Շատերն էին դժգոհում սահմանափակումներից, սակայն ոչ ոք չէր զբաղվում. ՀԲՖ գլխավոր քարտուղար

Շատերն էին դժգոհում սահմանափակումներից, սակայն ոչ ոք չէր զբաղվում. ՀԲՖ գլխավոր քարտուղար

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նիստում օրեր առաջ որոշում է ընդունվել, որի համաձայն՝ միության անդամ երկրների մարզիկները չեն կարող համարվել լեգեոներներ: Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի անդամներ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Նիստում որոշում է կայացվել նաև, որ միության անդամ երկրներում մարզիկների նկատմամբ գործող սահմանափակումները պետք է վերացվեն: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան դեռևս 2016 թվականի հունիսին դիմել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն՝ նշելով, որ հայ բասկետբոլիստները լուրջ խոչընդոտների են հանդիպում Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ գործում են լեգեոներների սահմանափակումներ: Նախարարությունը ֆեդերացիայի դիմումի հիման վրա դիմել էր ԵԱՏՄ-ին: Ընդունված նոր որոշման հեռանկարի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ: - Պարոն Նազարյան, ինչպե՞ս կբնութագրեք ԵԱՏՄ-ի որոշումը լեգեոներ համարվող բասկետբոլիստների վերաբերյալ: - Երկար սպասված որոշում էր, քանի որ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող բասկետբոլիստները բազմաթիվ խնդիրների էին բախվում հատկապես Ռուսաստանում, ինչի մասին նախկինում բազմիցս խոսվել է: Նախորդ տարի, երբ բարձրացրինք այս հարցը և համապատասխան դիմումներ ներկայացրինք, գիտակցում էինք, որ խնդիրը 1-2 օրում չի կարող լուծվել, բայց ի վերջո պետք է հարթվի: Այս որոշումը նաև բարձրացնում է ԵԱՏՄ-ի հեղինակությունը՝ ցույց տալով, որ այն ձևական կառույց չէ... Ժամանակին նույն խնդիրները եղել են նաև Եվրամիությունում, բայց աստիճանաբար ամեն ինչ կարգավորվել է: Պարզապես անհրաժեշտ է, որ ազգային ֆեդերացիաները հետևողական լինեն և պաշտպանեն իրենց մարզիկների շահերը: - Կարելի՞ է ասել, որ լեգեոներների սահմանափակման վերացումը կնպաստի Հայաստանի ազգային հավաքականի ուժեղացմանը: - Անշուշտ, դա կնպաստի մեր հավաքականի ուժեղացմանը, սակայն սխալ կլինի ասել, թե մեր հույսը միայն սահմանափակման վերացումն է: Գլխավոր խնդիրն այն էր, որ շատերը պրոֆեսիոնալ կարիերայում արհեստական խնդիրների էին բախվում, չէին կարողանում ակումբներ գտնել այդ սահմանափակումների պատճառով: Այսօր ունենք նաև պատանի հայ բասկետբոլիստներ, որոնք չեն կարողանում Ռուսաստան տեղափոխվել այդ սահմանափակման պատճառով... - Մեր երկրում քանի՞ բասկետբոլիստներ կան, որոնց խաղամակարդակը ներում է խաղալ Ռուսաստանում: - Դա շատ բարդ հարց է, քանի որ Ռուսաստանը ունի բազմաթիվ լիգաներ... Ես կարող եմ ասել, որ 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն ունեցող 10 բասկետբոլիստ ակումբի խնդիր ուներ սահմանափակումների պատճառով: Նրանք հիմնականում Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների խաղացողներ էին: Այս տարվա ամռանը մենք 6 տարիքային հավաքական ենք ուղարկելու միջազգային ստուգատեսների, և այդ հավաքականներում շուրջ 16 թեկնածու կա Ռուսաստանից, այդ թվում՝ աղջիկներ... - Ռուսական լիգաներում մինչ այս կայի՞ն բասկետբոլիստներ, ովքեր սահմանափակման պատճառով հրաժարվում էին խաղալ Հայաստանի հավաքականներում: - Մեծամասնությունը համաձայնել էր, դրա համար էլ խնդիրների առաջ էին կանգնել: Կան մի քանի խաղացողներ, որոնք այս սահմանափակումների վերացումից հետո ևս կցանկանան միանալ հավաքականներին: Նրանց շարքում կառանձնացնեի Արտյոմ Յակովենկոյին, ով ազգությամբ հայ է: Յակովենկոն «Սախալին» ակումբի խաղացող է, նախկինում հաջողությամբ հանդես է եկել ՎՏԲ լիգայում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը մեծ ցանկություն ունի Արտյոմին տեսնել հավաքականում: - Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան առաջինը հանդես եկավ մեր հայաստանցի բասկետբոլիստների՝  ԵԱՏՄ-ի երկրներում լեգեոներ չհամարվելու միջնորդությամբ: Կարո՞ղ ենք ասել, որ ՀԲՖ-ի շնորհիվ սայլը տեղից շարժվեց: - Պաշտոնապես այդպես է: 2-3 տարի է՝ շատերն էին դժգոհում սահմանափակումներից, սակայն պաշտոնապես ոչ ոք չէր զբաղվում: Նախորդ տարի մեր ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը Մոսկվայում շուրջ 1 ամիս հանդիպումներ ունեցավ այս հարցի շուրջ: Ավելի ուշ բելառուսները ևս միացան նախաձեռնությանը: Կարևորը, որ խնդիրը լուծում ստացավ... Պետք է նշել նաև, որ սպորտի նախարարությունը հետևողական աշխատանք կատարեց այս հարցում: