Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդագրությունը խեղաթյուրված է.  նախկին նախարար

Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդագրությունը խեղաթյուրված է. նախկին նախարար

Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է հայկական բժշկական բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար լրացուցիչ քննություններ անցկացնելու իր որոշման մասին՝ նրանց գիտելիքների ստուգման, հետագայում նաև բժշկի լիցենզիայի տրամադրման նպատակով: Իր որոշումը, որը հրապարակվել է պաշտոնական կայքում, Իսրայելի առողջապահության նախարարությունը բացատրել է Հայաստանում սովորողների բժշկական պատրաստվածության ցածր մակարդակով, ինչը թույլ չի տալիս ընդունել նրանց ստացած բժշկական կրթության մասին սերտիֆիկատները: «Վերոնշյալի հետ կապված՝ ներկայումս խորհուրդ չի տրվում ուսումնասիրել բժշկական մասնագիտություններ Հայաստանում։ Նման հաստատություններում ուսումնառությունը իրականացվում է միմիայն ուսանողի սեփական նախաձեռնությամբ, որի համար պատասխանատվությունը ևս նա է կրում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանի խոսքով՝ որքան էլ մեր կրթական համակարգում խնդիր կա, ծրագրերն արդիականացված չեն, սակայն Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդագրությունը համարում է խեղաթյուրված, քանի որ նախ՝ այն, ինչ նշված է հաղորդագրության մեջ, սովորական պրակտիկա է և գործում է բոլոր երկրներում: «Մենք Բժշկական օգնության և սպասարկման մասին օրենք ունենք, որը սահմանում է, որ արտերկրից եկած ցանկացած քաղաքացի պետք է համապատասխան քննություններ հանձնի, նրա գիտելիքները գնահատվեն, որից հետո նոր նրան թույլ կտրվի բժշկական օգնություն իրականացնել: Նույն օրենքը՝ մի փոքր ավելի խիստ, մի փոքր ավելի սահմանափակ, գործում է Իսրայելում և աշխարհի բոլոր երկրներում: Չկա մի երկիր, որտեղ բժշկական կրթություն ստացածին ասեն՝ արի մեր երկիր, աշխատիր, ինչ ուզում ես՝ արա: Բժշկական օգնություն իրականացնողը պետք է որոշակի գիտելիքներ ունենա, և դա պետք է ստուգվի: Սա սովորական պրակտիկա է, որը գործում է բոլոր երկրներում: Հիմա դնել ու թմբկահարել Իսրայելի այդ հաղորդագրությունը, տեղին չէ: Եվ պարզ չէ, թե ինչու է Հայաստանը առանձնացվել այդ հաղորդագրության մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը: Նախկին նախարարի խոսքով՝ գուցե ծրագրերի համապատասխանեցման խնդիր կա, որ բարձրագույն կրթության մասին տրված վկայականը ճանաչվի այլ երկրում, դրա համար պետությունները պետք է համաձայնագրեր կնքեն, համապատասխանեցնեն իրենց ծրագրերը: «Դա շատ բարդ և երկարատև պրոցես է: Բայց որպեսզի պարզ լինի, ասեմ, որ Միացյալ Նահանգներում որոշակի նահանգներ կան, որտեղ բոլորովին այլ պահանջներ ունեն բժշկական գործունեությամբ զբաղվելու համար: Մի նահանգից մեկ այլ նահանգ տեղափոխվելիս առաջ է գալիս գիտելիքների վերագնահատման անհրաժեշտություն»,- նկատեց Մկրտչյանը՝ հավելելով. «Ես չեմ ասում՝ մեր բարձրագույն բժշկական համալսարանները հրաշալի գիտելիքներով են օժտում մեր ուսանողներին, որոնք հետո դառնում են մասնագետներ: Քավ լիցի, լրջագույն պրոբլեմներ կան մեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, բայց վեր կենալ հղում անել Իսրայելի առողջապահության նախարարությանը և հայտարարել, թե Հայաստանում բժշկական մասնագետները ոչինչ են , անընդունելի է: Իմ կարծիքով՝ սա խեղաթյուրված տեղեկատվություն է»,- ասաց նախկին նախարարը: Արարատ Մկրտչյանը վերջում ընդգծեց, որ ամեն դեպքում Հայաստանում կրթական ծրագրերի թարմացման, վերազինման անհրաժեշտություն կա, դա մշտական, անընդհատ գործընթաց է: «Եթե ծրագրերը չվերազինվեն, չթարմացվեն, այդ համակարգը կմեռնի: Իսկ բժշկագիտոթյան բնագավառը անընդմեջ վերազինման, թարմացման անհրաժեշտություն ունի: Բայց ես չէի ասի, որ մեզ մոտ բժշկական համակարգը արդիական չէ: Մենք լավ համակարգ ունենք, լրջագույն մասնագետներ ունենք, որոնք պարբերաբար նույն Իսրայելում սեմինարների են մասնակցում, վերապատրաստվում են: Սա է իրականությունը»,- եզրափակեց նախկին նախարարը: