Ովքեր չխորտակվեցին Մոուրինյոյի ճահճում. Էրերա, Մխիթարյան, Վալենսիա…

Ավարտվեց 2016/2017թթ. Անգլիայի Պրեմիեր լիգան, որը հայ ֆուտբոլասերի ուշադրության կենտրոնում էր: Մեր երկրում ֆուտբոլով հետաքրքրվողների, կարելի է ասել, 90 տոկոսն այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, քանզի հենց այս թիմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: 2016 թվականի հուլիսի 6-ին պայմանագիր կնքելով «Յունայթեդի» հետ՝ հայ ֆուտբոլիստը մինչ օրս 40 հանդիպում է անցկացրել և դարձել 10 գոլի հեղինակ: Սա միանշանակ բավարար արդյունք պետք է որակել, քանզի տեղափոխվելով Պրեմիեր լիգա՝ մեր ֆուտբոլիստը ադապտացվելու և հիմնական կազմում ամրապնդվելու խնդիր ուներ: Մխիթարյանը ոչ միայն ապացուցեց, որ արժանի է խաղալու իր նոր թիմի հիմնական կազմում, այլև բազմաթիվ հանդիպումներում մեծապես նպաստեց «Յունայթեդի» հաջողությանը: Դեկտեմբերին «Սանդերլենդի» դարպասը նրա խփած գնդակը լավագույնն էր ավարտված մրցաշրջանում: Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կողմից Մխիթարյանի խփած երեք գնդակները առաջադրված էին տարվա գոլ անվանակարգում: Տպավորիչ էին Հայաստանի ազգային հավաքականի ավագի ելույթները Եվրոպա լիգայի խաղարկությունում, որտեղ մեր ֆուտբոլիստը եզրափակիչ հանդիպումից առաջ 5 գոլ է խփել: «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի երկրորդ հատվածում զրկվեց բազմաթիվ առաջատար ֆուտբոլիստներից: Ծնկի հոդի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով շարքից դուրս եկան պաշտպաններ Մարկոս Ռոխոն, Լյուկ Շոուն, հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Ֆուտբոլիստների ծնկի շրջանում վնասվածքների հիմնական պատճառներից է ծանրաբեռնվածությունը: Ակնհայտ է, որ վերը թվարկված ֆուտբոլիստները շարքից դուրս եկան՝ չդիմանալով լարվածությանն ու ծանրաբեռնվածությանը: Ծանր վնասվածքներ սստացան նաև պաշտպաններ Քրիս Սմոլինգը, Ֆիլ Ջոնսը, կիսապաշտպաններ Խուան Մատան: Անցկացնելով ծանր մրցաշրջան՝ Մխիթարյանը վնասվածքի պատճառով երկու անգամ խաղադաշտը լքեց, սակայն կարճ ժամանակ անց շարք վերադարձավ: Սա վկայում է, որ մեր ֆուտբոլիստը ֆիզիկական և ֆունկցիոնալ առումով բավական բարձր դիրքի վրա է: 38 հանդիպումներում վաստակելով 69 միավոր՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայում միայն 6-րդ հորիզոնականը զբաղեցրեց: Սա չափազանց ցածր արդյունք է: Մոուրինյոն շարունակ հայտարարում էր, որ իրենք տիտանական աշխատանք են կատարում՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, և ինքը գոհ է իր թիմից: Այն, որ քրտնաջան աշխատանք կատարվել է, կարծում ենք՝ պարզ է բոլորի համար: Բայց քանի՞ «կոպեկ» արժե այդ աշխատանքը, եթե թիմը առաջնությունն ավարտում է 6-րդ հորիզոնականում՝ զրկված լինելով առաջատար մի քանի ֆուտբոլիստներից: Անգլիայի Պրեմիեր լիգայում Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» նման էր ճահճի, որը մրցաշարային առումով սուզվելով՝ իր ետ տարավ բազմաթիվ ֆուտբոլիստների: Չափազանց թույլ խաղ ցուցադրեց ամենաթանկ ֆուտբոլիստ Պոգբան, որը մրցաշրջանի վերջնամասում նույնպես որոշ ժամանակով դուրս եկավ շարքից: Մրցաշրջանի կտրվածքով կայուն և արդյունավետ խաղով աչքի ընկան չորս ֆուտբոլիստներ՝ Վալենսիան, Էրերան, Մխիթարյանը և դարպասապահ Դե Խեան: Ակումբը մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել հենց Էրերային: Բրիտանացի բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով՝ գալիք մրցաշրջանում Մխիթարյանը հնարավորություն կունենա ցուցադրելու իրական ներուժը: Մասնավորապես պաշտպանական օղակը կարգավորելով՝ Մոուրինյոն հայ ֆուտբոլիստին հնարավորություն կտա ուժերը կենտրոնացնել առջևի գծում: Շատ է խոսվում Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Յունայթեդ» տեղափոխվելու մասին: Խոսվում է նաև Մատա-Մխիթարյան-Գրիզման խաղային եռյակի մասին: Մինչև գալիք մրցաշրջանին նախապատրաստվելը «Յունայթեդը» կարևորագույն հանդիպում պետք է անցկացնի՝ Ստոկհոլմում Եվրոպա լիգայի եզրափակչում մրցելով Ամստերդամի «Այաքսի» հետ: Նախօրեին Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ «Այաքսի» հետ հանդիպումը կարևորագույններից է լինելու իր կյանքում: