Ֆուտբոլային գաճաճները սպասում են Հայաստանին. ինչպե՞ս դուրս գալ անդունդից

Ֆուտբոլային գաճաճները սպասում են Հայաստանին. ինչպե՞ս դուրս գալ անդունդից

Մոտ մեկ ամսից կմեկնարկի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2017/2018թթ. Խաղարկությունը ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների 78 թիմերի համար: Չնայած վերջին տարիներին հայկական թիմերին եվրագավաթների խաղարկություններում պարբերաբար հաջողվում է հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը, այդուհանդերձ՝ վարկանիշային աղյուսակում Հայաստանը շարունակում է մնալ անդունդում: Մասնավորապես, Հայաստանը 10 ամենաթույլ երկրների շարքում է, որոնց չեմպիոնները մասնակցելու են Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլին: Ի դեպ, որակավորման առաջին փուլին մասնակցող 9 թիմերն արդեն հայտնի են: Իռլանդիան կներկայացնի «Լինֆիլդը», Ուելսը՝ «Նյու Սեյնթսը», Ֆարերները՝ «Վիկինգուրը», Մալթան՝ «Հայբերնյնանսը», Անդորրան՝ «Սանտա-Կոլոման», Սան Մարինոն՝ «Լա Ֆիորիտան», Էստոնիան՝ «Տալլինը», Ջիբրալթարը՝ «Եվրոպան», և Կոսովոն՝ «Տրոպչան»: Այս պահին հայտնի չէ միայն, թե որ թիմն է ներկայացնելու Հայաստանը: Բարձրագույն խմբի առաջնության ավարտին դեռևս երկու տուր կա: 28 հանդիպումներից հետո առաջատարը գործող չեմպիոն «Ալաշկերտն» է՝ 58 միավորով: Երկրորդ հորիզոնականում գտնվող «Գանձասար-Կապանն» ունի 53, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Շիրակը»՝ 52 միավոր: Մայիսի 28-ին կայանալիք 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալաշկերտը» Երևանի «Նաիրի» մարզադաշտում մրցելու է «Շիրակի» հետ և հաղթանակի դեպքում առաջնության ավարտից մեկ տուր առաջ կպահպանի չեմպիոնի կոչումը: Չհաղթելու դեպքում «Ալաշկերտը» չեմպիոնության հարցը, ըստ ամենայնի, կլուծի՝ վերջին տուրում մրցելով առաջնության ետնապահ Երևանի «Արարատի» հետ: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2016/2017թթ. մրցաշրջանի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղալով «Սանտա-Կոլոմայի» հետ՝ պատասխան խաղում Երևանում առավելության հասավ 3:0 հաշվով և դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ: Այստեղ մեր չեմպիոնը երկու հանդիպումների արդյունքում 3:1 հաշվով զիջելով Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոյին»՝ դուրս մնաց հետագա պայքարից: Հարևան երկրներից Վրաստանի և Ադրբեջանի չեմպիոնները պայքարը սկսում են Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլից: Այս տարի Չեմպիոնների լիգայում Վրաստանը ներկայացնելու է «Սամտրեդիան», իսկ Ադրբեջանը՝ «Ղարաբաղը»: Ի դեպ, այս թիմերը որակավորման երկրորդ փուլում պոտենցիալ մրցակիցներ են, քանզի Ադրբեջանի վարկանիշը զգալի բարձր է Վրաստանի վարկանիշից, և այս վերոնշյալ թիմերը հակադարձ զամբյուղներում են: Ինչևէ, որքան էլ ցավալի է, Եվրոպայում ամենացածր վարկանիշ ունեցող երկրների զամբյուղում գտնվելը՝ այդուհանդերձ, պետք է ընդունենք, որ հայկական թիմերն իսկապես ամենաթույլերից են Եվրոպայում, և զարգացման որևէ հեռանկար այս պահին չի նշմարվում: Վերջին 5 տարիներին մի քանի անգամ հայկական թիմերը զիջել են եվրոպական գաճաճ պետությունների կիսապրոֆեսիոնալ թիմերին: 2012 թվականին Եվրոպա լիգայի շրջանակներում «Գանձասարը» մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով պարտվել էր Ֆարերյան կղզիների «Ստրեմյուր» թիմին: 2013 թվականին էլ Հայաստանի չեմպիոն «Շիրակը» Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորան առաջին փուլում հյուրընկալվելիս 1:0 հաշվով զիջել էր Սան Մարինոյի «Տրե Պենեին», որտեղ խաղում էին տարբեր մասնագիտությունների տեր մի շարք մարդիկ: Անցյալ տարի էլ «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղալով Անդորրայի հետ՝ կրկին անգամ ապացուցեց, որ վերջին 5 տարիների մեր ակումբային ֆուտբոլը որևէ առաջընթաց չի արձանագրել: Ավելին՝ կադրային խնդիրն այն աստիճան լուրջ է, որ մեր թիմերի զգալի մասում մեծ թիվ են կազմում ցածրակարգ լեգեոներները, ովքեր 1000-2000 դոլարի համար Հայաստան են գալիս՝ «խոպանի»: Չեմպիոնների լիգայի 2017/2018թթ. Խաղարկության որակավորման առաջին և երկրորդ փուլերի վիճակահանությունը կկայանա հունիսի 19-ին: Որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հունիսի 27-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 3-ին: