Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ռուսական օբյեկտ է

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ռուսական օբյեկտ է

 «Առաջին լրատվական»զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։ -Պարոն Արշակյան, Չեխիայի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Կառլովի Վարիում ձերբակալել են ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանին: Նա Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է: Կառավարության ներկայացուցիչները մեծ հաշվով որևէ խնդիր կատարվածի մեջ չեն տեսնում: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը: -Հռոմում, ընդհանրապես աշխարհում հասարակական զուգարաններ չկային: Եվ գարշահոտություն էր: Վեսպասիանոս կայսրը հրամայում է Հռոմում կառուցել վճարովի հանրային զուգարաններ պետական գանձարանի համար: Որդին նախատում է նրան իր այդ նախաձեռնության համար, թե գարշահոտությունից է այդ գումարը գոյանում, ինչին Վեսպասիանոսը հպարտությամբ պատասխանում է՝ «Деньги не пахнут»: Սակայն սա ունի բացասական իմաստ՝ փողը գարշահոտ է, եթե այն գարշահոտությունից է ձևավորվել: Այսինքն՝ ամեն փող չի, որ կարելի է օգտագործել, փողը պետք է մաքուր լինի: Հանցագործ ճանապարհով ձեռք բերված փողը հանցանքին մասնակից լինել է նշանակում, այն օգտագործողը մասնակից է հանցանքի: Դա է ընդհանրապես բանաձևը: Մարդիկ, թե հիմա ինչ բացատրություն են տալիս, ներդրում, բարեգործություն, նման բան չկա, հանցագործությունը մնում է հանցագործություն և դա դատապարտելի է: -Հայաստանի ներդրողների ակումբում բացառապես Ռուսաստանի հայ գործարարներն են: Նման բացահայտումները առհասարակ կասկածի տակ չեն դնո՞ւմ այդ ակումբի գործունեությունը: -Այդ ակումբն ընդհանրապես անհեթեթություն է, դա քարոզչական միջոցառում է: Հայաստանում ներդրում կատարելու համար (եթե Ռուսաստանի մասին է խոսքը) անհրաժեշտ է, որ Լադա, Վոլգա և Զիլ գործարանները պատվիրեն Հայաստանի էլեկտրատեխնիկական գործարանին արտադրել դինամոներ, ռելեի գործարանները արտադրեն նրանց համակարգերի համար ռելեներ, «Հրազդան Մաշը» նրանց համար արտադրի փոխանցումների տուփի համար անվադողեր: Այսինքն՝ ներդրում նշանակում է կազմակերպել արտադրություն և ծառայություններ, որոնք ունեն սպառում ներսում կամ դրսում, իսկ այդպես փողը բերում են Հայաստան, որ ինչ անեն: Այսինքն՝ դա ներդրում չէ, սա քարոզչական անիմաստություն է: Պետք է լինի տնտեսական համագործակցություն, եթե ԵԱՏՄ-ի մասին է խոսքը, ուրեմն մենք պետք է ներգրավված լինենք այդ տնտեսական համագործակցության մեջ: Հայաստանի արդյունաբերությունը պետք է վերագործարկել ներդրումների, նոր տեխնոլոգիաների միջոցով: Բայց հայտնի է, որ տեխնոլոգիաների վրա արգելք է դրված Ղրիմի զավթումից, Դոնբասի պատերազմից հետո: Եվ հիմա այդ տեխնոլոգիաների վրա արգելք է դրված: Ով այդ մասին խոսում է, ուրեմն մտածում է, որ այդ արգելքները կհանվեն, Ղրիմը կվերադարձվի Ուկրանիային, Դոնբասում պատերազմը կդադարի, այդ ժամանակ համաշխարհային ֆինանսական «կոկորդիլոսները» կամ «շնաձկները» փող կտան Ռուսաստանին, և ռուսահայերը կբերեն այդ գումարը Հայաստանում կդարձնեն տեխնոլոգիաներ, արտադրություն, ծառայություն և ինչու ոչ՝ ենթակառուցվածքներ: Հենց որ մեկը ասում է ներդրում, անպայման պետք է ասի, թե դա ինչպիսին է լինելու. արտադրություն-ծառայություն նոր տեխնոլոգիաներով: Փողերը, այո, հոտած փողեր են, չի կարելի օգտվել հոտած փողերից, և երբ խոսում են ներդրումների մասին, պետք է ասեն, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, որպեսզի փող-տեխնոլոգիա-արտադրություն կազմակերպի Հայաստանում: Քանի դեռ դրանք չկան, քարոզչություն է և էժանագին քարոզչություն է: -Պարոն Արշակյան, ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀ դեսպանը Մոսկվայում ստիպված է թիկնապահներով շրջել: Նաև նշվում է, որ նոր դեսպանը որոշ կոմերցիոն կառույցներից պահանջել է ազատել Հայաստանի դեսպանատանը պատկանող տարածքները և փաստացի զինված դիմադրության է հանդիպել: Տողանյանը Երևանի ու Մոսկվայի տարբեր հայկական խմբերի կողմից լուրջ ճնշման տակ է հայտնվել: Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք ՀՀ դեսպանատներ տարբեր երկրներում բիզնես կառույցների են վերածվել, դիվանագիտական համարանիշներ են վաճառում և այլն: -Ինչպես ասացի՝ «Деньги не пахнут»: Հայրենիքն են ծախում, համարանիշն ի՞նչ է, որ չծախեն: Հայաստանի դեսպանատունը Ռուսաստանում ռուսական օբյեկտ է, ռուսական ծառայություն: Ռուսաստանում 14 նահանգապետ կոռուպցիայի պատճառով բանտում են: Ռուսաստանում եթե կոռուպցիան դադարի՝ ռուսական պետությունը կկազմաքանդվի, դա իշխանության բաղադրիչ մասն է: Ռուսաստանի դեսպանատունը Հայաստանում ամբողջությամբ ռուսական տարածքն է, հետևաբար այնտեղ ճիշտ այն բարքերն են, ինչպես Ռուսաստանում: Հայաստանը, համեմատած ԵԱՏՄ մյուս երկրների հետ, Հայաստանը նաև ժողովրդավարական, օրինապահ երկիր է, բայց մենք կամաց-կամաց գլորվում ենք այնտեղ: Իսկ դեսպանի թիկնապահով ման գալուն պետք չէ զարմանալ, Ռուսաստանում ով թիկնապահով ման չի գալիս՝ թիրախ է և զոհ: Ռուսաստանից ութ պատգամավոր հեռացել է և Եվրոպայում ապաստան խնդրել քրեական հետապնդումների ենթարկվելու համար: Սա քաղաքական մոտիվացիա է, սակայն իշխանությունը այն քրեական հետապնդում է համարում: Էլ ինչ եք ուզում այդ երկրից, և մեր դեսպանատունը այնտեղ պետք է ապրի այնպես, ինչպես ապրում են ռուսներն իրենց երկրում՝ եթե ցուրտ է լինում, նրանք պետք է տաք հագնվեն, եթե շոգ է, ուրեմն պետք է թեթև հագնվեն: