Փաստաբանին սպառնալու փաստով նյութեր են նախապատրաստվում

Փաստաբանին սպառնալու փաստով նյութեր են նախապատրաստվում

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի հասցեին հնչեցված սպառնալիքների փաստի առիթով ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում: Հաղորդագրությունները ստանալուց հետո Ինեսսա Պետրոսյանը հաղորդում է  ներկայացրել ոստիկանություն: «Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Պետրոսյանը՝ հավելելով, որ մանրամասներից դեռ տեղյակ չէ: Հիշեցնենք, որ նախօրեին փաստաբանը սպառնալից հաղորդագրություն էր ստացել՝  կապված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով: Այս գործով Ինեսսա Պետրոսյանը հանդիսանում է տուժողի ներկայացուցիչ։ «Ինչպես գիտեք ներկայացնում եմ քրեական գործով ըստ մեղադրանքի Արտաշես Չիչոյանի և մյուսների տուժող Էմմա Աբրահամյանի և տուժողի իրավահաջորդ լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի շահերը։ Դատական նիստերի ժամանակ ամբաստանյալների հարազատները տեղում են սեռական հայհոյանքներ և սպառնալիքներ, ինչի վերաբերյալ իրավապահները իրազեկված են։ Այսօր առավոտյան, որպես իրենց սպառնալիքների շարունակություն արդեն ստացել եմ հետևյալ նամակը, որը ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը»,-նախօրեին գրել էր փաստաբանը՝ հրապարակելով նամակների լուսանկարները: Ինեսսա Պետրոսյանից նաև հետաքրքրվեցինք՝ ոստիկանությունից իրեն պաշտպանություն կտրամադրվի՞, սակայն տիկին Պետրոսյանն ասաց, որ տեղյակ չէ: Ոստիկանության լրատվության և Հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ուսումնասիրում են գործը և առաջիկայում, ըստ անհրաժեշտության, մանրամասներ  կհրապարակեն: Աշոտ Ահարոնյանը ևս չասաց՝ պաշտպանություն կտրամադրվի փաստաբանին հնարավոր սպառնալիքներից զերծ մնալու համար, թե ոչ: «Առայժմ չենք կարող դա ասել»,-ասաց Ահարոնյանը: