Էրդողանը ձեռնունայն վերադարձավ Վաշինգտոնից. ամերիկացիները ձգում են Թուրքիայի զսպաշապիկը

Էրդողանը ձեռնունայն վերադարձավ Վաշինգտոնից. ամերիկացիները ձգում են Թուրքիայի զսպաշապիկը

  Թուրքագետ Լևոն Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսել է Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահների՝ մայիսի 16-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման և ընդհանրապես թուրք-ամերիկյան հարաբերությունների, Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին: - Պարոն Հովսեփյան, ի՞նչ հարցեր են քննարկել Թրամփը և Էրդողանը, ի՞նչ արդյունքներ են գրանցել բանակցությունները: Մասնավորապես, ի՞նչ արդյունքների կարողացել հասնել Թուրքիայի նախագահը՝ Թուրքիայի համար կարևոր հարցերի առնչությամբ: - Դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ չափազանց կարևոր էր պաշտոնական Անկարայի համար: Անշուշտ, Թուրքիան լուրջ սպասելիքներ ուներ այս հանդիպումից: Հիշում ենք նաև այն, որ ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Թուրքիայի իշխանությունները դրականորեն էին տրամադրված նոր վարչակարգի նկատմամբ և փորձում դրանով հետագայում լուծում տալ վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած խնդիրներին: Դատելով այցի մասին տեղեկություններից՝ չենք կարող խոսել որևէ առարկայական արդյունքի մասին: Պատճառը նաև այն է, որ հանդիպումը շատ կարճ է տևել՝ մոտ 20 րոպե, թեև Թուրքիայի բանակցային պայուսակում բավական լուրջ, կարևոր խնդիրներ կային: Բարդագույն այդ խնդիրները չէին կարող 20 րոպեի ընթացքում քննարկվել: Մասնավորապես, Թուրքիայի համար առաջնահերթ խնդիր է ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Սիրիայի հյուսիսում քրդական ժողովրդական պաշտպանության ուժերին: Էրդողանի այցից ընդամենը մի քանի օր առաջ Թրամփը որոշում էր կայացրել քրդերին զենքի նոր խմբաքանակ մատակարարելու մասին: Այս համատեքստում են հետագա գործողությունները Ռակկայում, սրանում Թուրքիայի մասնակցության ձևաչափի հարցը և ընդհանրապես ռազմագործողությունները, քրդական ուժերի ներգրավվածությունը: Մյուս կարևորագույն խնդիրը Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցն է: Երկար ժամանակ Թուրքիան համառորեն փորձում է հասնել դրան, բայց որևէ արդյունքի չի հասնում: Այսպիսով, Էրդողանը բավական լուրջ, բարդագույն խնդիրների փաթեթով էր մեկնել Վաշինգտոն, բայց կարծում եմ, որ սրա հետ կապված՝ առարկայական արդյունքները շոշափելի չեն: Չեմ կարծում, որ Թուրքիան հասել է այն նպատակներին, որի համար Էրդողանը լիահույս գնում էր Միացյալ Նահանգներ: - Այսինքն՝ եթե հանդիպումն ընդամենը 20 րոպե է տևել, պետք է ենթադրել, որ լուրջ քննարկում չի եղել, Էրդողանը չի կարողացել հասնել էական արդյունքների: - Միանշանակ այո: Նման կարճ ժամանակահատվածում ոչ միայն չէին կարող քննարկվել վերջին տարիներին Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում ստեղծված լուրջ խնդիրները, հակասությունները, այլև առավել ևս հնարավոր չէր 20 րոպեում համաձայնության հասնել այդ հարցերի շուրջ: Այլ բան է, որ հանդիպումից հետո՝ մամուլի ասուլիսի ժամանակ, որոշակի հայտարարություններ արվեցին, բայց այդ հայտարարությունները պետք չի դիտարկել իրական քաղաքական գործընթացներում տեղի ունեցող զարգացումների համատեքստում: Հայտարարություններում մի բան կարող է ասվել, բայց իրական պրոցեսները բոլորովին այլ կարող են լինել: Օբամայի նախագահության շրջանում հարաբերությունները Թուրքիայի հետ էլ ավելի էին սրվել, և պաշտոնական Անկարան հարաբերությունների վատթարացումը կապում էր Օբամայի նախագահության հանգամանքի հետ, բայց իրականում նույն հռետորաբանությունը կիրառվել է նաև Օբամայի վարչակազմի կառավարման տարիներին՝ ռազմավարական դաշնակիցներ, PKK-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) դեմ պայքար և այլն, և այլն: Ուստի չեմ կարծում, որ սա բեկումնային կամ «պատմական» հանդիպում էր, ինչպես Անկարան էր սպասում: Այդուհանդերձ, հարկավոր է հաշվի առնել մի քանի գործոններ, թե ինչու է այդպես: Առաջինը, ԱՄՆ վարչակարգի ներսում կան բավական լուրջ խնդիրներ. կան խմբավորումներ, թևեր, որոնք ոչ միայն մրցակցում են իրար հետ, այլև ունեն տարբեր պատկերացումներ: Ընդ որում, խոսքն այն խմբավորումների մասին է, որոնք բավական լուրջ դեր են խաղում որոշումների կայացման գործընթացում: Մասնավորապես՝ Պետդեպարտամենտի, ուժային, հատուկ ծառայությունների և այլ համակարգերում: Վարչակարգի մեջ կան թևեր, որոնք այլ պատկերացումներ ունեն այն խնդիրների մասին, որոնք բարձրաձայնում է Անկարան: Երկրորդը, պետք է փաստել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում այնպիսի ծանր բեռ է կուտակվել, որ հնարավոր չէ դրանք հաղթահարել նման հանդիպումների ձևաչափով, կարճաժամկետ: Միացյալ Նահանգներն այնպիսի լծակներ է ձեռք բերել, որոնք չեն տեղավորվում Թուրքիայի շահերի մեջ, սակայն չափազանց կարևոր են Վաշինգտոնի համար, մասնավորապես՝ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնապաշտպանական ուժերի հովանավորումը և սպառազինումը, որը պայմանավորված է «Իսլամական պետության» դեմ ամերիկյան ռազմավարությամբ: Որպես դաշնակից՝ Միացյալ Նահանգները չի կարող հրաժարվել այդ կարևոր լծակից: - Կարծում եք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարդացումը պայմանավորված է ԱՄՆ-ի բազմավեկտոր քաղաքականությա՞մբ, որովհետև Միացյալ Նահանգները սովորաբար սիրում է «խաղադրույք անել» ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի խաղացողների վրա, այլ կերպ ասած՝ դաշնակցում է Մերձավոր Արևելքի տարբեր, հաճախ իրար հետ հակադիր շահեր ունեցող երկրների և ուժերի հետ: - Կարող ենք նաև այդպես մեկնաբանել: Միացյալ Նահանգներն այն գերտերությունն է, որը պատկերավոր ասած՝ կարող է իրեն նման շքեղություն թույլ տալ: Բայց մյուս կողմից՝ պետք է հաշվի առնենք նաև Թուրքիայի քաղաքականությունը, որովհետև ի տարբերություն նախորդ տարիների՝ բավական լուրջ տեղաշարժեր են կատարվել թուրք-ամերիկյան հարաբերությունների տրամաբանության մեջ, և Թուրքիան փորձում է իր արտաքին քաղաքականության մեջ հանդես գալ ավելի ինքնուրույն և անկախ դիրքերից, ինչն, անշուշտ, որոշակի հակասություններ է առաջացնում Արևմուտքի և մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Կարող ենք նաև ասել, որ այս տարիներին Միացյալ Նահանգները, հանդիսանալով Թուրքիայի դաշնակիցը, զսպման տարբեր մեխանիզմներ է կիրառել Թուրքիայի նկատմամբ: Իսկ վերջին շրջանում տեսնում ենք, որ այդ զսպման մեխանիզմները ոչ միայն ուժեղացել են, այլև լուրջ խնդիրներ են ստեղծել երկկողմ հարաբերություններում: - Ձեր կարծիքով՝ Էրդողանը չի՞ կարողացել Թրամփի հետ բանակցություններում օգտագործել Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները խորացնելու խաղաքարտը կամ նույնիսկ սպառնալիքը՝ ամերիկացիներից զիջումներ կորզելու նպատակով: - Անկասկած Անկարան մշտապես շահարկել է այդ խաղաքարտը՝ փորձելով օգտագործել մի կողմի համար ոչ ցանկալի գործողությունները՝ մյուս կողմից իր համար շահավետ զիջումներ ստանալու նպատակով, բայց այս պարագայում չեմ կարծում, որ դա օրակարգային խնդիր է Միացյալ Նահանգների համար: Որքան էլ Թուրքիան փորձի խաղադրույք կատարել այդ գործոնի վրա, այնուամենայնիվ դա չի տա սպասված արդյունքը, որը կբավարարի Թուրքիային: Անշուշտ, Թուրքիան անընդհատ փորձում է խաղարկել իր՝ ամերիկյան շահերին ոչ համահունչ վարքագիծը կամ քաղաքականությունը, ինչպես, օրինակ, Ռուսաստանի կամ Չինաստանի հետ հարաբերությունների պարագայում: Երկկողմ հարաբերություններում շատ լուրջ խնդիրներ կան, որոնք հաղթահարելը բավական երկար ժամանակ կպահանջի: - Այցի օրը Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ տեղի է ունեցել միջադեպ՝ Էրդողանի թիկնապահները հարձակվել և բռնության են ենթարկել Թուրքիայի նախագահի դեմ կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցներին: Սա կարո՞ղ է ազդել թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա, ունենալ հետևանքներ: - Չեմ կարծում, թե միջադեպը ազդեցություն կունենա պաշտոնական հարաբերությունների վրա, բայց անշուշտ էապես կազդի իմիջի, Թուրքիայի վարկանիշի առումով, տեղեկատվական հարթության մեջ: Ամեն դեպքում միջազգային ողջ լրահոսը հեղեղված էր այդ իրադարձություններով, և կրկին Էրդողանը իր պաշտոնական այցի ժամանակ հայտնվում է բռնության միջադեպի կիզակետում, որին ուղղակիորեն ներգրավված են Էրդողանի թիկնապահները: Սա նորություն չէ, արդեն որերորդ անգամ Էրդողանի անվտանգության աշխատակիցները նման պահվածք են ցույց տալիս՝ հայտնվելով սկանդալի կիզակետում: Նմանատիպ միջադեպ գրանցվել էր Էրդողանի՝ նաև 2016-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: Արամ Սարգսյան