ՀՀ ԶՈՒ-ն պետք է անցնի հարձակման և վերադարձնի ապրիլին օկուպացված տարածքները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: - Պարոն Եվսեև, ի՞նչ եք կարծում՝ ռազմական վերջին բախումները արցախա-ադրբեջանական շփման գծում կարո՞ղ են բարձրացնել լարվածության աստիճանը, դրանք ինչպե՞ս կազդեն հակամարտության վրա: - Դրանք արդեն իսկ բարձրացրել են լարվածությունը: Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ադրբեջանական կողմը ձեռնարկել էր հետախուզական-դիվերսիոն հարձակման փորձ, ինչին հայկական կողմը, ըստ էության, պատրաստ էր: Հայկական կողմը լավ զինված էր գիշերային դիտարկման սարքերով, այդ պատճառով էլ բավական հաջող կերպով կասեցրեց դիվերսիոն խմբի գործողությունը, որը փորձում էր ականազերծել շփման գծի այն հատվածը, որը տանում է դեպի Արցախ: Այսօր մենք տեսնում ենք, որ հակամարտությունը թևակոխել է նոր շրջափուլ, երբ սկսում են ակտիվորեն գործարկվել անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), ընդ որում՝ հարվածները կարող են լինել շփման գծի խորքում: Այդ հարվածների նպատակը, մասնավորապես, հայկական կողմի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը շարքից հանելն է՝ որպես նախապատրաստական աշխատանք մարտական հետախույզ իրականացնելու համար: Այսօր խոսքը ոչ թե ինչ-որ հետախուզական խմբերի ճեղքման փորձի, այլ ավելի լայնածավալ հարձակման նախապատրաստության մասին է, որի համար անհրաժեշտ է նախ չեզոքացնել հայկական ՀՕՊ համակարգը: Սա ցույց է տալիս, որ հակամարտությունը նոր փուլ է թևակոխել: Հասկանալի է, որ հայկական կողմը ստիպված էր պատասխանել, բայց այսօր տեղի ունեցող իրադարձությունները վկայում են ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման մասին, այնպիսի գործողությունների, որոնք տեղի ունեցան նախորդ տարվա ապրիլին: Սա անհանգստացնում է ինձ՝ որպես ռազմական փորձագետի: Ես տեսնում եմ, որ միանգամայն հնարավոր է ապրիլյան պատերազմի մակարդակի ռազմական գործողությունների վերսկսում, բայց պատճառն այն չէ, թե ուժերի հավասարակշռություն չկա: Ուժերի հավասարակշռությունը հիմնականում վերականգնված է: Խոսքն այն մասին է, որ ադրբեջանական կողմը զգացել է, որ հակառակորդից մի բան պոկելու, կծելու այդ քաղաքականությունը օգուտներ է տալիս, կարելի է այն արդյունավետորեն ներկայացնել երկրի ներսում որպես հաղթանակ, գրավելով նույնիսկ փոքրիկ տարածք՝ կարելի է դա ներկայացնել սեփական ժողովրդին որպես նախագահ Իլհամ Ալիևի նշանավոր հաղթանակ և այդպիսով ամրապնդել իշխանությունը: Այսօր Ադրբեջանում լուրջ խնդիրներ կան՝ մասնավորապես նավթի ցածր գների պատճառով: Փակվում են շատ նախագծեր: Այս պայմաններում իրենց պետք է արտաքին թշնամի: Պարզ է, որ այդ թշնամին է Հայաստանը և ավելի կոնկրետ՝ Լեռնային Ղարաբաղը: Հետևաբար Ադրբեջանը գիտակցաբար սրելու է հակամարտությունը՝ փորձելով փոխարկել ներքին խնդիրները Լեռնային Ղարաբաղի գոտում արտաքին թշնամու դեմ պայքարի, բայց ինձ ավելի շատ անհանգստացնում է հակամարտության՝ նոր փուլի անցնելու հանգամանքը: Այս փուլը վկայում է մարտական հետախույզի կամ հետախուզական մարտի հնարավոր նախապատրաստման մասին: Ադրբեջանի կողմից դրան կարող են մասնակցել գումարտակի անձնակազմից ոչ պակաս թվով զինվորականներ: Սա արդեն շատ մոտ է այն մակարդակին, որ գրանցվեց նախորդ տարվա ապրիլին: - Հայկական զինուժի պատասխան գործողությունները մայիսի 16-17-ին, Ձեր կարծիքով, դրական արդյունք կտա՞ն՝ հակառակորդի ագրեսիվ գործողությունները զսպելու իմաստով: Երկրորդ՝ ինչո՞ւ ադրբեջանական կողմը որոշեց հարվածել հենց ՀՕՊ համակարգին: - Կարծում եմ, որ նրանք ռազմավարություն ունեն, և դրա նպատակը անվտանգության գոտին ազատագրելը չէ, ինչպես իրենք են ասում: Ադրբեջանի ռազմավարության նպատակն է վերականգնել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքի նկատմամբ՝ ներառյալ անվտանգության գոտին: Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը նախորդ տարվա ապրիլին պլանավորում էր հարձակում Ստեփանակերտի ուղղությամբ՝ Աղդամի կողմից, ուստի ադրբեջանական կողմի ցանկացած հայտարարություն, թե իրենց հետաքրքրում է միայն անվտանգության գոտին, չի համապատասխանում իրականությանը: Այո, հայկական կողմն իսկապես պատասխանում է և պատասխանում է բավական արդյունավետորեն: Այս իմաստով ինձ շատ է ուրախացնում հայկական կողմից հարվածային ԱԹՍ-ների հայտնվելը: Նախկինում դրա մասին չէին խոսում, կարծիք կար, թե Հայաստանը միայն հետախուզական ԱԹՍ-ներ ունի: Այսօր հայտնվել են նաև հարձակողական անօդաչուներ: Սա խոսում է ռազմական նոր հավասարակշռության մասին, երբ հայկական կողմը, ի պատասխան նմանատիպ գործողությունների, կարող է հարված հասցնել ադրբեջանական կողմին արդեն Ադրբեջանի տարածքի խորքում, այսինքն՝ հարվածել թիկունքին, կարևոր օբյեկտներին: Կարծում եմ, որ այդպիսի հարվածները բավական արդյունավետ են: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի ԱԹՍ-ների որևէ գործողություն անպատասխան չի մնա, Ադրբեջանը պատասխան է տալու ցանկացած գործողության համար: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը մշտապես թաքցնում է իր կորուստների իրական ծավալները: Այդպես եղավ նաև նախորդ տարվա ապրիլին, երբ Ադրբեջանը զգալիորեն նվազեցրեց իր կորուստների չափը: Այս տարվա փետրվարին ևս սպանվել էին մոտ 10 ադրբեջանցիներ, բայց դրա մասին չասվեց ժողովրդին: Այդպես կլինի նաև այսօր: Այս քաղաքականությունը խեղաթյուրում է իրական պատկերը՝ չհաշված տեղեկատվական պատերազմը: Հայաստանում իրավիճակը բոլորովին այլ է այս առումով: Տեղեկատվությունը բաց է, և եթե ինչ-որ մեկի որդին զոհվել է, բոլորն իմանում են դրա մասին: Փաստերի խեղաթյուրումը տպավորություն է ստեղծում Ադրբեջանի բնակչության շրջանում, որ կարելի է շարունակել աջակցությունը Բաքվի նման քաղաքականությանը, բայց գործնականում Հայաստանը կարող է պատասխանել այդ քաղաքականությանը, և ամենաարդյունավետ միջոցը, իմ կարծիքով, այն է, որ մարտավարական առումով հնարավոր է վերահսկողություն սահմանել ադրբեջանական որոշ հարակից տարածքների նկատմամբ: Սա հնարավոր է անել և հետո փոխանակել այն տարածքների հետ, որոնք փաստացի օկուպացվել են ապրիլյան պատերազմի ընթացքում: Միայն այդ տարածքների վերադարձը կարող է սահմանափակել Ադրբեջանի՝ «տարածքներ պոկելու» քաղաքականությունը, որը շատ վտանգավոր է: Եթե նրանք մի անգամ փորձեցին տարածքներ պոկել, ապա անընդհատ փորձելու են: Ըստ երևույթին, անհրաժեշտ է վերահսկողության տակ առնել Ադրբեջանի տարածքների մի մասը՝ այդ քաղաքականությանը վերջ տալու համար: Դա կարող է լինել ռազմական բախումների ընթացքում: Պարզ է, որ հայկական կողմը չի նախաձեռնելու այդ գործողությունը, բայց Ադրբեջանը պիտի հասկանա, որ հայկական զինված ուժերը ստիպված են լինելու անցնել հարձակման՝ ի պատասխան Ադրբեջանի հարձակողական գործողությունների: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը սկսի գիտակցել այս հանգամանքը, ապա կարծում եմ, որ դա կլինի զսպման ամենաարդյունավետ մեխանիզմը: Հակառակ դեպքում ես ակնկալում եմ ապրիլյան պատերազմի կրկնություն: - Այդ «պոկելու քաղաքականության» նպատակը հակառակորդին թուլացնե՞լն է, թե՞ դիվանագիտական կամ ներքաղաքական, ներիշխանական օգուտներ ստանալը: - «Պոկելու քաղաքականությունը» ուղղված է տարբեր ոլորտներում օգուտներ ստանալուն: Ակնհայտ է, որ դա չի կարող հանգեցնել մեծ տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանելուն: Առաջին հերթին, այն կարող է ակտիվորեն օգտագործվել երկրի ներսում, որպեսզի քարոզչություն իրականացվի, թե որքան հաջող է նախագահ Իլհամ Ալիևի՝ օկուպացված տարածքներ վերադարձնելու քաղաքականությունը: Երկրորդ՝ նմանատիպ քաղաքականությունը թույլ է տալիս ադրբեջանական բանակին մարտական փորձ ձեռք բերել, ինչը կարող է պետք գալ ավելի լայնածավալ հակամարտության դեպքում: Երրորդ՝ թույլ է տալիս մշակել իրենց ունեցած ժամանակակից զինատեսակները: Բացի այդ, Ադրբեջանը կոշտացրել է իր քաղաքականությունը հակամարտության կարգավորման հարցում: Ադրբեջանը կոշտացրեց իր դիրքորոշումը ապրիլյան պատերազմից հետո, երբ սկսեց հրաժարվել ցանկացած փոխզիջումից: Նմանատիպ օգուտներ ստանալուն ուղղված գործողությունները պահանջում են պատասխան գործողություններ: Առայժմ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է սրան պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Որպես ռազմական փորձագետ՝ ենթադրում եմ, որ ամենայն հավանականությամբ պատասխան ստիպված կլինեն տալ ոչ թե Մինսկի խմբի համանախագահները, այլ Ղարաբաղի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը, որովհետև միայն դա կարող է իրապես կանգնեցնել ագրեսորին: Որևէ բանակցություն չի կարող կանգնեցնել ագրեսորին, եթե նա վարում է «տարածքներ պոկելու քաղաքականություն» և կարծում է, որ այդ քաղաքականությունը օգուտներ է իրեն տալիս: Միայն ռազմական պատասխանը կարող է արդյունք տալ: Ռազմական պատասխանից և տարածքների փոխանակումից հետո հավանաբար կարելի է վերականգնել երկխոսությունը: Բայց ի՞նչ է դրա համար անհրաժեշտ: Առաջին՝ Ստեփանակերտը պիտի նստի բանակցային սեղանի շուրջ: Այս հարցը պետք է շատ կոշտ ձևով դրվի: Երկրորդ՝ հարկավոր է գործի դնել միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմները, որովհետև հիմա ինչ էլ լինի, Ադրբեջանը մեղադրում է հայերին, որ հայերը հարձակվել են, մենք պատասխանել ենք: Ադրբեջանի անհեթեթ բացատրությունները հասան նրան, որ նրանք հայտարարեցին, թե ապրիլյան պատերազմը հայերն են սկսել, իսկ իրենք պատասխանել են: Իսկ ինչո՞ւ չկան մեխանիզմները, որովհետև Մինսկի խմբի մակարդակով ընդունված որոշումները արգելափակվել են Ադրբեջանի կողմից: Սա ևս պետք է հստակ նշվի, որ հենց ադրբեջանական կողմը թույլ չի տալիս ներդնել միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, թեև հայկական կողմը փետրվարի 25-ին չխանգարեց ադրբեջանական կողմին վերցնել իր դիակները չեզոք գոտուց: Ուզում եմ հիշեցնել, թե ինչ է եղել դրանից առաջ, երբ ադրբեջանական կողմը խփեց ԼՂՀ-ի ուղղաթիռը: Այն ժամանակ հայկական կողմը ստիպված էր մարտական լուրջ գործողություն իրականացնել, որպեսզի կարողանա դուրս բերել զոհված զինծառայողների աճյունները: Ահա թե ինչքան ոչ ադեկվատ են ադրբեջանցիները: Այս պայմաններում հնարավոր չէ նրանց հետ խոսել: Նրանք հասկանում են միայն ուժի լեզուն: Բայց պետք է կոնկրետ պայմաններ առաջադրել նրանց՝ Ստեփանակերտը պիտի մասնակցի բանակցություններին, պիտի գործադրվեն հետաքննության մեխանիզմները, և միայն դրանից հետո կարելի է խոսել ինչ-որ բանակցությունների մասին: Եթե ես լինեի բանակցող, ընդհանրապես չէի բանակցի ադրբեջանական կողմի հետ, որովհետև դա անիմաստ է: - Հայկական կողմը հասե՞լ է առաջընթացի Ադրբեջանի այդ քաղաքականությունը չեզոքացնելու գործում, եթե հաշվի առնենք փետրվարի 25-ի և վերջին պատժիչ գործողությունը հայկական զինված ուժերի կողմից: - Ես տեսնում եմ միայն ռազմական պատասխան, բայց, ցավոք, ես չեմ տեսնում պատասխան քաղաքական դաշտում: Չեմ տեսնում հայտարարություն այն մասին, որ Ստեփանակերտը պիտի մասնակցի բանակցություններին, որովհետև Բաքվի ու Երևանի բանակցությունները բավարար չեն: Այնուհետև պիտի հարց բարձրացվի, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների որոշումը՝ շփման գծի դիտորդների թիվը ավելացնելու մասին: Իրականում հակամարտությունը թուլացնելու համար երկու կողմերն էլ պիտի հետ քաշեն ծանր զինատեսակները շփման գծից, բայց դրա մասին ևս խոսք չկա, որովհետև այսօր խոսքը նոր պատերազմի մասին է: Երկու կողմից էլ որևէ վստահություն չկա: Այսպիսով, գործողությունները մի քանի փուլի պիտի բաժանվեն: Իմ կարծիքով՝ քաղաքական հարթության մեջ, առաջին հերթին, անհրաժեշտ է հարց բարձրացնել այն մասին, որ Ստեփանակերտը դառնա Ղարաբաղյան խնդրի քննարկման շուրջ բանակցությունների լիարժեք մասնակից՝ ըստ 1994-95թթ. ընդունված փաստաթղթերի: Անհրաժեշտ է վերադառնալ այս փաստաթղթերին: Դրանից հետո պետք է տեսնել՝ որքանո՞վ է Ադրբեջանը կատարում այս պարտավորությունները: Ես 100 տոկոսով համոզված եմ, որ 1995թ. համաձայնագիրը չի կատարվում Ադրբեջանի կողմից: Պիտի հարց բարձրացվի՝ ինչո՞ւ չի կատարվում: Այսինքն՝ հարկավոր է հարձակողական քաղաքականություն իրականացնել: Ցավոք, հայկական կողմի քաղաքականությունն առայժմ պասիվ է: Հարկավոր է հարցեր բարձրացնել, ընդ որում՝ համաձայն ստորագրված փաստաթղթերի: Այդ մասին խոսեց նաև Սերգեյ Լավրովը, որ համաձայնագրերը չեն կատարվում: Ինչո՞ւ Ադրբեջանը չի հարգում այն փաստաթղթերը, որոնք ինքն է ստորագրել: Ինչո՞ւ Ստեփանակերտը նստած չէ բանակցային սեղանի շուրջ: Ա՛յս հարցը պետք է բարձրացվի, ոչ թե ասվի, թե «երբ կազատագրենք մեր տարածքները»: - Ադրբեջանը չի ընդունում Արցախը՝ որպես բանակցային կողմ: -  Կան 1994-95թթ. փաստաթղթերը: Որևէ մեկին չի հետաքրքրում, թե ինչ են դրա մասին մտածում Բաքվում: Կա միջազգային իրավունք: Ովքեր ստորագրել են այդ փաստաթղթերը՝ իրավունք ունեն մասնակցելու բանակցություններին: Կարծում եմ, որ հայկական կողմը կարող է հարց բարձրացնել այն մասին, որ ինքը դադարեցնում է բանակցությունները, քանի դեռ Ստեփանակերտը չի մասնակցում բանակցություններին: Բանակցությունները կվերսկսվեն այն ժամանակ, երբ Ստեփանակերտը կնստի բանակցային սեղանի շուրջ: Այլ կերպ հնարավոր չէ արդյունքի հասնել: Ցավոք, երբ նախորդ տարվա ապրիլին դադարեցվեցին ռազմական գործողությունները, այդ հարցը չբարձրացվեց: Հայկական կողմը կարող էր հայտարարել, որ մենք կգնանք կրակի դադարեցման միայն այն դեպքում, եթե Ստեփանակերտը միանա բանակցություններին: Այդ պայմանը պիտի դրվեր այն ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը նահանջում էին: Բայց կարելի է այդ հարցը բարձրացնել նաև այսօր: Սա չափազանց կարևոր է: Ինչպե՞ս կարելի է քննարկել ինչ-որ տարածք վերադարձնելու հարց, եթե բանակցություններին չի մասնակցում այն կողմը, որը պիտի վերադարձնի այդ տարածքները: - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ի հայտարարությունը կազդի՞ Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի վրա: - Շատ լավ է, որ Մինսկի խումբը վերջապես սկսեց խոսել այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում Ղարաբաղյան հակամարտության գոտում, որովհետև ակնհայտ է, որ սադրանքներն իրականացնում է Ադրբեջանը, իսկ Հայաստանը միայն պատասխանում է դրանց: Բայց ես կարծում եմ, որ առայժմ պայմաններ չեն ստեղծվել լուրջ բանակցությունների համար: Ցավոք, այսօր անհրաժեշտ են որոշ ռազմական ջանքեր՝ համոզելու Բաքվին, որ բանակցություններն անհրաժեշտ են: Կարծում եմ, որ հայկական կողմը ստիպված կլինի պայմաններ ստեղծել ռազմական գործողություններով, որպեսզի Բաքուն իսկապես պատրաստ լինի բանակցություններին: Իրական նախադրյալները, իմ կարծիքով, տարածքներ փոխանակելու համար պայմաններ ստեղծելն է, որպեսզի հնարավոր լինի վերադարձնել այն տարածքները, որոնք բռնազավթել է Ադրբեջանը ապրիլյան պատերազմի ընթացքում: - Իսկ ինչի՞ հետ պիտի փոխանակեն այդ տարածքները: - Իրադարձությունների զարգացման իմ սցենարը հետևյալն է. հավանաբար կլինի ապրիլյան իրադարձությունների որոշ կրկնություն, բայց չեմ կարող ասել, թե ինչ ծավալներով: Այդ իրավիճակում հայկական կողմը կարող է պատասխան հարձակողական գործողություններ իրականացնել Ադրբեջանի ուղղությամբ: Դրանից հետո կարող են ստեղծվել որոշ տարածքներ, որոնք կվերահսկի Հայաստանը, և որոնք կարող են փոխանակվել ապրիլին Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հետ: Տարածքների փոխանակումն այսպես կարող է լինել: Երկրորդ տարբերակը այդ տարածքները ուժով վերադարձնելն է, բայց տարածքների փոխանակումը ավելի լավ տարբերակ է, որովհետև դա ցույց կտա, թե որքան սխալ է «տարածքներ պոկելու» Ադրբեջանի քաղաքականությունը: Իրադարձությունների նման զարգացումը չի նախաձեռնվի Հայաստանի կողմից, բայց կարող է լինել պատասխան Ադրբեջանի գործողություններին: Բայց այդ պատասխանը պիտի ենթադրի ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական գործողություններ Ադրբեջանի դեմ այն դեպքում, եթե Ադրբեջանը հարձակվի: Այդ պարագայում ագրեսորը պատրաստ կլինի բանակցություններ վարելու: