Ինչու Մխիթարյանը վրիպեց. Մոուրինյոյի առեղծվածը

Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթելով «Սելտային»՝ «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ քայլ կատարեց դեպի եզրափակիչ: Անգլիական ակումբը իր մյուս հանդիպումների համեմատ բալանսավորված և գրագետ ֆուտբոլ ցուցադրեց: Համաձայնեք, սակայն, որ Ժոզե Մոուրինյոյի թիմը նման խաղով պետք է ավելի համոզիչ հաշվով հաղթանակ տաներ: Միայն առաջին կեսում «Յունայթեդը» չօգտագործեց երեք իրական գոլային հնարավորություն: Նպաստավոր դիրքերից վրիպեցին Հենրիխ Մխիթարյանն ու Ջեսի Լինգարդը: Վերջինս երկրորդ կեսում ևս մեկ անգամ չօգտագործեց 100 տոկոսանոց գոլային հնարավորությունը: Հանդիպման միակ և հաղթական գոլն արձանագրվեց ստանդարտ դիրքից՝ տուգանային հարվածով: Ողջ մրցաշրջանի ընթացքում գոլային պահերը չօգտագործելը «Յունայթեդի» համար մնաց օրակարգային խնդիր: Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Անդերլեխտի» հետ մրցավեճում չիրացրեց առնվազն 7 գոլային պահ: Նման օրինակները բազմաթիվ են: Ո՞րն է վրիպումների պատճառը: Ուղղակի ծիծաղելի կլինի ասել, որ Լինգարդին կամ Մխիթարյանին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը վարպետության պակասի պատճառով: Շատ վերլուծաբաններ «Յունայթեդի» վրիպումները առեղծվածային մի երևույթ են որակում: Նշենք, սակայն, որ եթե թիմը ամիսներ շարունակ թույլ է տալիս աբսուրդային վրիպումներ, ապա խնդիրը պետք է ունենա բացատրություն: Անգլիայի Պրեմիեր լիգայում «Յունայթեդը» 14 հանդիպում ավարտել է ոչ-ոքի: Մի փոքր ավելի դիպուկ գտնվելու դեպքում Մոուրինյոյի թիմը այսօր տեղ կզբաղեցներ մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակում: Ուսումնասիրելով «Յունայթեդի» ընթացիկ մրցաշրջանում անցկացրած հանդիպումները՝ վրիպումների տևական երևույթը կարող ենք բացատրել միայն Մոուրինյոյի տակտիկական մոդելների չափից ավելի փոփոխություններով: Մասնավորապես, Մխիթարյանը, Լինգարդը, Մարսիալը, Մատան, ինչու չէ՝ նաև Ռեշֆորդը ըստ էության դեռևս չեն գտել իրենց տեղը խաղադաշտում: Հայաստանի հավաքականի ավագին մի դեպքում կարող ենք տեսնել կիսապաշտպանության ձախ եզրում: Մի քանի օր հետո էլ Մոուրինյոն Մխիթարյանին օգտագործում է կիսապաշտպանության աջ եզրում կամ ենթահարձակվողի դիրքում: Նույնը կարելի է ասել վերը թվարկած մյուս ֆուտբոլիստների մասին: Զլատան Իբրահիմովիչը «Յունայթեդում» բարձր արդյունավետությամբ աչքի ընկավ այն պարզ պատճառով, որ բոլոր հանդիպումներն անցկացրեց կենտրոնական հարձակվողի դիրքում: Խաղային գոտիների շարունակ փոփոխությունը ֆուտբոլիստների մեջ առաջացնում է ավելորդ լարվածություն: Առաջին հայացքից թվում է, թե էական տարբերություն չկա ձախ կամ աջ եզրերում խաղալու մեջ: Բայց հարձակողական ոճի ցանկացած խաղացող ժամանակի ընթացքում սովորում է այն խաղային դիրքին, որտեղ նրան խաղացնում է մարզիչը, և, այսպես ասած, բռնում է այդ դիրքից հաջողության հասնելու «սամթը»: Մոուրինյոյի դեպքում ֆուտբոլիստը խաղից առաջ պատկերացում չունենալով, թե որ դիրքում է խաղալու, արդեն իսկ բարդույթավորվում է: Վստահ ենք՝ եթե Հենրիխ Մխիթարյանը ողջ մրցաշրջանի ընթացքում խաղար, ասենք, կիսապաշտպանության ձախ եզրում, ապա նրա խփած գոլերի թիվ շատ ավելի մեծ կլիներ: «Շատ գոհ եմ մեր թիմի ցուցադրած խաղից, սակայն արդյունքից բավարարված չեմ: Առաջին կեսում պետք էր երեք կամ գոնե 2 գոլ խփեինք, սակայն հանդիպման առաջին 45 րոպեներն ավարտվեցին գոլազուրկ ոչ-ոքի: Մենք իսկապես լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, և տրամաբանական կլիներ, եթե եզրափակչի ուղեգրի հարցը լուծեինք առաջին իսկ խաղում: Ցավալի է, բայց հիմա ամբողջ ուժով պետք է խաղանք «Օլդ Թրաֆորդում»,- հայտարարել է Ժոզե Մոուրինյոն: Ինչևէ, «Սելտայի» հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Մխիթարյանը: Թվիթերյան իր միկրոբլոգում մեր ֆուտբոլիստը գրել է. «Հյուրընկալվելիս կարևոր հաղթանակ տարանք: Հիմա անհամբերությամբ եմ սպասում մեր երկրպագուների աջակցության ներքո խաղալուն»: «Սելտայի» հետ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 11-ին: Մինչ այդ՝ մայիսի 7-ին, Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի շրջանակներում «Յունայթեդը» Լոնդոնում կմրցի «Արսենալի» հետ: