Արծվիկ Մինասյանը՝ վարչապետ-ՀՅԴ հարաբերությունների մասին

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի հարցին`արդյո՞ք վարչապետի վերաբերմունքը տարբեր է հանրապետական նախարարների ու դաշնակցական նախարարների նկատմամբ, նշեց. «Պատկերացրեք` ոչ: Թե՛ վարչապետը, թե՛ նախարարները քաղաքական անձինք են: Նրանք ստանում են քաղաքական այն ուժի վստահությունը, որը ներկայացնում են, և բնականաբար խորհրդարանի և երկրի նախագահի հավանությունը: Այդ տեսակետից մեր բոլորի գործը նույնն է՝ իրականացնել ծրագրերը, որոնք միասին հռչակել ենք: Կան, իհարկե, և պետք է լինեն տարբեր մոտեցումների և տեսակետների բախումներ, և շատ կարևոր է, որպեսզի այդ բախման արդյունքում ծնվի գործողությունների ավելի արդյունավետ ճանապարհ»: Անդրադառնալով դիտարկմանը, որ նիստերի ժամանակ տեղի ունեցող բանավեճեր են տեղի ունեցել վարչապետի և իրենց միջև, Մինասյանը նշեց, բանավեճը չի նշանակում, որ հակասություններ կան. «Կան տեսակետներ և այդ տեսակետների հնչեցման կամք և հնարավորություն: Այլ հարց է, թե այդ տեսակետների բախումների ընթացքում ինչ որոշումներ են կայացվում, իսկ արդեն իսկ կայացրած որոշումները պետք է կատարվեն: Ըստ Մինասյանի` շատ վատ կլինի եթե տեսակետների բախում չլինի: «Վստահ եմ, որ վարչապետը` որպես կառավարության ղեկավար, նախարարների գործունեությունը համակարգող, պետք է ձևավորի այդ բանավեճի միջավայրը, և նախարարները պետք է մասնակցեն այդ քննարկումներին, որպեսզի ճիշտ լուծումներ ունենան»,- ընդգծեց Մինասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: