Արցախի հարցը կարգավորված է. պետք է ազատագրենք նորանոր շրջաններ. Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:  -Պարոն Բադասյան, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ո՞ր փուլում ենք այս պահին գտնվում: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված ԵԱՀԿ արձագանքը Ադրբեջանի գործողություններին՝ կապված մեր զինտեխնիկան վնասելու հետ: Ինչո՞վ էր պայմանավորված այս անգամ հասցեական արձագանքը: -Նախ ես մի սենսացիոն բան ասեմ. Արցախի հարցի կարգավորման փուլ գոյություն չունի՝ ըստ իս, որովհետև Արցախի հարցը, ըստ էության, արդեն կարգավորված է: Դա այն է, որ 88-ին Արցախի ժողովուրդը և ամբողջ հայ ժողովուրդը Արցախի համար ինքնորոշման հայտ են ներկայացրել, Արցախը ինքնորոշվել է: Ինքնորոշվել է անկախացմամբ, մայր Հայաստանի հետ միացմամբ, Արցախը ինքնորոշվեց թե՛ միջազգայնորեն գոյություն ունեցող օրենքների շրջանակներում, թե՛ ԽՍՀՄ սահմանադրության շրջանակներում: Եղան գործընթացներ՝ ԽՍՀՄ-ը փլուզվեց, անկախության հռչակագիր ընդունվեց, և դրան Ադրբեջանը պատասխանեց ագրեսիայով: Պատերազմի արդյուքնում ձևավորվեց այն, ինչ այսօր ունենք՝ ստատուս-քվոն: Հրադադարի ռեժիմի պահպանման համար Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հարցի կարգավորմամբ, որին մենք ենթարկվեցինք: Բայց այստեղ հարցն այն է, թե ինչ է ուզում հայ ժողովուրդը, որոնք են մեր շահերը և ինչ են մեզ պարտադրում միջազգային ոչ թե ուժերը, այլ Մինսկի խմբի համանախագահները, և մենք ինքներս ինչ խնդիրներ ենք դնում մեր առջև, և մեր իշխանություններն ինչ քաղաքականություն են վարում: Այսօր մեր իշխանությունները փաստորեն հարցի լուծման բնականոն ձևին չեն մոտենում, նույնիսկ առաջ են անցնում Մինսկի խմբի համանախագահների առաջարկներից, այսինքն՝ շտապում են հանձնողական դեր կատարել, տեսնում ենք տարածքներ՝ խաղաղության դիմաց. սա աբսուրդ է, ուղղակի թյուրիմացություն է… սա կարճմիտ մարդկանց խմբի հասացողություն է… -Եթե այդ տեսակետի հետևորդներ լինեին, այդ կարգախոսն առաջ քաշած ուժը գոնե 7 տոկոսի շեմը չէ՞ր հաղթահարի: -Ես ցավ եմ ապրում, որ նույնիսկ մեկ մարդ կա այդպես մտածող: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ փուլում ենք գտնվում. մենք գտնվում ենք արցախյան հարցի լուծման ամենավճռական փուլերից մեկում: Դա այն է, որ մենք պետք է պահպանենք այս վիճակը, և եթե Ադրբեջանը ցանկանա գլուխ բարձրացնել, մենք պետք է ազատագրենք նորանոր շրջաններ:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: