Ռուսաստանին «դեղին քարտ» ցույց տալու ժամանակը

Ռուսաստանին «դեղին քարտ» ցույց տալու ժամանակը

«Ռուսաստանը ԵԱՏՄ մեր անդամակցությունից հետո ավելի մեծ քանակի կործանարար զենք է վաճառել Ադրբեջանին, քան մինչ այդ: Երևի, դա էլ այդ միության փաթեթի մեջ է մտնում»,-խորհրդարանական ամբիոնից հայտարարել է պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Միանգամայն օբյեկտիվ գնահատական է և, հանուն արդարության, արձանագրենք, որ Մարուքյանը այս կարծիքը քանիցս հնչեցրել է նաև նախորդ խորհրդարանում և քչերից մեկն էր, որ դեմ է քվեարկել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ նոր խորհրդարանում էապես փոխվել է Մարուքյանի քաղաքական կարգավիճակը: Նա այլևս անկախ պատգամավոր չէ և ներկայացնում է կոնկրետ խմբակցություն, դեռ ավելին` գլխավորել է «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը: Այստեղ արդեն մի քանի հարցեր են առաջանում: Արդյո՞ք Էդմոն Մարուքյանը արտահայտել է միայն սեփական կարծիքը, իսկ «Ելքը» շարունակում է հավատարիմ մնալ «մետության» բացառման սկզբունքին, մանավանդ, որ խմբակցությունը ղեկավարում է այդ գծի ջատագով Նիկոլ Փաշինյանը, թե՞, այնուամենայնիվ, սկզբունքային այդ հարցում Մարուքյանն արտահայտել է ընդհանուրի կարծիքը: Եթե գործ ունենք «Ելքի» կարծիքի հետ, ապա խմբակցությունը փաստորեն ԵՏՄ-ն սպառնալիք է համարում մեր ազգային անվտանգությանը ու տրամաբանական կլինի, որ խորհրդարանում պաշտոնապես բարձրացնի ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը: Դա կլինի հստակ, սկզբունքային քաղաքական դիրքորոշում, նախաձեռնություն: Իհարկե, կանխատեսելի է, որ մյուսները դեմ կքվեարկեն ու «Ելքի» նախաձեռնությունը կտապալվի, բայց նույնիսկ այդ դեպքում` Հայաստանը շահելու է: Իշխանությունները, ճկուն լինելու պարագայում, խորհրդարանական «ըմբոստությունը» կարող են օգտագործել` ԵՏՄ-ում կամ հայ-ռուսական հարաբերություններում ավելի ուժեղ դիրքերից ներկայանալու համար: Արևմտյան կառույցների համար կֆորմալիզացվի հայաստանյան գործընկերը, որի հետ կարող են աշխատել թե խորհրդարանական և թե արտախորհրդարանական հարթակներում: Եվ վերջապես` «Ելքն» իրական քայլ կանի ընդդիմադիր էլեկտորատին կոնսոլիդացնող արժեքային մեսիջ ուղարկելու հարցում: Եթե «Ելք»-ում անիմաստ կհամարեն այս նախաձեռնությամբ հանդես գալը, որովհետև այն կարող է վնասել դաշինքային միասնությանը, ապա խմբակցության քաղաքական հեռանկարը, մեղմ ասած, մշուշոտ է: Եթե «Ելք»-ում այս նախաձեռնությունն անիմաստ կհամարեն պատճառաբանությամբ, որ մեծամասնությունը, միևնույն է, այն մերժելու է, ապա առհասարակ անիմաստ էր մանդատ վերցնելը, որովհետև եթե այդ տեսանկյունից ենք գնահատում ընդդիմության գործունեության ՕԳԳ-ն, ապա այն հավասարվում է գրեթե զրոյի. աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որպես կանոն, մեծամասնությունները մերժում են ընդդիմության նախաձեռնությունները, սակայն դրանք անպայման հետք են թողում վարվող քաղաքականության վրա, ձևավորում են հանրային կարծիք, նաև ազդում են երկրի հանդեպ ձևավորված միջազգային ընկալման վրա: