Վարչապետի ներդրումների «որակը»՝ Պուտինի խոհարարը Էրեբունու ռազմաբազայում ընկերություն է բացում

ԱՄՆ-ը չի կարող տնտեսական հիմք չունեցող որևէ  երկրի հետ ունենալ առանձնահատուկ հարաբերություններ: Այս մասին «ԱՄՆ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության կայացմանը» թեմայով քննարկմանը ժամանակ ասաց ՄԱՀՀԻ-ի փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից տարվող ռուսամետության քաղաքականությունն ավելի շատ ոչ թե ռուսամետության հարց է, այլ համակարգն այս ձևով պահպանման խնդիր է լուծում. «Կմնան ռուսամետ այնքան ժամանակ, քանի դեռ դա օգնում է համակարգը պահպանելուն: Բայց մենք տեսնում ենք, որ հետխորհրդային համակարգը նույնիսկ իր հաշվապահության հետ խնդիր ունի, ծայրը ծայրին այլևս չի հասնում: Եվ Կարեն Կարապետյանն ինչքան էլ խոստանա ռուսական ներդրումներ… Մենք տեսնում ենք (Նավալնին է գրում),  որ Պուտինի անձնական խոհարարը «Էրեբունի» ռազմաբազայի տարածքում անձնական ընկերություն է բացում: Սա է խոստացված ներդրումների որակը, այսինքն՝ գրպանահատ, կիսակրիմինալ խաժամուժի անլվա փողերը բերում են այստեղ լվանալու: Սա իհարկե ներդրում չէ»,- նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ այս ամենը կարելի է արագ դադարեցնել, եթե լինի քաղաքական կամք. «Բայց տեսեք, թե քաղաքական դաշտում ինչ է կատարվում, ի՞նչ կամք»: «Մեք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի այս գործիքակազմի փոփոխությունը նաև նոր քաղաքական մոտեցումներ է պահանջելու Հայաստանի կողմից»,- նշեց Ռ. Մեհրաբյանը: Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանի թիվ մեկ խնդիրը դառնում է այն, թե ինչպես կառուցի իր հարաբերություններն արտաքին աշխարհի, այդ թվում` առաջնահերթ նաև ԱՄՆ-ի հետ, որովհետև առանց դրա մենք կենսունակության խնդիր չենք կարող լուծել:   Մանրամասները՝ տեսանյությում: