազդակիր համայնքներին պետական աջակցության օժանդակության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: Ըստ վարչապետի` տեսուչների վարձատրումն ու աղբահանության ֆինանսավորումը կիրականացվի տուգանքների հաշվին: «Մենք այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիների բերենք համապատասխան ցիվիլ դաշտ»,- ասաց Կ.Կարապետյանը: