Սառույցը հալվում է. բացառիկ հնարավորություն Ռուբեն Հայրապետյանի և Դավիթ Յուրչենկոյի համար

Սառույցը հալվում է. բացառիկ հնարավորություն Ռուբեն Հայրապետյանի և Դավիթ Յուրչենկոյի համար

Մոտ մեկ ամսից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի շրջանակներում արտագնա մրցավեճում կհանդիպի Մոնտենեգրոյի հետ: Հաղթելու դեպքում մեր հավաքականը լուրջ հայտ կներկայացնի ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու: Այսօր Հայաստանի հավաքականում գլխավոր խնդիրը բարձրակարգ դարպասապահի բացակայությունն է: Արսեն Բեգլարյանը հեռանկարային դարպասապահ է, բայց նրա անկայուն խաղը կարող է ուղղակի ձախողել մեր հավաքականին: Առկա խնդրի հետ կապված օրեր առաջ հայտարարությամբ հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս ըստ էության կարևորագույն այս հարցը փորձում է լուծել Մախաչկալայի «Անժիում» հանդես եկող հայազգի Դավիթ Յուրչենկոյին ազգային թիմ հրավիրելով: «Այն պահից ի վեր, երբ իմացել ենք, որ Դավիթ Յուրչենկոն հայազգի է, և հնարավորություն ունի հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, ջանք չենք խնայել և բազմաթիվ քայլեր ենք արել նրան Հայաստանի ազգային հավաքական հրավիրելու կապակցությամբ: Նրա համար խոչընդոտ էր հանդիսանում այն հանգամանքը, որ, հանդես գալով Հայաստանի ազգային հավաքականում, Ռուսաստանում կհամարվեր լեգիոներ: Բացի այդ Դավիթը հույս ուներ հանդես գալ Ռուսաստանի ազգային հավաքականում: Հիմա մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել, որ ինչպես ես, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, պատրաստ ենք ևս մեկ անգամ հրավիրել Յուրչենկոյին Հայաստանի ազգային հավաքական, որի դռները միշտ բաց են նրա համար: Մենք գրկաբաց սպասում ենք, որ Յուրչենկոն կընդունի մեր հրավերը և կմիանա Հայաստանի ազգային հավաքականին»,-նշել էր Հայրապետյանը: Մոնտենեգրոյի հետ խաղի նախաշեմին Հայրապետյանի նման քայլը վկայում է հայկական ֆուտբոլի վերնախաղը գիտակցելով իրավիճակի լրջությունը ձեռնամուխ է եղել ուժեղացնել Հայաստանի հավաքականը: Դեռևս 2015 թվականին բոլորը սպասում էին, որ Յուրչենկոն կմիանա Հայաստանի հավաքականին, սակայն դա տեղի չունեցավ: Ռուբեն Հայրապետյանի վերջին հայտարարությանն անմիջապես արձագանքել է Յուրչենկոն, նշելով որ պատրաստ է բանակցել ՀՖՖ-ի հետ և հրավեր ստանալու դեպքում հստակ պատասխան կտա: Յուրչենկոն նշել է նաև, որ միակ խոչընդոտը Ռուսաստանում լեգեոներ դառնալու հարցն է, որը սակայն լուծելի խնդիր է: Նշենք, որ Յուրչենկոն 31 տարեկան է: Հայաստանի հավաքականի հրավերը ընդունելով նրա համար կստեղծվի բացառիկ հնարավորություն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու: Իսկ աշխարհի առաջնությունում խաղը ցանկացած ֆուտբոլիստի երազանք է: Այս ամենը գիտակցելով Յուրչենկոն կարծում ենք ամեն ինչ կանի որպեսզի մասնակցի առաջիկա հանդիպմանը: Աշխարհի առաջնությունում հայտնվելը բացառիկ հնարավորություն է նաև Ռուբեն Հայրապետյանի համար, որ արդեն 15 տարի զբաղեցնում է ՀՖՖ-ի նախագահի պաշտոնը: Եզրափակիչ փուլում հայտնվել ինչ խոսք պատմական հաջողություն կլինի հայկական ֆուտբոլի համար: Յուրչենկոյի նկատմամբ բարի կամքի դրսևորումը ֆուտբոլասերների շրջանում հույսեր է արթնացրել, որ ՀՖՖ-ն Մոնտենեգրոյի հետ խաղից առաջ բանակցություններ կսկսի նաև Յուրա Մովսիսյանի հետ: Եթե պաշտպանական և կիսապաշտպանական օղակները մեր հավաքականում կարելի է ասել բավարար մակարդակի վրա են, ապա հարձակվողի հարցը ևս լուրջ է: Գևորգ Ղազարյանի ծանր վնասվածքի պայմաններում մեր հավաքականի առջևի գիծն ավելի է թուլացել: Մովսիսյանը ով հանդես է գալիս ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքում», այսօր լավ մարզավիճակում է գտնվում և նրա ազգային հավաքականը վերադառնալն ուղղակի անհրաժեշտություն է: Համաձայնվեք, որ դարպասապահի և հարձակման օղակի խնդիրները լուծելու դեպքում Հայաստանի հավաքականն իրական հնարավորություն կունենա Մոնտենեգրոյին հաղթելու և շարունակելու պայքարը ենթախմբում երկրորդ հորիզոնականի համար: Հունիսի 4-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Սենթ Քիթս և Նևիսի հավաքականի հետ, իսկ հունիսի 10-ին կկայանա Մոնտենեգրոյի հետ մրցավեճը: Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին Հայաստանի հավաքականի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում դրամատիկ պայքարում 3:2 հաշվով առավելության է հասել Մոնտենեգրոյի նկատմամբ: