Բաքվին պարտադրում են հրադադարի մեխանիզմը այլ կերպ

Բաքվին պարտադրում են հրադադարի մեխանիզմը այլ կերպ

Արցախի Հանրապետության և Ադրբեջանի սահմանին հերթական միջադեպի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը անկասկած բավական հետաքրքիր է և ամենևին ոչ հերթական: Դա վկայում է, որ, մեղմ ասած, ոչ հերթական է դիտվել նաև Ադրբեջանի սադրանքը, երբ կառավարվող հրթիռով հարվածել են հայկական ՀՕՊ կայանին և փորձել շարքից հանել այն: Բարեբախտաբար, հայկական կողմը չունի մարդկային կորուստ, ինչն, ըստ ՊՆ խոսնակի, այն բանի շնորհիվ է, որ տեխնիկան եղել է լավ և հմուտ քողարկված ու պաշտպանված: Հրադադարի խախտման բնույթն այնպիսին էր, որ փորձագետների մի ստվար մասի հիմք տվեց խոսելու այն մասին, որ Ադրբեջանն այդպիսով մոտեցնում է նոր պատերազմը: Սա, իհարկե, հարաբերական պնդում է: Ի վերջո, հարց է առաջանում՝ եթե Բաքուն մոտեցնում է նոր պատերազմը, ապա ինչո՞ւ պետք է պատերազմից առաջ «մատնի» իրեն: Իսկ դա այլ բան չէր, քան հենց «մատնություն»: Ադրբեջանն անկասկած չի հրաժարվել ռազմական մտադրություններից, և պատերազմի վտանգը, անշուշտ, առկա է, սակայն անկասկած է նաև, որ այդպես պատերազմ Բաքուն չի սկսելու: Այդ դեպքում, իհարկե, հարց է առաջանում, թե ինչո՞ւ պետք է համանախագահները անեին ըստ էության աննախադեպ հայտարարություն և մատնացույց անեին Բաքվի պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ Ադրբեջանն է արձակել հրթիռը և նոր միայն ստացել հայկական պատասխան: Նախ՝ արժե հիշել, որ համանախագահների այդօրինակ հայտարարությունն այդքան էլ աննախադեպ չէ: 2015 թվականի հունվարին, երբ Ադրբեջանը Հայաստանի՝ ԵՏՄ պաշտոնական անդամության մեկնարկից սկսեց ինտենսիվ լարել իրավիճակը դիվերսիոն գրոհների միջոցով, ինչը հանգեցրեց երկկողմ զոհերի, համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Դրանում ասվում էր, որ Ադրբեջանը պետք է հավատարիմ լինի հրադադարի պահպանման հանձնառություններին: Ադրբեջանի պատասխանատվության շեշտադրումը, որոշակի հասցեականությունը այդքան էլ աննախադեպ չէ և նորություն չէ: Մինչդեռ 2015 թվականի այդ հայտարարությունից հետո Բաքուն ոչ միայն չհանդարտվեց, այլ եղավ նաև ապրիլի պատերազմը: Իհարկե, իրավիճակները, նաև ձևակերպումներն ու շեշտադրումները ամենևին նույնական չեն, և դրանք երբեք չեն կրկնվում, առավել ևս՝ մեծ քաղաքականության մեջ: Ամենափոքր նրբերանգը անգամ կարող է հանգեցնել մեծ փոփոխության: Մյուս կողմից՝  անհրաժեշտ է նկատել թերևս մեկ այլ՝ բավականին նուրբ մի ասպեկտ: Փետրվարին Բաքուն փորձեց գրոհ նախապատրաստել կամ գրոհի իմիտացիա: Ստացավ հայկական ուժերի ծանր հակահարվածը, ընդ որում, կանխարգելիչ հարվածը՝ չեզոք գոտում թողնելով էլիտար ստորաբաժանումների ջոկատի անդամների դիեր, այդ թվում՝ հետախուզության ղեկավար կազմից: Միևնույն ժամանակ, ամենաէականն այդ իրավիճակում այն էր, որ փաստորեն պարզվեց հայկական առաջնագծի տեխնոլոգիական համալրման, այսպես ասած, ներուժը և տեսադիտարկման այն նոր հետախուզական կարողությունները, որոնք հայկական կողմին տալիս են հակառակորդի խորքային շարժերը արձանագրելու և ժամանակին կանխարգելիչ գործողություններ կատարելու, այսպես ասած՝ անսպասելիության էֆեկտը չեզոքացնելու հնարավորություն: Դա զուտ տեխնիկական խնդիր չէ, այլ նաև քաղաքական, ինչն արձանագրեց ադրբեջանական մամուլը՝ աղաղակելով, թե ամերիկացիները հայկական կողմին ապահովել են ժամանակակից սահմանային սարքավորումներով: Ավելին, հայկական կողմը ոչ միայն հասցրեց կանխարգելիչ հարված, այլ նաև ներկայացրեց Ադրբեջանի նախահարձակ լինելու ապացույցները: Դրանից հետո Ադրբեջանը շփման գծում կտրականապես հրաժարվեց դիվերսիոն ներթափանցումների փորձերից՝ հասկանալով, թե ինչ վտանգով է դա հղի: Այդպիսով, անուղղակի, պայմանական, սակայն արձանագրվեց նոր իրավիճակ, երբ Բաքվին հարկադրվեց հրադադար առնվազն մի տարբերակի՝ դիվերսիոն ներթափանցման փորձերի առումով: Այսինքն՝ Բաքուն զրկվեց այդ գործիքը լայնորեն կիրառելու միջոցով շփման գծում լարվածության հնարավորությունից: Պատահական չէ, որ փետրվարից հետո Բաքուն դիմել է միայն դիպուկահարների «օգնությանը»: Միևնույն ժամանակ անկասկած էր, որ Ադրբեջանի համար դա, մեղմ ասած, «այն կալիբրը» չէ, որով կարող է լուծել խնդիրներ իր՝ առանց այդ էլ փակուղային իրավիճակում: ՀՕՊ կայանի ուղղությամբ արձակված հրթիռային հարվածի առանձնահատկությունը հենց այդտեղ է, ոչ թե պատերազմական նախապատրաստություն լինելու վտանգի մեջ: Ադրբեջանը, փետրվարին ծանր հարված ստանալով և, այսպես ասած, տեխնիկապես, ինստիտուցիոնալ առումով զրկվելով իր ռազմական դիվանագիտության հնարավորություններից մեկից՝ դիվերսիոն գրոհների հնարավորությունից, որոնում է նոր «կալիբր»՝ համարժեք: Հրթիռի կիրառումն այդ որոնումների շրջանակում է, և այդ իմաստով է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունն առանձնահատուկ: Բաքվին փաստորեն թույլ չեն տալիս մեծացնել կալիբրը կամ, այլ կերպ ասած, հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը խոչընդոտող Բաքվին փաստորեն այլ կերպ են պարտադրում այդ «մեխանիզմները»՝ քայլ առ քայլ սահմանափակելով ադրբեջանական ռազմական շանտաժի դիվանագիտության «գործիքակազմը»: Բաքվին պարտադրում են հրադադարի մեխանիզմը, բայց քայլ առ քայլ նեղացնելով «կալիբրը»: Դա, իհարկե, հազիվ թե լինի արագ գործընթաց, սակայն միտումն ինքնին կարևոր է, ու ԵԱՀԿ հայտարարությունը արժեքավոր է հենց այդ միտումը հստակ արտահայտելու տեսանկյունից: