ԱՄՆ պետքարտուղարը՝ Վաշինգտոնում հայ, քուրդ խաղաղ ցուցարարների վրա հարձակման մասին

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն անդրադարձել է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակման միջադեպին: Թիլերսոնն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ միջադեպի փաստով հետաքննություն է սկսվել, որը դեռ շարունակվում է: «Մինչ որևէ որոշում կայացնելը պետք է սպասենք դրա արդյունքներին: Բայց մեր մտահոգությունն արդեն հայտնել ենք թուրք դեսպանին»,-հավելել է պետքարտուղարը: Լրագրողի այն դիտարկմանը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սառնասրտորեն հետևել է, թե ինչպես են ծեծի ենթրակում խաղաղ ցույցի մասնկակիցներին, ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ պետք է սպասել հետաքննության ավարտին: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներ այցելող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպված խաղաղ ցույցի մասնակիցները հարձակման են ենթարկվել մի խումբ թուրք ազգայնամոլների կողմից: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հարձակումն իրականացրել են Էրդողանի անվտանգության աշխատակիցները: Ցույցը կազմակերպվել էր Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի, Ամերիկայի Հելենական խորհրդի և մի շարք քրդական, ասորական և հունական կազմակերպությունների կողմից: Միջադեպից հետո ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել Թուրքիայի դեսպանին: