Ռոհանին Հայաստանին տալիս է երկրորդ հնարավորությունը

Ռոհանին Հայաստանին տալիս է երկրորդ հնարավորությունը

Հայաստանի ներքաղաքական «կրքերը» կլանել են հանրային ուշադրությունն ու Իրանի նախագահի ընտրությունն անկասկած «շանս չուներ» հայտնվել այդ ուշադրության տեսադաշտում: Միևնույն ժամանակ, իհարկե բնական է, որ Հայաստանի լայն հանրությանն Իրանի նախագահի ընտրությունը չէր կլանի, հաշվի առնելով նաև մի շարք օբյեկտիվ իրողություններ: Իրանը անկասկած հայաստանյան հանրության կենսագործունեության տիրույթում Ռուսաստան, ԱՄՆ, կամ Ֆրանսիա չէ, որպեսզի այդ երկրների նախագահական ընտրությունները դառնան նաև Հայաստանի քաղաքացիների բուռն քննարկումների և դիտարկումների առարկա: Այդուհանդերձ, Իրանը Հայաստանի հույժ կարևոր հարևանն է, ու թեև այդ պետությունն իր մտածողությանը, պետական ավանդույթներին և մշակույթին բնորոշ բավական զուսպ և հանդարտ քաղաքականություն է վարում արտերկրում, այդ թվում հարևանների հետ, այդուհանդերձ դրանից իհարկե Իրանի կարևորությունը թե՛ տարածաշրջանի, թե՛ մասնավորապես Հայաստանի համար չի նվազում ամենևին: Հետևաբար, Իրանի նախագահի ընտրության արդյունքը Հայաստանի համար դիտարժանության, հետաքրքրաշարժության տեսանկյունից գուցե նույնքան գրավիչ չէ, որքան, օրինակ, բոլորովին վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած ընտրությունը, բայց Իրանն իբրև հարևան պետություն, տարածաշրջանային պետություն, իբրև համաշխարհային գործերում կարևոր դերակատարում ունեցող պետություն ամենևին պակաս նշանակություն չունի: Առավել ևս, որ իհարկե ընդհանրապես համարժեք չէ համեմատել Իրանի դերակատարումը որևէ այլ ավելի կամ նվազ կարևոր դերակատարի հետ: Յուրաքանչյուր գործընկեր և հարևան Հայաստանի համար ունիր իր դերը և նշանակությունը ու դա կարևոր է ինքնին: Իրանն էլ, այդ առումով, ունի իր կարևոր նշանակությունը Հայաստանի համար, յուրովի անփոխարինելի նշանակությունը: Այդպիսով, Իրանի նախագահի ընտրությունը Հայաստանի համար մի շարք առումներով կարևոր գործընթաց էր, որը ավարտվեց Հայաստանի համար երևի թե հեռանկարային առումով առավել շահեկան ելքով: Ինչպես հայտնի է, նախագահի պաշտոնում ձայների 59 տոկոս ցուցանիշով վերընտրվեց Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ռոհանին Իրանի էլիտայի բարեփոխիչ թևի ներկայացուցիչն է և նա իր նախագահության առաջին ժամկետի ընթացքում գործնականում է ցույց տվել իր այդ ուղղվածությունը: Անշուշտ այստեղ գագաթնակետը Արևմուտքի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ փոխհամաձայնությունն էր, որի արդյունքում Իրանի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղարկվեցին, ինչը բերեց այդ երկրի բացվելուն: Դա էլ իր հերթին նոր իրավիճակի առնվազն շեմին դրեց թե՛ Կովկասը, թե՛ Հայաստանը մասնավորապես: Բայց անցել է մեկ-երկու տարի, և հարց է առաջանում՝ ինչպե՞ս է Հայաստանն օգտագործել նոր հնարավորությունն ու նոր իրավիճակը: Այդ հարցում ահա իրականությունն ամենևին ոգևորիչ չէ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով: Իր առաջին ընտրությունից ի վեր Հասան Ռոհանին մի շարք մեսիջներ էր հղում Հայաստանին, ասելով, որ պետք է հետևողականություն հայ-իրանական տնտեսական պայմանավորվածությունների հարցում: Ռոհանին փաստացի ակնարկում էր, որ Հայաստանը գործնական չէ այդ հարցերում: Իսկ դա էլ անկասկած թափանցիկ ակնարկ է առ այն, որ Երևանը շատ է նայում Մոսկվային, Իրանի հետ ծրագրերը դիտարկում Մոսկվայի հավանության պրիզմայով: Իսկ այստեղ իհարկե հասկանալի է, որ Ռուսաստանը խիստ զգուշավոր է այդ հարաբերության հարցում, քանի որ Հայաստանը Իրանի միջոցով կարող է ստանալ մի շարք տնտեսական ու քաղաքական այլընտրանքներ՝ թե՛ էներգակիրների, թե՛ քաղաքական նախաձեռնությունների, թե՛ որպես արդյունք անվտանգության մեխանիզմների առումով: Այստեղ իհարկե Մոսկվայի համար կա երկու խնդիր՝ Իրանը կարող է նպաստել Ռուսաստանի՝ Հայաստանի կախվածության նվազեցմանը, և Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում առավել ակտիվ խաղացող, Մոսկվայի մրցակից: Առավել ևս, եթե հաջողվի ձևավորել Իրան-Հայաստան-Վրաստան առանցք: Ընդ որում, այդ հարցում Թեհրանի և Թբիլիսիի շահագրգռությունն ու պատրաստակամությունը նկատելի է: Փոխարենը նկատելի է նաև, որ Երևանն է չափազանց զգուշավոր: Դրա փոխարեն, Իրանի շուրջ նոր իրավիճակը փորձում է առավել արդյունավետ օգտագործել Ադրբեջանը: Նախորդ տարի ձևավորվեց Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ֆորմատը, որտեղ քննարկվում են տնտեսական կարևոր նախագծեր: Իհարկե այստեղ Ռուսաստանն անմիջապես միջամտեց և իր մասնակցությամբ թույլ չտվեց, որպեսզի «սեպարատ» գործակցություն ծավալեն Բաքուն և Թեհրանը: Այդուհանդերձ, Ռուսաստանը կարող է թերևս ավելի շուտ մասնակցել և այսպես ասած լինել բաժնետեր, ոչ թե տեր, ինչպես Հայաստանի պարագայում: Իհարկե Ադրբեջանի հետ Թեհրանի գործակցությունը Հայաստանի համար ունի նաև իր դրական կողմը: Թեհրանը հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղության, կայունության, ինչպես նաև Արցախում ստատուս-քվոյի պահպանման օգտին: Վերջինն իհարկե, այսպես ասած, իրական քաղաքականության հետնաբեմային ռեժիմում: Ադբեջանի հետ գործընկերությունը Թեհրանի համար իր այդ նպատակների սպասարկման հավելյալ միջոց է, ինչը համահունչ է նաև Հայաստանի նպատակներին: Ի վերջո արժե հիշել, որ մի քանի շաբաթ առաջ հենց Թեհրանը Բաքվին զգուշացրեց, թե չպետք է թույլ տալ այնպիսի իրավիճակ, որը Արցախի հարցում հնարավորություն կտա երրորդ կողմի ներգրավման: Ակնարկը բավական թափանցիկ է, քանի որ երրորդ կողմի ներգրավում հնարավոր է միայն լայնամասշտաբ պատերազմի դեպքում, ինչի անթույլատրելիությունն էլ Թեհրանն ակնարկեց Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Այդ ամենով հանդերձ, Հայաստանն իհարկե չպետք է բավարարվի Իրանի այդ դերակատարումով և անկասկած պետք է փորձի իր բաժին գործընկերային ներուժը համադրել Իրանի առաջարկների և ռազմավարության հետ՝ դուրս գալով փոխշահեկան ոչ միայն երկկողմ, այլ նաև տարածաշրջանային գործակցության մակարդակ, ինչը ենթադրում է նաև առնվազն Վրաստանի ներգրավում: Դրան զուգահեռ, կա նաև ԱՄՆ նոր վարչակազմի վերաբերմունքի խնդիրը Իրանի հանդեպ, որը տարբերվում է նախորդ՝ դեմոկրատական վարչակազմի մոտեցումից: Թրամփի վարչակազմը բավական կոշտ է արտահայտվում Իրանի նկատմամբ, թեև նաև հակասական։ Այստեղ իհարկե շատ բան դեռ պարզ չէ, քանի դեռ ձևավորված չէ ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականության ողնաշարը: Բայց պետք է ենթադրել, որ բացասական իմաստով այստեղ խոսք կարող է լինել ոչ թե արդեն իսկ առկա իրավիճակից նահանջի, այլ թերևս գուցե դինամիկ առաջընթացի բացակայության մասին: Ընդ որում՝ Արևմուտք-Իրան գործակցության առումով, որովհետև Իրան-Կովկաս համատեքստում միտումներն ըստ ամենայնի կպահպանվեն: Առավել ևս, Արևմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ վարչակազմը, կնախընտրի Իրանի հետ հարաբերվել առնվազն «պրովայդերական» տարբերակով, ինչում արդեն Հայաստանն ու Վրաստանն իսկապես կարևոր դերակատարության հավակնորդ են, նկատի ունենալով Թուրքիայի ակնհայտ «արժեզրկումն» ու Ադրբեջանի խնդիրները Արևմուտքի հետ: Շարունակում է մնալ հարցը՝ ինչքանո՞վ Հայաստանն ավելի արդյունավետ կկարողանա լինել Իրանի ուղղությամբ հարաբերության հարցում՝ թե՛ երկկողմ, թե՛ ռեգիոնալ հեռանկարի տրամաբանության շրջանակում, քան Ռոհանիի առաջին ժամկետին էր: