Աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնները՝ ըստ Strategy Analytics-ի վերլուծաբանների

Աշխարհի ամենավաճառվող սմարթֆոնները՝ ըստ Strategy Analytics-ի վերլուծաբանների

iPhone 7-ը դարձել է 2017 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային շուկայում ամենավաճառված «խելացի» հեռախոսը։ Նման տվյալներ է ներկայացրել Strategy Analytics վերլուծական ընկերությունը։ Վերոնշյալ ժամանակահատվածում Apple-ի սմարթֆոնի ակտուալ մոդելը վաճառվել է 21.5 մլն օրինակով, ինչը կազմել է վաճառված սարքերի ընդհանուր թվի 6 տոկոսը։ Հետազոտողների խոսքով՝ iPhone 7-ը եղել է առավել մեծ ժողովրդականություն վայելող սմարթֆոնն աշխարհում՝ շնորհիվ գրավիչ դիզայնի, օգտագործման հարմարավետության, որակյալ հավելվածների մեծ բազմազանության։ Երկրորդ տեղում է iPhone 7 Plus-ը՝ 17.4 մլն վաճառքի միավորով (շուկայում մասնաբաժինը՝ 4.9 տոկոս)։ Այսինքն՝ Apple-ի երկու սարքերը զբաղեցրել են առաջին եռամսյակում շուկայի ավելի քան 10 տոկոսը։ Սմարթֆոնն այնքան պահանջված է եղել, որ կալիֆորնիական կորպորացիան հազիվ է կարողացել ապահովել պատվերների քանակը։ Հետաքրքիր է, որ առաջատարների եռյակը եզրափակում է ոչ թե Samsung-ի արտադրանքը, այլ չինական Oppo R9s-ը։ Երեք ամսում այն վաճառվել է 8.9 մլն օրինակով։ Չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցնում են Samsung-ի J3 (6,1 մլն, 1,7%) և J5 (5 մլն, 1,4%) մոդելները։