Արամոն, Սոնա Ռուբենյանն ու այլք՝ Շառլ Ազնավուրի տարեդարձին նվիրված երևանյան համերգին

Մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը դարձավ 93 տարեկան: Երգչի ծննդյան օրը նշվեց նաև Երևանում՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացօթյա համերգ կազմակերպվեց: Համերգի ընթացքում հնչեցին Ազնավուրի լավագույն ստեղծագործություններից: Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը` Շահնուր­Վաղինակ Ազնավուրյանը, համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,­գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Նրա ստեղծագործությունները կատարել են Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելին, Պլաչիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Մինչ օրս վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն` Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևների: 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, Ժնևի ՄԱԿ­-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը :