ԱԺ-ից որոշ մարդիկ հեռացան, ովքեր չպետք է լինեին, իսկ մնացածներն էլ գլուխները կախ պետք է նստեն

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նոր կառավարությունից մեծ ակնկալիքներ ունի: Նրա խոսքով՝ կառավարությունը կատարում է արմատական փոփոխություններ, տրվում են արագ, հրատապ լուծումներ, և առաջին լավ արդյունքները տեսանելի կլինեն այս տարվա աշնանը: ՀԳՄ նախագահ Գագիկ Մակարյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում գնահատելով Սերժ Սարգսյանի ելույթը ԱԺ անդրանիկ նիստում, որտեղ նա մասնավորապես հայտարարեց, որ 2040 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 15 հազար դոլարի, և այդ ժամանակ արտահանումը կկազմի ՀՆԱ-ի 50-55 տոկոսը, և անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ են իրատեսական նման կանխատեսումները, նշեց. «Մենք ունենք մինչև 50 տոկոս ստվեր, այսինքն՝ եթե մենք հիմա ասում ենք 10,5 մլրդ ՀՆԱ, պետք է ասեինք՝ 15 մլրդ, 15 միլիարդի դեպքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն միանգամից կդառնա 3,5 հազարից կդառնա 5 հազար, այսինքն՝ այսօր ոչինչ չանելով, միայն ստվերի դեմ պայքարելով՝ մենք արդեն մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 5 հազար դարձնելու տեղ ունենք, բայց նաև եթե հաշվի առնենք, որ արմատական փոփոխություններ են կատարվում, ապա կարող ենք ասել, որ տնտեսությունը կարող է շատ արագ, մուլտիպլիկատիվ  զարգանալ»: Գագիկ Մակարյանը հավելեց, որ Ս. Սարգսյանի ելույթը համարում է շատ խոր և ճշգրիտ կետերով գրված: «Խորհրդարանը իր գործունեությամբ կկարողանա արձագանքել այդ խնդիրների կատարմանը, քանի որ խորհրդարանից որոշ մարդիկ հեռացան, ովքեր այնտեղ չպետք է լինեին, որոշ մարդիկ էլ, որ մնացել են, կարծում եմ՝ հասկացել են, որ գլուխները կախ պետք է նստեն, և պետք չէ ակնկալել, որ նրանք անպայման հարցեր պետք է տան կամ ելույթներ ունենան, որովհետև դրանով տպավորությունն ավելի կփչացնեն»,- նշեց Մակարյանը՝ հավելելով, որ ներկայիս խորհրդարանը կկարողանա ավելի արդյունավետ աշխատել: Նրա խոսքով՝ կառավարությունը կարող է լինել գաղափարների ու առաջարկների գեներատորի դերում, առաջարկներ կլինեն նաև կուսակցությունների կողմից: Մակարյանի դիտարկմամբ՝ պետք է միավորվել գաղափարների շուրջ՝ մի կողմ թողնելով ընդդիմադիր, դիմադիր կեցվածքները: Գ. Մակարյանի կանխատեսմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը երկարաժամկետ վարչապետ կլինի, պաշտոնավարումը կշարունակի նաև 2018-ից հետո և կկարողանա արդյունավետ աշխատել:  Մանրամասները՝ տեսանյութում: