Մխիթարյանի և ՀՀ հավաքականի ֆուտբոլիստների արժեքը համաշխարհային շուկայում

Մխիթարյանի և ՀՀ հավաքականի ֆուտբոլիստների արժեքը համաշխարհային շուկայում

Ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուն ընդառաջ՝ հայաստանցի ֆուտբոլիստների արժեքը զգալի անկում է ապրել: Հեղինակավոր «Տրանսֆերմարկետ» պարբերականի համաձայն՝ հատկապես նվազել է արտասահմանյան ակումբներում հանդես եկով հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը: 400 հազար եվրոյով նվազել է հունական «Քսանտիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելիի տրանսֆերային գինը՝ դառնալով 700 հազար եվրո: Վերջին շրջանում Պիզելին հազվադեպ է տեղ գտնում իր թիմի հիմնական կազմում: 300 հազար եվրոյով էլ իջել է Ստամբուլի «Բեշիկթաշի» կիսապաշտապան Արաս Օզբիլիսի տրանսֆերային գինը: Այս պահին Օզբիլիսը գնահատված է 1.2 միլիոն եվրո: 300 հազար եվրոյով նվազել է նաև Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովի տրանսֆերային արժեքը՝ դառնալով 400 հազար եվրո: Չնայած վերջին շրջանում բավական հաջող է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի և Մակեդոնիայի «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, այդուհանդերձ՝ նրա տրանսֆերը ևս անկում է ապրել՝ 50 հազար եվրոյով: Բարսեղյանի տրանսֆերն այս պահին ընդամենը 150 հազար եվրո է գնահատված: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տպավորիչ ելույթներից հետո Բարսեղյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել իսպանական և հունական ակումբները: Չի բացառվում, որ ամռանը մեր հավաքականի ֆուտբոլիստն այլ թիմ տեղափոխվի: 150 հազար եվրոյով նվազել է Շվեյցարիայի «Լե Մոն» թիմի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի տրանսֆերային գինը՝ հասնելով 250 հազար եվրոյի: Սիմոնյանը ևս հազվադեպ է հանդես գալիս իր թիմի մեկնարկային կազմում: Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանի տրանսֆերային արժեքն այժմ 800 հազար եվրո է: Նրա արժեքը նվազել է 50 հազար եվրոյով: Իրանի «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանի տրանսֆերային արժեքը 600 հազար եվրո է: Ծանր վնասվածք ստանալու և տևական ժամանակ չխաղալու հետևանքով Մկոյանի արժեքը նվազել է 100 հազար եվրոյով: Չնայած աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան մրցավեճում ստացած ծանր վնասվածքին՝ պարբերականի մասնագետները ավելացրել են Գևորգ Ղազարյանի տրանսֆերային գինը 200 հազար եվրոյով: Ղազարյանի տրանսֆերն այս պահին գնահատված է մեկ միլիոն եվրո: 100 հազար եվրոյով ավելացել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային գինը: Իրանի «Փադիդեում» հանդես եկող մեր ֆուտբոլիստի տրանսֆերային գինը կես միլիոն եվրո է: Ի դեպ, աննշան ավելացել է Հայաստանի ազգային հավաքականում այն ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը, ովքեր ելույթ են ունենում ներքին առաջնությունում: «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովի տրանսֆերը, ավելանալով 25 հազար եվրոյով, դարձել է 200 հազար եվրո: 50 հազար եվրոյով ավելացել է Երևանի «Փյունիկի» պաշտպան Արթուր Քարտաշյանի տրանսֆերային արժեքը և հիմա 175 հազար եվրո է: 25 հազարական եվրոյով ավելացել են «Ալաշկերտի» կիսապաշտպաններ Արտակ Գրիգորյանի, Արտակ Եդիգարյանի և «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի տրանսֆերային գները: Գրիգորյանի տրանսֆերն արժե 200 հազար, Եդիգարյանինը՝ 225 հազար, իսկ Մելիքսեթյանի արժեքը՝ 125 հազար եվրո: Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոփոխվել: Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստի արժեքը շարունակում է մնալ 37 միլիոն եվրո: Չի փոփոխվել նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը: Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակից» «Ռեալ Սոլթ Լեյք» էր տեղափոխվել 3 միլիոն եվրոյով: Նշենք, որ Մովսիսյանը համաշխարհային շուկայում տրանսֆերային արժեքի կտրվածքով Մխիթարյանից հետո երկրորդ տեղում է: Տրանսֆերային պարբերականը Հայաստանի ազգային հավաքականը, որտեղ ներառված են 24 ֆուտբոլիստներ, այս պահին գնահատել է 46.28 միլիոն եվրո: Յուրա Մովսիսյանը 24 ֆուտբոլիստների ցանկում չկա: