Երեք մարդ, որ կփոխեն աշխարհը. Yeni Safak, Թուրքիա

Երեք մարդ, որ կփոխեն աշխարհը. Yeni Safak, Թուրքիա

Նախագահ Էրդողանի մայիսյան դիվանագիտական հանդիպումները պատմական բնույթ ունեն միջազգային հարաբերությունների նոր համակարգում Թուրքիայի կենտրոնական դերի տեսանկյունից: Նոր աշխարհակարգի կառուցումը տեղի է ունենում շատ նեղ կազմով, և նախագահ Էրդողանի այցելությունները ուղղված են նրան, որ Թուրքիան նույնպես մասնակից լինի դրան: Ով ինչ ուզում է ասի, Թուրքիան կգրավի, նույնիսկ արդեն գրավել է իր տեղը այդ նոր սեղանի շուրջ՝ չնայած բոլոր խոչընդոտներին: Էրդողանի և Թրամփի հանդիպումը. Թուրքիայի մտահոգությունները Այդ կոնտեքստում Թրամփի և Էրդողանի հանդիպումը կարելի է հաջողված համարել. դրանով սկիզբ դրվեց երկու երկրների միջև ամուր հարաբերություններին և ընդհանուր լեզու գտնելուն: Թրամփը և Էրդողանը չեն խորշում արտահայտել իրենց կարծիքը, գերադասում են բաց խոսել և վճռորոշ մեթոդներ կիրառել արդյունքի հասնելու համար: Այնուամենայնիվ, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վստահության խոր ճգնաժամը չհաջողվեց հաղթահարել: Իրականում մեկ հանդիպմամբ հնարավոր էլ չէր դա հաղթահարել: Մասնավորապես, Թուրքիայի անհանգստությունը չմարեց, քանի որ ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով սպառնալիքները չեն մեղմանում: Սակայն Թուրքիան գիտի, որ դա նախևառաջ կապված է ԱՄՆ-ի հնացած համակարգի հետ, քան Թրամփի: Հարցն այն է, թե ով հաղթող դուրս կգա Թրամփ-իշխող համակարգ հակամարտությունից: Իրական հակամարտությունը ԱՄՆ-ի ներսում է Ժամանակը ամեն ինչ իր տեղը կդնի. կամ իշխող համակարգը կվերափոխի Թրամփին, կամ Թրամփը՝ համակարգը: Ներկա պայմաններում ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահը ներգրավված չէ շատ ինստիտուտների մեջ և չի վերահսկում դրանք: Այդ իրավիճակում հարց է, թե որքան իրական են այն երաշխիքները, որոնք տալիս է այդ նախագահը: Թուրքիային հետաքրքրում է հետևյալ տեսակետը. ԱՄՆ-ի բանակը, հետախուզությունը, որոշ ինստիտուտներ սպառնում են ողջ տարածաշրջանին, պառակտում երկրներ, իրագործում Հյուսիսային Սիրիայով միջանցք բացելու միջոցով Թուրքիան շրջապատելու ծրագիրը: Դրանում ոչ մի կասկած չկա, և Թուրքիան հստակ արտահայտել է իր դիրքորոշումը: PYD-ի հետ բացահայտ համագործակցությունը ի չիք է դարձնում բոլոր այն խոստումները, որ տալիս է Սպիտակ տունը «ահաբեկչության դեմ պայքարի» վերաբերյալ: Դրանք անկեղծ չեն և երբեք չեն եղել: Հասել է այն փուլը, որ դա կօգտագործվի Թուրքիայի դեմ, ինչպես օգտագործվեց այլ երկրներում: Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականությունը սպառնում է Թուրքիային՝ ընդհուպ մինչև երկրի պառակտման ծրագրի իրագործումը: ԱՄՆ վարչակազմի մտադրությունները բարյացակամ չեն. դա ակնհայտ է: Թրամփի մտքերն այդ ուղղությամբ գուցե դեռևս «չեն հասունացել», սակայն դա ամերիկյան իշխող համակարգի հիմնական նպատակն է: չնայած Թուրքիայի պնդումներին՝ PYD-ին աջակցել շարունակելու պատճառը ԴԱԻՇ-ը չէ, ոչ էլ ահաբեկչությունը, այլ տարածաշրջանի նոր քարտեզի նախագիծը: Հարց է, թե որքանով Թրամփ-Էրսողան երկխոսությունը վեր կկանգնի այդ փաստից: Եթե ԱՄՆ նախագահը այլ կերպ է մտածում, եթե նրա մտադրությունները բարի են, ապա միայն մի խնդիր է մնում՝ որքանո՞վ Թրամփը կկարողանա ղեկավարել ԱՄՆ-ն, ինչը կախված է այն բանից, թե ով կհաղթի Թրամփ-կառավարող համակարգ հակամարտությունում: Այդ ժամանակ կբացվի «թուրքական ճակատը»: Որքանո՞վ Թուրքիան կդիմադրի այդ գործընթացին: Թուրքիան կմիջամտի այն ժամանակ, երբ իրական սպառնալիք զգա, ահդ սպառնալիքը ակնհայտ է, այն չափազանց մոտիկ է, և միջամտությունը անխուսափելի է: PYD-ին իր ուժերը կենտրոնացրել է Սիրիայում և աշխատում է իրագործել այդ ծրագրերը: Երբ նրանք հաջողության հասնեն, ամբողջ ուժով կհարձակվեն Թուրքիայի վրա և կբացեն «թուրքական ճակատը», այդ ժամանակ Թուրքիայի դեմ դուրս կգան ոչ միայն PYD-ին, այլև շատ ուրիշ երկրներ, նրանք բոլորն էլ գրեթե դաշնակիցներ են: Երեք առաջնորդ, որ կփոխեն աշխարհը՝ Թրամփ, Պուտին, Էրդողան Ստեղծվում է նոր աշխարհ, որը ձևավորում են ուժեղ առաջնորդները: Նախկինում առաջնորդերն իրենք էին հարմարվում հնացած համակարգին, հիմա համակարգերն են աստիճանաբար հարմարվում առաջնորդներին, դրա ամենավառ օրինակը Պուտինը, էրդողանը և Թրամփն են: Պուտինը վերակենդանացրեց Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. նա նոր Ռուսաստանի գաղափարի շուրջ համախմբեց ժողովրդին: Ավարտելով երկրի ներսում վերափոխումները՝ նա սկսեց խաղալ գլոբալ մասշտաբով և մեծ դեր ունենալ ազդեցությունների համաշխարհային քարտեզում: Էրդողանը հաղթանակ տարավ երկրի ներսում. հաջորդ քայլը արտաքին հաղթանակն է: Նա պայքարեց հնացած համակարգի դեմ և հսկայական քայլեր արեց Թուրքիայի վերականգնման համար, ինչպես նաև խոշոր քայլեր է անում արտաքին քաղաքականության մեջ: Երրորդ առաջնորդը՝ Թրամփը, կհաղթի քաղաքացիական պատերազմում և կվերափոխի ԱՄՆ-ի առանցքը: Նրա պայքարը դեռ շարունակվում է. այն սկսվել էր դեռևս այն ժամանակ, երբ նա նախագահի թեկնածու էր: ԱՄՆ-ի ներսում պայքարը դեռ կզարգանա. շատ գլուխներ կթռցվեն, վնաս կհասցվի. կամ համակարգը կխժռի Թրամփին, կամ Թրամփը կվերափախի ԱՄՆ-ն: Այլ երկրներ նույնպես, հավանաբար, կփորձեն առաջ քաշել իրենց առաջնորդներին: Դա կլինի մի նոր աշխարհ, որտեղ առաջնորդները մեծ քայլերով կքայլեն առջևից, իսկ պետությունները, ինստիտուտները, քաղաքական երկխոսությունները կհետևեն նրանց: