Ռոբսոնի կործանիչ հետևանքները. պետք է հարցաքննել Քոչարյանին և Սերժ Սարգսյանին

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: -Օրերս Հայաստանի ներդրողների ակումբի անդամներից մեկը՝ Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, Չեխիայում ձերբակալվել է «օրենքով գողերի» հավաք կազմակերպելու ժամանակ: Նա ունեցել է նաև դիվանագիտական անձնագիր, որի կապակցությամբ արտաքին գործերի նախարարությունն արդեն տարածել է հաղորդագրություն: Որքանո՞վ է նպատակահարմար այսպիսի անհատներին դիվանագիտական անձնագիր տալը, դուք այստեղ խնդիր չե՞ք տեսնում՝ միջազգային հարթակում Հայաստանի հեղինակության հետ կապված: -Խնդիր տեսնում եմ, իրապես անհասկանալի է, թե դիվանագիտական ներկայացուցչություններում ում են նշանակում, ինչ չափանիշներով են նշանակում: Պարբերաբար դիվանագիտական ներկայացուցիչների գործունեության մասին ԶԼՄ-ներով հաղորդումներ են ներկայացնում Ուկրաինայում, Բելառուսում, Թուրքմենստանում Լեհաստանում, որտեղ Հայաստանի նախկին դեսպանի հետ կապված հարցեր կային, սա մեկ այլ հարց է, որի լուծման միակ տարբերակն այն է, որ հատկապես դեսպանը նշանակվի ԱԺ-ի կողմից՝ ինչպես ԱՄՆ-ում է: Մեզ մոտ Օրենսդիր մարմինը որևէ մասնակցություն չունի դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման գործում: Ձեր նշած փաստի հետ կապված երևույթը բոլորովին այլ է: Երեկ Ռուբեն Թաթուլյանը հայտարարեց, որ իրեն չեն ձերբակալել, ամեն ինչ նորմալ է... Խոսքը չի վերաբերում ձերբակալելուն կամ չձերբակալելուն, խոսքը վերաբերում է քրեական աշխարհի ներկայացուցիչ լինելու հանգամանքին, և երկրորդ՝ քրեական աշխարհի ներկայացուցիչ լինելով հանդերձ՝ իշխանությունների հետ սերտ հարաբերությունների մեջ լինելուն: -Նկատի ունեք այն լուսանկարները, որոնք համացանցում տարածվե՞լ էին: -Այո՛: Մինչ այդ լուսանկարներ կային, որտեղ Սերժ Սարգսյանն էր՝ Իսպանիայում գործարարներից մեկի հետ, որին ձերբակալել էին փողերի լվացման հետ կապված հարցով: Այսինքն՝ մենք ունենք լուրջ խնդիր, որը ես համարում եմ ազգային անվտանգության հետ կապված հարց և պետության անվտանգության հետ կապված հարց, որ քաղաքական իշխանությունը, հանձին հանրապետության նախագահի, անմիջականորեն համագործակցում է քրեական աշխարհի հետ: Կա կարծիք, որ քրեական աշխարհի ներկայացուցիչ լինելու հանգամանքը կարևոր չէ, կարևորը ֆինանսական ներդրումն է: Բայց այդ դեպքում մենք գործ ունենք ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների ներդրման հետ, որը կոչվում է փողերի լվացում: Դրանով Հայաստանը դառնում է միջազգային կոռուպցիոն համակարգի բաղկացուցիչ մասը: Եվ սա պետք է հանդիսանա Գլխավոր դատախազության, ԱԱԾ-ի, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի, Հատուկ քննչական ծառայության առաջնահերթ խնդիրը: Պետք է անհապաղ քրեական գործ հարուցվի և հարցաքննեն՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից... Բոլոր ներդրողների հետ կապված պետք է լուրջ ստուգում կատարվի՝ նրանց գումարների ծագումն օրինական հիմք ունի՞, թե՞ ոչ... Ս. Սարգսյանը հայտնվել է անհարմար վիճակի մեջ, ստիպված է բացատրություն տալ, իհարկե մենք գիտենք, որ նա բացատրություն տալու բնավորություն չունի, բայց իմ հարցը հասցեագրված է Գլխավոր դատախազությանը. «Ինչո՞ւ եք անգործ նստած, ծպտուն չեք հանում... Մենք պատրաստվում ենք հաղորդում տալ Գլխավոր դատախազությանը և Ազգային ավտանգության ծառայությանը, որ քննության առարկա դարձնեն նախագահ Ս. Սարգսյանի և վարչապետ Կ. Կարապետյանի՝ քրեական աշխարհի հետ համագործակցության վերաբերյալ հարցը: Հայաստանը դառնում է քրեական աշխարհի ներկայացուցիչների ազատ գործողության տարա՞ծք. սա արդեն կդառնա ոչ թե պետություն, այլ քրեական իշխանության և քրեական տնտեսություն ունեցող մարմին: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում: