Հայ մարզիկի չեմպիոնական հաղթանակը «դժոխքում»՝ «Արցախի» հնչյունների ներքո…

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ խառը մենամարտերի Fight Nights Global մրցաշարի եզրափակիչը Ռուսաստանը ներկայացնող Վարդան Ասատրյանի և ղազախ մարզիկ Ժալգաս Ժումագուլովի միջև: Նախքան մենամարտը Ժումագուլովը հայտարարել էր, Ղազախստանի կենտրոնական «Բարիս» արենայում ուղղակի սատկացնելու է հայ մարզիկին: Ասատրյանի մրցակիցը կշռման արարողության ժամանակ դիմելով սադրանքի՝ ամեն գնով ցանկացել էր ծեծկռտուք հրահրել նշելով, որ «Բարիս» արենայում ինքը և 12 հազար երկրպագուները հայ մարզիկի համար մենամարտը դժոխքի են վերածելու: Նշենք, որ Ժումագուլովը մեծ հեղինակություն է վայելում Ղազախստանում: Մինչև Ասատրյանի հետ մենամարտը նա անցկացնելով 11 մարտ՝ 9 հաղթանակ է տոնել և երկու պարտություն կրել: Խառը մենամարտերի մասնագետները կողմերի հնարավորությունները հավասար էին գնահատում: Ասատրյանը զերծ մնալով ամպագորգոռ հայտարարություններից, ասել էր, որ իրեն ամենևին չի անհանգստացնում մարտի՝ Ժումագուլովի հայրենիքում կայանալու փաստը: Մենամարտն անցավ լարված և անզիջում պայքարում: 5 ռաունդներում ունենալով շոշափելի առավելություն Ասատրյանը մրցավարների որոշմամբ նվաճեց Fight Nights Global-ի թեթեւագույն քաշում առաջին չեմպիոնական գոտին: Հիշեցնենք, որ, այս տարվա փետրվարի 23-ին Ասատրյանը Fight Nights Global մրցաշարի կիսաեզրափակչում նոկաուտով հաղթանակ էր տարել ադրբեջանցի մարզիկ Էլնար Իբրահիմովի նկատմամբ, որից հետո ծածանել էր Արցախի Հանրապետության պետական դրոշը: Fight Nights ընկերությունը խզել էր պայմանագիրը Ասատրյանի հետ: Մարզիկի հետ համագործակցության դադարեցման պաշտոնական պատճառ էր դարձել էթիկայի նորմերի խախտումը, որն արտահայտվել է քաղաքական բովանդակության խորհրդանիշի գործածմամբ։ Ապրիլի 19-ին Fight Nights Global-ը պաշտոնական գրություն էր հղել Ասատրյանին՝ հայտարարելով, որ ներում է շնորհել հայազգի մարզիկին: Ասատրյանի և Fight Nights Global-ի միջև նոր պայմանագիր էր կնքվել: Այս փաստը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել Ադրբեջանում: Հարևան երկրում կարծում են, որ ռուսական պրոմոութերական ընկերությունը լկտի կերպով ծանր հարված է հասցրել ադրբեջանցի ժողովրդի ինքնասիրությանը: Որոշ մարզիկներ էլ, անդրադառնալով Fight Nights Global-ի որոշմանը, նշել են, որ եթե Աստանայում Ասատրյանը բարձրացնի Արցախի դրոշը իրենք ուրիշ քայլերի կդիմեն: Ասատրյանի՝ բազմաթիվ անգամ Արցախի դրոշը բարձրացնելու հետևանքով առաջացած աղմուկի հետևանքով Fight Nights Global-ը պաշտոնապես նոր կանոնադրություն է հաստատել, ըստ որի՝ մարտերի ժամանակ քաղաքական խորհրդանիշներ գործածող մարզիկները կտուգանվեն կամ ընդհանրապես կորակազրկվեն: Այս օրենքը ուժի մեջ է մտել ապրիլի 21-ից: Մինչ այդ մարզիկների՝ քաղաքական խորհրդանիշներ օգտագործելը արգելող որևէ կանոնադրություն չի գործել: Եվ ահա Ժումագուլովի հետ մենամարտի ժամանակ Ասատրյանը մրցահարթակ դուրս եկավ Արա Գևորգյանի հայտնի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո: Չհամաձայնվելով մրցավարների որոշմանը Ղազախստանի ներկայացուցիչը մարտից հետո հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել այն: Fight Nights Global-ի ղեկավարներն էլ արդեն իսկ խոսում են հնարավոր ռևանշի մենամարտի մասին: «5 ռաունդից բաղկացած ցանկացած մենամարտ հետաքրքրության տեսանկյունից պետք է կրկնվի: Մարտն իսկապես լարված էր և դիտարժան: Որպես երկրպագու ցանկանում եմ, որ կայանա ռևանշի մենամարտը: Այս պահին ստույգ չեմ կարող ասել կողմերը կցանկանան նորից հանդիպել, թե ոչ: Նշեմ սակայն, որ մեր կազմարպերպությունն ունի իր կանոնակարգը որի հիմքում ընկած է մարզիկների վարկանիշը: Եթե պարտվելուց հետո մարզիկը հաջորդ մարտն ավարտում է հաղթանակով, ապա նա նորից է հնարավորություն ստանում վիճարկել չեմպիոնական գոտին: Ասատրյանի հետ նորից հանդիպելու համար Ժումագուլովը ևս մեկ մարտ պետք է անցկացնի և հաղթի: Բացի այդ ղազախ մարզիկը բողոքարկել է մրցավարների որոշումը: Սպասենք վերջնական որոշմանը որից հետո որոշակի հստակեցում կլինի»,- ասել է Fight Nights Global-ի նախագահ Քամիլ Հաջիևը: Մարտից հետո Ասատրյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրպագուներին, ովքեր աջակցել են իրեն թե մրցավայրում, և թե «Բարիս» արենայից դուրս: