Ռևանշի խաղն առանց Մխիթարյանի՞

Ռևանշի խաղն առանց Մխիթարյանի՞

Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում վաղը «Տոտենհեմը» Լոնդոնում կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հաղթանակի դեպքում «Տոտենհեմը» առաջնության ավարտից երկու խաղ առաջ կնվաճի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնի կոչումը անհասանելի դառնալով «Մանչեսթեր Սիթիի» համար: 35 հանդիպումներից հետո լոնդոնյան ակումբն ունի 77, իսկ «Մանչեսթեր Սիթին» 69 միավոր: «Տոտենհեմը» գործնականում ապահովել է երկրորդ հորիզոնականը: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը «Տոտենհեմի» համար նաև սկզբունքային է և այս թիմի գլխավոր մարզիչը՝ Մաուրիսիո Պոչետինոն մեծ ցանկություն ունի արծաթե մեդալի հարցը վճռել հենց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տնային մրցավեճում: 2016 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած առաջին շրջանի մրցավեճում «Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում առավելության էր հասել՝ 1:0 հաշվով: Ժոզե Մոուրինյոյի թիմին հաղթանակ էր պարգևել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ խփելով իր առաջին գոլը Պրեմիեր լիգայում: Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի՝ «Սելտայի» հետ պատասխան հանդիպումից հետո Մոուրինյոն հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին երեք հանդիպումներին դրսևորվելու հնարավորություն կտա երիտասարդ ֆուտբոլիստներին: Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Ստոկհոլմում «Մանչեսթեր Յունայթեդը» Ամստերդամի «Այաքսի» հետ կվիճարկի Եվրոպա լիգայի գավաթը: ««Այաքսի համար առաջնությունն ավարտվում է մայիսի 14-ին: Ստացվում է, որ մեր մրցակիցը 12 օր կունենան եզրափակիչ հանդիպմանը նախապատրաստվելու համար, իսկ մենք դեռ երեք հանդիպում պետք է անցկացնենք Պրեմիեր լիգայում: Իրականում բավական բարդ իրավիճակում ենք հայտնվել: Մայիսի 21-ին խաղ ունենք «Քրիստալ Փելասի» հետ: Հույս ունեմ, որ այդ հանդիպումը «Փելասի» համար մրցաշարային առումով նշանակություն չի ունենա: Պատրաստվում եմ բազմաթիվ փոփոխություններ կատարել: Առաջիկայում հանդես կգանք բոլորովին նոր կազմով խաղալու հնարավորություն տալով երիտասարդ ֆուտբոլիստներին: Էական չէ, թե ինչպես կավարտվի Պրեմիեր լիգայի վերջին տուրի հանդիպումը: Մրցաշրջանի կարևորագույն հանդիպումը կայանալու է Ստոկհոլմում: Հաղթանակը տիտղոսից բացի հնարավորություն կտա գալիք մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում»,- նշել է Մոուրինյոն: Վերջինի խոսքերը վկայում են այն մասին, որ Անգլիայի Պրեմիեր լիգան արդեն իսկ ավարտված է պորտուգալացի մասնագետի համար: Վնասվածքներից խուսափելու համար Մոուրինյոն հատկապես «Տոտենհեմի» հետ մրցավեճում կարծում ենք հանգստանալու հնարավորություն կտա մի շարք առաջատարների այդ թվում նաև Մխիթարյանին ով «Սելտայի» հետ պատասխան հանդիպման լավագույն խաղացողներից մեկն էր: Թե ինչ կազմով «Մանչեսթեր Յունայթեդը» կսկսի «Տոտենհեմի» հետ հանդիպումը դժվար է ասել: Գուշակություններից զերծ են մնում նաև բրիտանական պարբերեկանների վերլուծաբանները: «Տոտենհեմի» հետ հանդիպումից ընդամենը երեք օր հետո կրկին Պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ մրցելու է «Սաութհեմփթոնի» հետ: Պրեմիեր լիգայում «Յունայթեդն» այս պահին 65 միավորով միայն 6-րդ հորիզոնականում է: 5-րդ տեղում գտնվող «Արսենալն» ունի 66, իսկ լավագույն քառյակը եզրափակող «Մանչեսթեր Սիթին» 69 միավոր: Երեկ «Վեսթ Բրոմվիչի» հետ արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթանակ տոնելով Լոնդոնի «Չելսին» ժամանակից շուտ նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: 36 խաղում «Չելսին» վաստակել է 87 միավոր ինչը բավական բարձր արդյունք է: