ԵՄ-ն Հայաստանը համարում է «հիվանդ հաճախորդ», որին հարկավոր է բուժել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու Արամ Թերզյանը: - Պարոն Թերզյան, ս.թ. փետրվարին Երևանը և Բրյուսելը նախաստորագրեցին նոր՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Ի՞նչ կասեք այս փաստաթղթի բովանդակության մասին: Այն ի՞նչ հնարավորություններ է տալիս Եվրամիության հետ հատկապես տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար: - 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին, Եվրամիության հետ հարաբերությունները կարծես փակուղի մտան: Հայաստանը 3 տարի բանակցում էր ԵՄ-ի Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ, և հանկարծ որոշում է կայացվում մտնել մեկ այլ միություն՝ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ անհամատեղելի պարտավորություններով: Բնականաբար, ԵՄ-ի կողմից խիստ բացասաբար ընդունվեց Հայաստանի անսպասելի որոշումը, նույնիսկ որոշ պաշտոնյաներ Հայաստանը որակեցին որպես անկանխատեսելի և անկայուն երկիր: Սակայն այդ սկզբնական հիասթափությունից հետո սկսեցին գործնական քայլեր ձեռնարկել հարաբերությունների նոր հարթակ և նոր իրավապայմանագրային դաշտ ձևավորելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ այն արժեքները, սկզբունքները, նպատակները, որոնք դրված էին Ասոցացման համաձայնագրի հիմքում, արդեն չեն կարող իրականություն դառնալ, մասնավորապես՝ դեպի ԵՄ շուկա Հայաստանի ազատ մուտք, վիզային ռեժիմի վերացում, նաև Հայաստանի տնտեսական, քաղաքական, իրավական դաշտի եվրոպականացում՝ կապված ներդրումների հետ: Առհասարակ պետք է նշել, որ հետևելով ԵՄ պաշտոնյաների հայտարարություններին՝ գալիս ենք այն համոզման, որ ԵՄ-ն խիստ սահմանափակ է համարում տնտեսական գործիքների միջոցով Հայաստանի վրա ներազդելու հնարավորությունը, մինչդեռ դա ավանդաբար եղել է ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր գործիքը, այսինքն՝ տնտեսական որոշակի խթանների միջոցով նպաստել որևէ երկրում   քաղաքական, տնտեսական, իրավական, սոցիալական բարեփոխումների իրականացմանը: Ակնհայտ է, որ տնտեսական գործիքները չեն կարող աշխատել, թեկուզ հենց այն պատճառով, որ Հայաստանը Եվրասիական միության պայմանագրով պարտավորվում է ԵԱՏՄ անդամ երկրների հետ ստեղծել միասնական առևտրային ռեժիմ և համակարգված տնտեսական քաղաքականություն իրականացնել: Եվ արդեն ՀՀ-ի մուտքը ԵՄ շուկա պետք է լինի ոչ արտոնյալ: ՀՀ-ն չի օգտվելու այն արտոնություններից, որոնք հասանելի են նույն Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի համար, որոնք ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը: Այս առումով հարց է առաջանում, թե ի՞նչ կարող ենք ակնկալել նոր համաձայնագրից: Այնտեղ նորից նշվում է, թե կողմերը հավատարիմ են ընդհանուր արժեքներին, փոխգործակցության շարունակական ընդլայնմանը և խորացմանը: Սակայն նորություն չի լինի, եթե ասենք, որ սրանք ավելի շատ հռչակագրային դրույթներ են, քան նյութականանալու ներուժ ունեցող պարտավորություններ: Այն հանգամանքը, թե որքանով ԵՄ-ն կկարողանա ազդել Հայաստանի վրա (ես խոսում եմ քաղաքական բաղադրիչի մասին՝ ժողովրդավարության հետագա ամրապնդման, քաղաքացիական հասարակության զարգացման, դատաիրավական համակարգի հետագա կատարելագործման ուղղությամբ), մեծապես կախված է Հայաստանի քաղաքական էլիտայի քաղաքական կամքից, թե առանց տնտեսական խթանների որքանո՞վ նրանք կընկալեն ԵՄ ժողովրդավարական ազդակները և դրանք կնյութականացնեն երկրի քաղաքական պրակտիկայում: Բնականաբար, շատ հետազոտողներ խիստ թերահավատորեն են վերաբերվում այս խնդրին՝ նշելով, որ ՀՀ-ն, ըստ երևույթին, այլևս էական շարժառիթներ չունի, ՀՀ-ի համար սովորական է դարձել ռուսական վարկերին ապավինելու ճանապարհով երկրի որոշակի սոցիալ-տնտեսական բացերը լրացնելը, և դա դիտվում է որպես ավելի գործնական աջակցություն, քան ԵՄ-ի առաջարկած փաթեթային, փուլային ծրագրերը, որոնք ենթադրում են մեծ ջանքեր, երկարաժամկետ բարեփոխումներ: Բնականաբար, սա ենթադրում է նաև քաղաքական դաշտի որոշակի փոփոխություն: Կարծում եմ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն թևակոխել են հարաբերությունների նոր, ես կասեի՝ պրագմատիկ փուլ, երբ կողմերից յուրաքանչյուրն ունի խիստ սահմանափակ ակնկալիքներ: Ինչպե՞ս կդասավորվեն հետագա փոխհարաբերությունները: Այս հարցի պատասխանը կարող ենք երկու մասի բաժանել: Մի կողմից, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, սահմանափակումները և խոչընդոտները՝ ԵՄ-ն կկարողանա՞ արդյոք գտնել ՀՀ-ի հետ գործակցության զարգացման այնպիսի ռազմավարություն, որը հնարավորություն կտա շահագրգռել Հայաստանի տնտեսական և քաղաքական վերնախավին և մղել հետագա եվրոպականացման: Մյուս կողմից՝ Հայաստանի քաղաքական էլիտան հանուն պետության իմիջի, կայուն զարգացման՝ որքանո՞վ կընթանա եվրոպականացման ուղիով, թեկուզ քաղաքական բաղադրիչի առումով: Կարծում եմ՝ զարգացումների հետագա ընթացքը ցույց կտա, թե որքանով կողմերը հավատարիմ կմնան այս սկզբունքներին, ինչն էլ կկանխորոշի զարգացումների հետագա բովանդակությունը: - Նոր համաձայնագիրը ԵՄ-ի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություն տալի՞ս է՝ համեմատած Ասոցացման ու Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի հետ: - Այստեղ համեմատելու բան չկա: Իհարկե, ԵՄ-ն այսօր Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է, եթե դիտում ենք ԵՄ-ն որպես 28 անդամ երկրների միություն: Եվ ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունները, բնականաբար, կանգ չեն առնելու Եվրասիական միության պարտավորությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո, սակայն ակնհայտ է, որ երբ խոսում ենք ավելի հեռահար և լուրջ նպատակների իրականացման մասին, սա կախված է ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների հետագա ընթացքից և այն հարցից, թե կողմերն ի վերջո ինչ իրավապայմանագրային հարաբերություններ կհաստատեն միմյանց հետ, ինչը նաև կկանխորոշի ԵՄ-ՀՀ տնտեսական հարաբերությունները, քանի որ ստեղծված իրավապայմանագրային դաշտը ՀՀ-ին տալիս է ոչ արտոնյալ մուտք ԵՄ շուկա: - Որոշ փորձագետներ կանխատեսում էին, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել մայիսին: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ: Երկրորդ՝ այս օրերին ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը գտնվում է Բրյուսելում, որտեղ մասնակցում է ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի հերթական նիստին: Ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից: - Կարծում եմ, որ Հայաստանի նոր խորհրդարանի, կառավարության ամբողջական կազմի ձևավորումը ևս պետք է դիտել որպես այդ պայմանագրի ստորագրման բաղադրիչներից մեկը՝ ընթացակարգային առումով: Չեմ կարծում, թե ստորագրման հետաձգումը կամ վաղ ստորագրումը պետք է կապել խորքային ինչ-որ գործընթացների հետ: Կարևորն այն է, որ պայմանագիրն արդեն նախաստորագրվեց, կողմերը ցույց տվեցին գործակցության հետագա խորացման և ընդլայնման իրենց պատրաստակամությունը: Իսկ բուն ստորագրման գործընթացը և դրա հետ կապված որոշ նրբությունների, մանրամասների ճշգրտումը զուտ ժամանակի հարց է, և Էդվարդ Նալբանդյանի բրյուսելյան այցը հավանաբար ուղղված է հենց վերջնական շտկումների, պայմանավորվածությունների վերաբերյալ համաձայնությունների ձեռք բերմանը: - Այսինքն՝ կարծում եք, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կապված չէ՞ Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական վերջին գործընթացների հետ: - Բնականաբար, առաջընթացը ժողովրդավարության և մասնավորապես ընտրական գործընթացի կատարելագործման ուղղությամբ միշտ էլ ԵՄ-ի կողմից դիտվել է որպես իր հետ  հարաբերությունների զարգացման կարևոր նախապայման, սակայն չեմ կարծում, թե մասնավորապես 2017թ. խորհրդարանական ընտրությունները և դրանց վերաբերյալ եվրոպական դիտորդների տված գնահատականները կարող են ազդեցություն ունենալ համաձայնագրի ստորագրման վրա: Ինչ-որ առումով կարող ենք նշել, որ Եվրամիությունը դիտում է Հայաստանին որպես «հիվանդ հաճախորդ», որին անհրաժեշտ է բուժել, ապահովել անհրաժեշտ դեղամիջոցներով: 2008թ. նախագահական ընտրություններից հետո, որը նշանավորվեց նաև մարտի մեկի տխրահռչակ իրադարձություններով, Եվրամիությունը առաջ քաշեց Արևելյան գործընկերության ծրագիրը և Հայաստանը ներառեց այդ ծրագրում, չդիտեց այդ իրադարձությունները որպես փոխգործակցության զարգացման խոչընդոտ, ավելին՝ համարեց, որ Հայաստանը կարիք ունի նոր բարեփոխիչ ծրագրերի, որոնք կկարողանան «բուժել» նրանում արմատացած որոշակի հիվանդություններ: Իսկ այդ ընտրությունների առնչությամբ՝ չեմ կարծում, թե նախորդ ընտրությունների համեմատ ընտրախախտումներն այնքան են եղել, որ դա կարող էր խոչընդոտել հարաբերությունների զարգացմանը: Նույնիսկ միակ վառ արտահայտված ընդդիմադիր ուժ «Ելք» դաշինքը բացահայտ նշեց, թե ընտրությունների ժամանակ չեն եղել այնպիսի ընտրախախտումներ, որոնք կարող էին էապես անդրադառնալ արդյունքների վրա: