Փոխհրամանատարը զորամաս ստուգումների եկած փոխգնդապետին դաժանորեն ծեծի ենթարկելով՝ հաշմանդամ է դարձրել

Փոխհրամանատարը զորամաս ստուգումների եկած փոխգնդապետին դաժանորեն ծեծի ենթարկելով՝ հաշմանդամ է դարձրել

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Հայկազ Հովհաննիսյանի գործի դատական քննությունը: 52-ամյա Հայկազ  Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել հետևյալ արարքների համար: Կոչումով փոխգնդապետ Հովհաննիսյանը զբաղեցրել է զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալի-տեխնիկական մասի պետի պաշտոնը: 2015 թվականի դեկտեմբերի 14-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում զորամասի շտաբի մասնաշենքի  մոտ զինվորական պարտականությունների կատարման հետ չկապված պատճառով Հայկազ Հովհաննիսյանը վիճաբանության մեջ է մտել 2015 թվականի ուսումնական տարվա ամփոփիչ ստուգումների հանձնաժողովի նախագահ, թիկունքի վարչության օպերատիվ բաժնի պետ- շտաբի պետի տեղակալ, կոչումով՝ փոխգնդապետ Աշոտ Բ.-ի հետ, որի ընթացքում խախտել է կարգապահական կանոնագրքի պահանջները, բռնություն է գործադրել իր նկատմամբ ծառայողական դիրքով պետ հանդիսացող Աշոտ Բ.-ի նկատմամբ՝ գլխով ու բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ քթոսկրերի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, աջ գագաթաքունքային շրջանի վերկարծրենային արյունահավաք, աջ քունքոսկրի խրթեշի կոտրվածք: Հայկազ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 358 հոդվածի 1-ին մասերով: Հայկազ Հովհաննիսյանը նախաքննության և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 14-ի առավոտյան գնացել է զորամաս և իմացել է, որ իրենց զորամաս ստուգումների է  եկել փոխգնդապետ Աշոտ Բ.-ն: Ինքը վերջինիս ճանաչել է համատեղ ծառայությունից, նրա հետ նորմալ փոխհարաբերությունների մեջ է եղել: Այդ օրն ինքը զբաղվել է կնոջը հիվանդանոց պառկեցնելու հարցերով: Երբ վերադարձել է զորամաս, տեսել է, որ դրսում կանգնած են զորամասի հրամանատարը, թիկունքի պետը և ստուգումների եկած  փոխգնդապետ Աշոտ Բ.-ն: Բոլորը միասին իր մեքենայով գնացել են Վանաձորի «Շահենի օբյեկտ»՝ հաց ուտելու: Այնտեղ թիկունքի պետն ու Աշոտ Բ.-ն վիճել են շատ ու քիչ խմելու վերաբերյալ, Աշոտ Բ.-ն թիկունքի պետին ասել է. «Քաշովդ մեկ կխմեմ»: Զորամասի հրամանատարը նրանց լռեցրել է: Հացկերույթի ժամանակ ինքը երկու կիսատ բաժակ օղի է խմել, իսկ Աշոտ Բ.-ն այնքան խմած էր, որ օբյեկտի ճաղերից բռնած՝ մի կերպ մոտեցել ու նստել է մեքենա: Գնացել են զորամաս: Բոլորն իջել են մեքենայից: Աշոտ Բ.-ն վիճաբանել է հերթապահի հետ՝ պահանջելով զեկուցել իրեն, ոչ թե հրամանատարին: Այնուհետև նա իր թևը բռնած՝ իրեն նորից տարել է դեպի մեքենան: Նստել են մեքենա: Աշոտ Բ.-ն պահանջել է իրեն տանել Ղալթախչի գյուղ՝ ընկերոջ տուն: Ինքը մերժել է՝ ասելով, թե կինը հիվանդանոցում է, նույնիսկ բժշկական փաստաթղթերն է նրան ցույց տվել: Աշոտ Բ.-ն իր պատասխանից նեղացել, իջել է մեքենայից՝ դուռը թողնելով կիսաբաց: Քանի որ նա երկու ձեռքով բռնել էր դռնից, ինքն էլ փորձել է փակել դուռը, չի կարող ասել՝ ինչպես, բայց երբ ինքը քաշելէ  դուռը, այն կպել է Աշոտ Բ.-ին, վերջինս մեջքի վրա վայր է ընկել: Ինքը մեքենայից դուրս է եկել, կանչել է հերթապահին: Մոտեցել է Աշոտ Բ.-ին, նա այդ պահին գետնին կքանստած էր: Նրա շրթունքի աջ հատվածից արյուն էր գալիս: Հերթապահի օգնականը ջուր է բերել, լվացել են Աշոտի դեմքը, նրան տարել են բուժկետ: Ինքը գնացել է իր աշխատասենյակ, մի քանի րոպեից տեսել է, որ Աշոտ Բ.-ն դուրս եկավ բուժկետից, դուրս գնաց: Ինքը գնացել է նրա հետևից, հորդորել է, որ վերադառնա սենյակ ու պառկի: Նա ասել է, որ իրենք «ախպեր են»: Ինքը մեքենայով հեռացել է զորամասից: Հաջորդ առավոտյան զորամասում իմացել է, որ Աշոտ Բ.-ն աստիճաններից գլորվել է: Երբ տեսել է Աշոտ Բ.-ին, վերջինս ասել է, թե «խայտառակ է եղել, չի կարողանում լրջանալ»: Հաջորդ օրն ինքը բժշկական հանձնաժողովի ստուգմանն է ներկայացել իր գործերով: Եթե Աշոտ Բ.-ին  ինքը հարվածած լիներ, իր մարմնին բժիշկները վնասվածք կարձանագրեին, բայց վնասվածք չի եղել: Երեկոյան զորամասում տեսել է Աշոտ Բ.-ին՝ նրա աչքերի տակերը կապտած էին, դեմքն ուռած էր: Հետո բարեկամները նրան տեղափոխել են Երևան: Դեպքից մեկ ամիս անց ինքն իմացել է, որ Աշոտ Բ.-ն նաև պառկած տեղից էր ընկել, նրա ընկնելուց նույնիսկ գրասեղան էր ջարդվել... Ամբաստանյալ Հայկազ Հովհաննիսյանը պնդել է, թե ինքը Աշոտ Բ.-ին չի հարվածել, մարմնական վնասվածքներ չի պատճառել... Նրա կարծիքով՝ Աշոտ Բ.-ն մեղադրել է իրեն, քանի որ ալկոհոլի հետ սեր ունի, կնոջը և վերադաս սպաներին խոստացել էր այլևս չխմել, բայց խոստումը չէր կարողացել պահել: Եթե իմանային, որ Աշոտ Բ.-ն խմած վիճակում վայր է ընկել ու վնասվել, «նրա համար վատ կլիներ»: Տուժող Աշոտ Բ.-ն հայտնել է, որ դեպքի օրն ինքը տարվա ամփոփիչ ստուգման էր գնացել զորամաս: Մինչև կեսօր աշխատել է, ընդմիջման ժամին զորամասի հրամանատարը իրեն հրավիրել է խաշ ուտելու: Իրենց հետ են եղել նաև զորամասի թիկունքի պետն ու Հայկազ Հովհաննիսյանը: Ինքը զորամասի թիկունքի պետի հետ սննդի օբյեկտում մի թեթև վիճել է: Նա իրեն ասել է, թե ինքը չի կարողանում խմել, իսկ ինքը կատակով ասել է՝ եթե ուզեմ խմել՝ կխմեմ ինչ կա-չկա, քեզ էլ հետը կխմեմ: Հրամանատարը դիտողություն է արել իրենց, վեճը դադարել է: Հաց ուտելիս իրենք խմիչք օգտագործել են, բայց չեն հարբել: Հետո վերադարձել են զորամաս: Ինքը Հայկազ Հովհաննիսյանին խնդրել է մեքենայով իրեն տանել Ղալթախչի գյուղ՝ ընկերոջ տուն: Հայկազը մերժել է՝ ասելով, թե կնոջը հիվանդանոց է տանելու, ցույց է տվել բժշկական թղթեր: Ինքն ասել է, թե այդ թղթերից բան չի հասկանում, ու նորից է պնդել, որ նա իրեն տանի Ղալթախչի: Դրա հետ կապված՝ իրենք վիճել են: Այդ պահին իրենք երկուսով էին: Հայկազ Հովհաննիսյանն իր համար անսպասելի՝ գլխի ճակատային մասով հարվածել է իր դեմքին: Ինքը կորցրել է գիտակցությունը, բայց  հստակ հիշում է գլխի հարվածը, որից շշմել է, աղոտ հիշում է նաև Հայկազի բռունցքը, որը գալիս էր դեպի իրեն... Գիտակցության է եկել զորամասի պետերից մեկի սենյակում: Այնտեղ մնացել է մինչև դեկտեմբերի17-ը: Երբ գիտակցության է եկել, զանգել է իր հարազատներին, որ գան ու իրեն տանեն Երևան: Տուժողը նշել է, որ Հայկազ Հովհաննիսյանի հարվածներից իր առողջությանը ծանր վնաս է հասցվել, ինքը երկու անգամ ենթարկվել է գլխի ծանր վիրահատությունների, ձեռք է բերել հաշմանդամություն, որի պատճառով զորացրվել է: Ինքը ցանկանում էր շարունակել զինվորական ծառայությունը, բայց հաշմանդամության պատճառով չի կարողացել: Տուժողը Հայկազ Հովհաննիսյանին որևէ պահանջ չի ներկայացրել, խնդրել է նրա նկատմամբ մեղմ վարվել: Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ տուժողի գլխի շրջանի վնասվածքներն առաջացել են հարվածների, ոչ թե ընկնելու հետևանքով: Ընդհանուր իրավասության դատարանը Հայկազ Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար և վերջին հաշվով դատապարտել է 3 տարի 4 ամիս 7 օր ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի սեպտեմբերի 1-ից: