Սերժ Սարգսյանը 2018-ին հենց այնպես չի հանձնվի, ատամներով կոկորդ կկրծի. Ալբերտ Բաղդասարյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը: -Պարոն Բաղդասարյան, ինչքանո՞վ է հավանական, որ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանը կշարունակի իր պաշտոնավարումը 2018-ից հետո, արդյո՞ք նախագահ Ս. Սարգսյանի՝ ԱԺ-ում հնչեցրած ելույթում այդպիսի նախանշաններ դրսևորվեցին, որ վարչապետը կշարունակի պաշտոնավարումը, թե՞ Ս. Սարգսյանը կստանձնի այդ պաշտոնը: -Վարչապետի պաշտոնավարումը կախված է ոչ միայն Սերժ Սարգսյանից: Հիմա համակարգն այնպիսին է, որ ԱԺ-ի նախագահի վրա էլ կարող են ծանրակշիռ ուժ դնել, դոմինանտ դեր ստանձնողը կարող է դառնալ ԱԺ նախագահը, վարչապետն էլ կարող է, նախագահն էլ, անկախ նրանից, թե Սահմանադրությամբ ինչ է սահմանված: Ամբողջ խնդիրն այն է, թե մեծամասնությունն ում կընդունի որպես դոմինանտ: Դա կլինի ի պաշտոնե կամ ոչ ի պաշտոնե՝ խոսքը՝ օրենք: Եթե մեծամասնությունն է որոշում Հայաստանի քաղաքականության դեմքը, ապա մեծամասնության լիդերը կորոշի, թե ով կլինի գլխավորը: Վարչապետի հարցը հիմա մենք երբ որ քննարկում ենք, նայում ենք այդ տեսակետից՝ որպես գլխավոր պաշտոնի՝ գործադիր գլխավոր իշխանության հարց: Այդ որոշումը կախված կլինի Ռուսաստանի թելադրանքից, թե ինչքանով Սերժ Սարգսյանը կկարողանա դառնալ միակը և անփոխարինելին Ռուսաստանի համար, կամ Կարեն Կարապետյանը կկարողանա՞ ամբիցիաներ դրսևորել այնպես, որ իր շուրջը հավաքի մեծամասնության մեջ ռեալ ինչ-որ թիմ: -Արդյո՞ք հիմա Սերժ Սարգսյանը միակը և անփոխարինելին չէ Ռուսաստանի համար: Շատ լավ կատարում է Ռուսաստանի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական պահանջները, և մեր երկիրը ծառայում է Ռուսաստանի շահերին: Արդյո՞ք նա շատ հարմար ֆիգուր չէ: -Հարմար ֆիգուր է, բայց ապրիլյան պատերազմում չկարողացավ կատարել իր առջև դրված խնդիրները, վստահ եմ, որ նրա առջև Ռուսաստանի կողմից դրված էր շրջաններ հանձնելու խնդիրը, այն, ինչը նա նախապատրաստում էր հայտարարություններով՝ կռվով հանձնել շրջանները, սակայն նա չկարողացավ: Նրա ազդեցությունն այնպիսին չէ, որ դաշտային հրամանատարին կամ զինվորին նա կարողանա հրահանգել՝ չկռվե՛ք, զոհվե՛ք, հանձնվե՛ք կամ փախե՛ք: Այսինքն՝ համակարգի մեջ մաշվածության խնդիր կա: Նա կատարում է Ռուսաստանի թելադրանքը, բայց ամեն ինչ չէ, որ կարողանում է կատարել, և Կարեն Կարապետյանի մուտքը հենց դրանով էր պայմանավորված, որ ապրիլյան պատերազմով և «Սասնա ծռերի» ելույթով Սերժ Սարգսյանի հեղինակությունը վերացավ, դարձավ 0: Իսկ դա ցույց տվեց, որ չի կարող ամեն ինչ կատարվել այնպես, ինչպես Մոսկվան է ցանկանում: Այդ պատճառով Մոսկվան փոխեց քաղաքականությունը, գնաց «փափուկ ուժի» քաղաքականությանը, ինչը դրսևորվեց վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակմամբ: Բայց Սերժ Սարգսյանը հո հենց այնպես չի՞ հանձնվի, ունենալով այսքան լծակներ՝ հենց այնպես չի հանձնվի, անձնականին է վերաբերում, իսկ անձնականին վերաբերող հարցում ատամներով մինչև վերջ կոկորդ կկրծեն, բայց չեն հանձնվի: Սերժ Սարգսյանը կռիվ կտա... Հանցագործ աշխարհի դե՞րն ինչպիսին կլինի. մեր պետությունը հասել է այն աստիճանի, որ օրենքով գողերը կարող են մեծ դեր կատարել Հայաստանի կառավարման համակարգի մեջ: Իսկ հանցագործ աշխարհը չունի պետության վերաբերյալ պատկերացում, նրանց սկզբունքներն այլ են:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: