Նժդեհական կոմսոմոլների պարտությունը

Նժդեհական կոմսոմոլների պարտությունը

ՀՀԿ-ի բրենդային թեմաներից մեկը սերնդափոխությունն է, որը պետք է տեղի ունենար այս ընտրություններում, մանավանդ` դրանք անցկացվում էին «նոր ոգու» նշանաբանով: Իհարկե, դասական իմաստով, սերնդափոխություն տեղի ունենալ չէր կարող, որովհետև դա ոչ միայն տարիքային թարմացում է, այլ նաև դրա զուգակցումը մրցակցության և կրեատիվ գաղափարների հետ: Ինքնին հասկանալի է, որ ՀՀԿ երիտասարդ գործիչներն ավելի շատ նման են համակարգին ինտեգրված կոմսոմոլների, ովքեր, սակայն, ոչ թե մարքսիզմ-լենինիզմ են քարոզում, այլ մեզ «ցեղում» են Նժդեհի պատգամներով: Հանրապետական կոմսոմոլները թերևս շատ ոգևորվեցին Երևանի ընտրություններում իրենց դերակատարությամբ: Ընտրական ցիկլում նրանք, մեծ հաշվով, պարտվեցին: Օրինակ, մամուլը Էդուարդ Շարմազանովին համառորեն տեսնում էր ԱԺ նախագահի պաշտոնում, բայց Շարմազանովը երրորդ շեֆին դիմավորեց ու հարկադրված է լինելու մի բան էլ նրան ձոնել, երբ հասնի Բաբլոյանի պաշտոնը թողնելու պահը: Կարեն Ավագյանն այդպես էլ հանձնաժողովի նախագահի պաշտոնի երեսը չտեսավ` չնայած ասում են, որ օրեր շարունակ լուսացրել է ՀՀԿ գրասենյակում, որպեսզի հանկարծ բաց չթողնի Սերժ Սարգսյանի մոտ «պռախոդ» ունեցող հերթական բարեխոսողին: Սակայն իրապես նշանային ու ինդիկատորային դարձավ Արմեն Աշոտյանի երեկվա ընտրությունը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Մյուս ութ հանձնաժողովների նախագահները ստացել են 70-ից ավելի ձայներ, Աշոտյանն` ընդամենը` 56: ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանում ունի 58 պատգամավոր, նրա և ՀՅԴ կազմած կոալիցիան` 65: Ավելորդ է ասել, որ Աշոտյանի ընտրության համար չի կոնսոլիդացվել անգամ հանրապետական ամբողջ ռեսուրսը: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը որոշել է «պատժել» հանրապետական կոմսոմոլներից ամենաամբիցիոզին` մյուսներին դաս տալու համար: Շարմազանովը, Աշոտյանը Սերժ Սարգսյանին պետք էին, երբ քաղաքականությունը նրա օրակարգում մի փոքր տեղ ուներ, ասենք`2015-ին, երբ պետք էր քաղաքական դաշտն «ապադոդացնել»: Հիմա նոր ժամանակներ են` նոր հերոսներով: ՀՀԿ-ի կոմսոմոլները ոչ տոկոս «խփող» են, ոչ էլ` «նոր ոգի»` Սարգսյանի «հակառակորդների» հետ մարտերում մաշվելու հետևանքով: Նույնիսկ ավելին` Սարգսյան-Ծառուկյան «ախպերության» նոր փուլ է, որը չի հանդուրժում 2015-ի «կրուտիտ» անողներին: