Պուտինի սառեցված հակամարտությունները. հայերը, աբխազները շատ մեծ գին են վճարում. Aftenposten

Պուտինի սառեցված հակամարտությունները. հայերը, աբխազները շատ մեծ գին են վճարում. Aftenposten

Aftenposten նորվեգական պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Եվրոպայի տարածքում սառեցված հակամարտությունների վերաբերյալ: Հոդվածը կրում է «Սառեցված հակամարտություններ. մի ժամանակ նրանք ապրում էին դրախտում: Այժմ Պուտինը սեղմում է օղակը» խորագիրը: Սիրիայում և Ուկրաինայում պատերազմների ստվերում Պուտինը սեղմում է օղակը Եվրոպայի տարածքում մոռացված սառեված հակամարտություններում: Վերջին ամիսներին մի շարք իրադարձություններ խոսում են այն մասին, որ Ռուսաստանը դանդաղ, բայց հստակ հաղթում է Եվրոպայի մի քանի սառեցված հակամարտություններում՝ գրում է հոդվածագիրը: • Լավրովը Աբխազիա բերեց 9 միլիարդ դոլար • մարտի 31-ին Հարավային Օսիայի զինված ուժերը պաշտոնապես մտան ռուսական զինված ուժերի կազմի մեջ • մայիսի 2-ին Պուտինը Թրամփի և Մերկելի հետ բանակցությունների ֆոնին նախընտրեց հանդիպել Հարավային Օսիայի նախագահի հետ, որպեսզի քննարկի ավելի սերտ ինտեգրումը • Մոլդովայում իշխանության են եկան ռուսամետ ուժեր • Հայաստանում արցախյան հակամարտությունը երկիրը կախվածության մեջ է դրել Ռուսաստանից: Այժմ ռուսները ցանկանում են ընդլայնել Հայաստանում ռուսական ռազբամաբազան՝ կնքելով ռազմական սերտ համագործակցության մասին նոր համաձայնագիր • մայիսին Ռուսաստանը սպառնաց չմասնակցել Կովկասի հարցով ժնևյան բանակցություններին: Վերջին հարցման համաձայն՝ Վրաստանի բնակչության 63 տոկոսը Ռուսաստանը համարում է ամենամեծ սպառնալիքը: Ինչո՞ւ է դա կարևոր ԵԱՀԿ-ի վերջին զեկույցը նախազգուշացնում է, որ սառեցված հակամարտությունները կարող են նոր ուժով բռնկվել: «Այժմ ես ոչ մի լուծում չեմ տեսնում: Ռուսաստանը զգալիորեն ուժեղացնում է իր ներկայությունը: Բայց եթե ապագայում ամրապնդենք անվտանգությունը Եվրոպայում, այդ հակամարտությունները պետք է լուծում գտնեն»,- Aftenposten-ի հետ զրույցում նշել է Աշխարհում խնդիրների հետազոտությամբ զբաղվող գերմանական ինստիտուտի դոկտոր Հանս-Յոահիմ Շմիդտը: Հոդվածագիրը նշում է, որ Եվրոպայի տարածքում ծագած բոլոր հակամարտությունները «անջատողական հակամարտություններ են»՝ կապված ԽՍՀՄ-ի փլուզման հետ: Հակամարտող կողմերը հավատացած են, որ մոտ ապագայում խնդիրները լուծում չեն գտնի: Միևնույն ժամանակ հակամարտությունները պատմականորեն խիստ տարբեր են միմյանցից, ինչը տարբեր լուծումներ է պահանջում՝ գրում է հոդվածագիրը: Չնայած Ռուսաստանը սեղմում է օղակը այսպես կոչված ապստամբ պետություններում, այդ հանրապետությունների քաղաքացիների առօրյան վատ գովազդ է Պուտինի համար: Հայերը, աբխազները, օսերը, Մերձդնեստրի բնակիչները շատ բարձր գին են վճարում ցածր կենսամակարդակի, կոռուպցիայի, մաֆիա հիշեցնող ռեժիմների տեսքով՝ ասվում է հոդվածում: Անդրադառնալով արցախյան հակամարտությանը՝ հոդվածագիրը գրում է, որ Լեռնային Ղարաբաղը 1923թ. Ստալինը շնորհել է Ադրբեջանին: 1989թ. ԼՂ-ում բնակիչների մեծ մասը հայեր են եղել (76.4%): ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ԼՂ-ի հայերը հանդես եկան Հայաստանին միանալու պահանջով, ինչին դեմ էր Ադրբեջանը, արդյունքում արյունհեղ պատերազմ ծագեց, ինչի հետևանքով 25-30 հազար մարդ զոհվեց, միլիոնավոր մարդիկ փախստական դարձան: ԵԱՀԿ-ի տվյալներով՝ ամեն տարի ավելի քան 50 մարդ է զոհվում դիպուկահարի կրակոցից: 2016թ. ապրիլին ԼՂ-ում մարտերը վերսկվեցին, ինչի հետևանքով հակամարտող երկու կողմն էլ մեծ կորուստներ կրեց՝ գրում է հոդվածագիրը: