Լիարժեք բանակցությունները պահանջում են նախագահների հանդիպում․ Ռիչարդ Հոգլանդ

Լիարժեք բանակցությունները պահանջում են նախագահների հանդիպում․ Ռիչարդ Հոգլանդ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը պատասխանել է «Առաջին լրատվական»-ի հարցերին: - Պարոն դեսպան, Դուք վերջերս ելույթ էիք ունեցել Վաշինգտոնի Atlantic Council կենտրոնում կայացած «Հայ-ադրբեջանական հակամարտության միջազգային քաղաքականություն» համաժողովին՝ ասելով, որ այսօր Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների սեղանին դրված են ճգնաժամային վիճակից դուրս գալու հիմնարար առաջարկներ և փաստաթղթեր, և ոչ ոք չպետք է հրաժարվի դրանցից: Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ փաստաթղթերի կամ առաջարկների մասին է խոսքը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների՞: Պե՞տք է սպասենք առաջընթացի այս համաձայնությունների կատարման հարցում՝ հաշվի առնելով Ադրբեջանի մերժողական դիրքորոշումը: - Տարիների ընթացքում առաջ են քաշվել Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման մի շարք փաստաթղթեր ու առաջարկներ: Ընդհանուր առմամբ այս փաստաթղթերն ու առաջարկները մեկը մյուսին չեն հակասել ու պարունակել են տարբեր դրական տարրեր: Այս պահին չեմ կարծում, որ տեղին է նշել այս կամ այն փաստաթուղթը, սակայն ուզում եմ հավաստիացնել, որ երկու կողմերն ունեն քննության առնելու կոնկրետ նյութեր, ինչը նրանք արեցին նաև հենց վերջերս արտգործնախարար Լավրովի հրավերով Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպման ընթացքում: - Դուք ասում եք, որ այսօր միջնորդների հիմնական խնդիրներից մեկը վստահության այնպիսի մթնոլորտ ստեղծելն է, որը թույլ կտա բանակցային սեղանի շուրջ նստեցնել հակամարտող կողմերին: Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ կողմերի միջև վստահությունը ավելացնելու համար՝ շփման գծում մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմներ ներդնելուց բացի: Պե՞տք է արդյոք մոտակա ամիսներին սպասենք միջնորդական նոր նախաձեռնությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից: - Ի վերջո, թե՛ Երևանում, թե՛ Բաքվում առաջնորդները պետք է քաղաքական կամք դրսևորեն, որպեսզի հասնեն մի այնպիսի կարգավորման, որը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: Ինչ վերաբերում է համանախագահող պետությունների նոր նախաձեռնություններին, ապա նշեմ, որ թե՛ Վաշինգտոնում, թե՛ Փարիզում նոր կառավարություն է ձևավորվել, և բնական է, որ այս կառավարությունները կարող են վերանայել տարբեր հարցերում իրենց արտաքին քաղաքականությունը: Ուզում եմ պարզ լինի, որ ես այստեղ որևէ բան չեմ ակնարկում: Ես էլ ձեզ նման ուշադիր հետևելու եմ, որպեսզի տեսնեմ, թե ինչ կլինի  քաղաքականության վերանայման  արդյունքում: - «Ամերիկայի Ձայն»-ի հայկական և ադրբեջանական ծառայությունների լրագրողներին տված հարցազրույցում կարծիք էիք հայտնել, թե Մոսկվան չի ցանկանում պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կամ Լեռնային Ղարաբաղում: Սա պիտի ընդունենք որպես զուտ դիվանագիտական հայտարարությո՞ւն: Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մրցավազք պարտադրելը, Ձեր կարծիքով, պատերազմ հրահրել չէ՞: - Ես հաստատապես հավատացած եմ, որ Մոսկվան չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ նման պատերազմը կարող է արագ տարածվել տարածաշրջանով ու անգամ ավելի հեռու, իսկ դա վստահաբար Ռուսաստանի շահերից չի բխում: Ձեր հարցի երկրորդ մասի հետ կապված՝ այո,  տրամաբանական է հարցնել երկու կողմերին զենքի մատակարարման մասին՝ լինի վարկային, թե կանխիկ ռեսուրսների հաշվին: Երբեմն, պետությունների հաշվարկներով, ռազմավարական հավասարությունը կարող է նպաստել կայունությանը: Ես չեմ ուզում որևէ բան ասել հօգուտ կամ ընդդեմ Ռուսաստանի՝ կապված այս հարցի հետ: Գուցե այս հարցն ուղղեք Ռուսաստանին: - Ե՞րբ կարելի է սպասել Ղարաբաղյան հիմնախնդրի բուն կարգավորման շուրջ լիարժեք բանակցությունների վերսկսման: Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանությունների կողմից տեսնո՞ւմ եք արդյոք պատրաստակամություն իսկապես բանակցելու հիմնախնդրի վերջնական լուծման հարցի շուրջ: - Կարծում եմ՝ ձեր հարցում առանցքայինը «լիարժեք» բառն է, որովհետև կողմերն արդեն բանակցային սեղանի շուրջ են, ինչի մասին փաստում է ապրիլի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում: Այն, ինչ անհրաժեշտ է, «լիարժեք» բանակցություններն են, որը, սակայն, նախագահների հանդիպում է պահանջում: Մենք՝ ԵԱՀԿ եռանախագահներս (Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա և Ռուսաստան), առաջիկա շաբաթների ընթացքում կվերադառնանք Ադրբեջան և Հայաստան, որպեսզի խրախուսենք քաղաքական գործընթացի առաջխաղացումը:   Լուսանկարը՝ GettyImage-ի