ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները Բրյուսելում կքննարկեն դաշինքի ընդլայնման հարցը

ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները Բրյուսելում կքննարկեն դաշինքի ընդլայնման հարցը

Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների հանդիպման հարցերից մեկը կլինի դաշինքի ընդլայնումը, հայտարարել է Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի նախագահ Պավել Սոլոխը Rzeczpospolita պարբերականին տված հարցազրույցում: Մայիսի 25-ին Բրյուսելում պլանավորված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: «Դա Բրյուսելում մոտակա հանդիպման տարրերից մեկն է: Մենք պետք է լինենք միասնական այն հարցերում, որոնք մեզ են վերաբերվում` Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև արևելքից եկող սպառնալիքների նկատմամբ, և նաև մենք պետք է բարձրացնենք ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը»,- ասել է Սոլոխը: Սոլոխը ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվի նոր անդամներ ընդունելու նպատակից: «ՆԱՏՕ-ն երբեք չի հրաժարվել ընդլայնման նպատակից: Ամենամոտ թեկնածուն հանդիսանում է Չեռնոգորիան, հերթում սպասում է Վրաստանը, քննարկում է անցկացվում Ուկրաինայի հետ: ՆԱՏՕ-ն չի հրաժարվել ընդլայնվելու գաղափարից»,- հայտարարել է նա: