Ի՞նչ ապացուցեց Մխիթարյանը Մոուրինյոյին պատմական հանդիպումից առաջ…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Սաութհեմփթոնին»: Ժոզե Մոուրինյոյի թիմը յուրօրինակ ցուցանիշ սահմանեց Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ 15 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Թեև Անգլիայի առաջնության ավարտին դեռևս մեկ տուր կա, այդուհանդերձ, արդեն իսկ պարզ է, որ «Յունայթեդը» կզբաղեցնի 6-րդ հորիզոնականը: Սա չափազանց ցածր արդյունք է հեղինակավոր ակումբի համար: Գոլազուրկ հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ գոհ է իր ֆուտբոլիստների, մասնավորապես՝ կիսապաշտպանների խաղից: Ի տարբերություն նախորդ հանդիպումների՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այս անգամ գործեց հիմնականում կիսապաշտպանության աջ եզրում և կենտրոնում: Պոգբայի բացակայության պայմաններում գրոհները զարգանում էին Մխիթարյանի և Մատայի միջոցով: Հերթական անգամ այս ֆուտբոլիստների համագործակցությունը տպավորիչ էր և արդյունավետ: Մոուրինյոյի հրահանգով Մխիթարյանը համեմատաբար ավելի քիչ էր նահանջում և օգնում պաշտպանների: Արդյունքում մեր ֆուտբոլիստը թարմ տեսք ուներ նաև հանդիպման վերջնամասում ու չփոխարինվեց: Նախորդ մի քանի հանդիպումներում Մխիթարյանը խաղալով ձախ եզրում՝ միաժամանակ կատարում էր հարձակվողի, կիսապաշտպանի և պաշտպանի պարտականություններ, ինչի հետևանքով էլ վատնելով ուժերը՝ հանդիպման վերջնամասում փոխարինվում էր: «Մեր ֆուտբոլիստներն անհատապես լավ գործեցին: Գոհ եմ բոլոր ֆուտբոլիստների և հատկապես կիսապաշտպանների խաղից: Տղաները ապացուցեցին, որ արժանի են խաղալու «Այաքսի» հետ պատմական հանդիպմանը: Կիրակի Պրեմիեր լիգայի վերջին հանդիպումը կանցկացնենք: Կարծում եմ՝ երկրպագուները ըմբռնումով կմոտենան մեր թիմին, քանզի խաղադաշտում կլինեն մեծ թվով երիտասարդներ: Հուսով եմ՝ երկրպագուներին դուր կգա նոր թիմը, որը ամեն ինչ կանի երեք միավոր վաստակելու համար: Կրկին անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆուտբոլիստներին: «Սաութհեմփթոնն» ուժեղ թիմ է, և 0:0 հաշիվը վատ արդյունք չէ»,- հայտարարել է Մոուրինյոն: Այն, որ կիսապաշտպանները ապացուցեցին, որ բարձրության վրա են և կարող են թիմին օգնել Եվրոպա լիգայի եզրափակչում, կարծում ենք՝ ակնհայտ է: Իսկ թե ինչ ապացուցեց Մխիթարյանը Մոուրինյոյին կարևորագույն հանդիպումից առաջ, կտեսնենք մայիսի 24-ին՝ Ստոկհոլմում: Որպես նոմինալ կիսապաշտպան «Սաութհեմփթոնի» դեմ Մխիթարյանին խաղացնելով, կարծում ենք, Մուրինյոն մարտավարական փորձարկում իրականացրեց: Հավանական է, որ «Այաքսի» դեմ հենց այս խաղային սխեմայով գործի Հայաստանի ազգային հավաքականի ավագը: Մոուրինյոյի հայտարարությունն էլ վկայում է, որ նա գոհ է մնացել Մխիթարյանի, ինչպես նաև Մատայի և Ֆելաինիի խաղից: Վերջինը «Սաութհեմփթոնի» հետ հանդիպման վերջնամասում վնասվածք ստացավ և հնարավոր է՝ բաց թողնի եզրափակիչ հանդիպումը: Մոուրինյոն մտավախություն է հայտել որ Ֆելաինիի վնասվածքը լուրջ է: Նկատենք, սակայն, որ հենակետայինի դիրքում Մոուրինյոն տրամադրության տակ ունի Կարիկի և Էրերայի պես փորձառու ֆուտբոլիստների: «Լրագրողների համար «Այաքսի» հետ հանդիպումից կախված է այս մրցաշրջանում մեր լավ կամ վատ ելույթը: Շատերն արդեն վերնագրեր են մտածել եզրափակչի վերաբերյալ: Ես հասկանում եմ, որ մեկ հանդիպումը կարող է էական նշանակություն ունենալ՝ փոխել վերաբերմունք մեր նկատմամբ, հնարավորություն տալ հանդես գալու չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Սակայն ես այն մասնագետների դասին չեմ պատկանում, ովքեր մտածում են, որ մեկ գոլը, մեկ սեյվը մեկ հանդիպումը կարող են ճակատագրական լինել: Ես գիտեմ, թե ինչպես են աշխատել տղաներն այս մրցաշրջանում: Մենք փայլուն աշխատանք ենք կատարել: Հաղթահարել ենք բազմաթիվ դժվարություններ և անցկացրել բազմաթիվ տպավորիչ ու գրավիչ հանդիպումներ: Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով և հույս ունեմ, որ պատմական խաղում նրանք մեծ հաղթանակը վայելելու հնարավորություն կունենան»,- նշել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: