ԱԺ-ն կքննարկի՞ ՀՀԿ-ի համար «ձայն բերող» տնօրեններին պատժի ենթարկելու հարցը

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը այսօր Ազգային ժողովում Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու Վարդան Բոստանջյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ են ընտրություններին ցուցակագրած դպրոցների ու մանկապարտեզների Հանրապետական տնօրեններին պատժի ենթարկելու հարցը քննարկման առարկա դարձնել հանձնաժողովում: Նա նաև հետաքրքրվեց, թե  ինչպես է Բոստանջյանը վերաբերում կրթօջախների կուսակցականացմանը: «Խոշոր առումով ես հասկանում եմ, որ այդ հարցը, իհարկե, պետք է դնել քննարկման, պետք է լսել, բայց ես չեմ կարծում, որ պատժամիջոցների ինստիտուտ պետք է կիրառենք: Բոլոր դեպքերում կարող են լինել բացթողումներ, կարող են լինել ոչ ցանկալի զարգացումներ: Բնականաբար, մենք պետք է ամրագրենք ու դրա դեմ գտնենք միջոցներ, որ չկրկնվեն», - ի պատասխան հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն: Անդրադառնալով պատգամավորի՝ կրթօջախների կուսակցականացման վերաբերյալ հարցին, Բոստանջյանը նշեց. «Այո, ստացվել է այդպես: Ոչ թե որևէ մեկն ասում է՝ դու արի՛, կուսակցական դառի՛, պարզապես իրանք դառնում են կուսակցական: Ի՞նչ կարող ենք անել»: Մանրամասները՝ տեսանյութում: