Ինչպե՞ս զուգարանից հասնել Իսպանիա. Մոուրինյոյի հաղթաթուղթը Մխիթարյա՞նն է

Ինչպե՞ս զուգարանից հասնել Իսպանիա. Մոուրինյոյի հաղթաթուղթը Մխիթարյա՞նն է

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Սուոնսիի» հետ հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» էլ ավելի ծանր վիճակում հայտնվեց: Վնասվածքի պատճառով շարքից դուրս եկան պաշտպաններ Լյուկ Շոուն և Էրիկ Բային: «Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել Շոուի և Բայիի վնասվածքների մասին: Կարծում եմ՝ Շոուն լուրջ վնասվածք է ստացել, քանզի երբ խաղադաշտը լքում ես 10-րդ րոպեին... Չենք կարողանում անկողնուց զուգարան գնալ առանց ոտքը կոտրելու: Չեմ ցանկացնում խոսել Ջոնսի և Սմոլինգի մասին: Ավելի լավ է ասեմ, որ Մատան ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ օգնի թիմին: Հինգշաբթի կներդնենք ողջ ներուժը: Չգիտեմ՝ մեզ կհաջողվի՞ դուրս գալ Եվրոպայի լիգայի եզրափակիչ, սակայն ամեն դեպքում գոհ եմ տղաներից»,- «Սուոնսիի» հետ հանդիպումից հետո ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վնասվածք ստացած ֆուտբոլիստների քանակով «Մանչեսթեր Յունայթեդը», կարելի է ասել, բացառիկ ցուցանիշ է գրանցել: Վնասվածք ունեցող ֆուտբոլիտսներից կարելի է մի ուժեղ թիմ կազմել: Մասնավորապես, պաշտպանության օղակում շարքից դուրս են Սմոլինգը, Բային, Ջոնսը, Ռոխոն և Շոուն: Եթե հաշվի առնենք, որ Մատան դեռ 100 տոկոսով պատրաստ չէ, ապա կիսապաշպանությունում՝ Մատան, Պոգբան, իսկ հարձակման գծում՝ Իբրահիմովիչը: Որպես պատճառաբանություն Մոուրինյոն շարունակ մատնանշում է խաղային խիտ գրաֆիկը: Ինչ խոսք, ֆուտբոլիստների համար դժվար է միաժամանակ մասնակցել 4 մրցաշարերի, բայց ծանրաբեռնվածությունը որպես արդարացում ներկայացնելը, կարծում ենք, այնքան էլ պատեհ չէ: Բարձրակարգ մարզչի կարևորագույն գործառույթներից մեկը պետք է լինի ֆուտբոլիստներին օպիտմալ վիճակում պահելը: Երբ միանգամից 6-7 ֆուտբոլիստներ դուրս են գալիս շարքից, նշանակում է մարզչական շտաբը որոշ հարցերում թերացել է: Իսկ զուգարանից անկողին գնալը հեգնական ոճով օրինակ բերելը կոռեկտ չէ նման կալիբրի մասնագետի համար: Ինչևէ, «Սուոնսիի» հետ մրցավեճում Մոուրինյոն հիմնական կազմից կրկին դուրս էր թողել Հենրիխ Մխիթարյանին: Կրկին անգամ նրա փոխարեն մեկնարկային կազմում էր Ռունին, ում Մոուրինյոն այնքան էլ չի վստահում, և ըստ ամենայնի «Յունայթեդի» վետերանը մոտ ժամանակներս այլ թիմ կտեղափոխվի: Այս խաղին չմասնակցեց Մատան, ով լինելով պահեստայինների թվում՝ ակտիվ կերպով մարզվում էր՝ հույս ունենալով խաղադաշտ դուրս գալ: Նկատենք, որ Մխիթարյանին Մոուրինյոն դաշտ դուրս բերեց այն բանից հետո, երբ «Սուոնսին» հավասարեցրեց հաշիվը: Սա նշանակում է, որ դժվար պահին Մոուրինյոն հույսը կապեց հենց Մխիթարյանի հետ: «Սուոնսիի» հետ խաղում մեր ֆուտբոլիստին խնայելը կրկին անգամ ստիպում է ենթադրել, որ Մոուրինյոն Մխիթարյանին, այսպես ասած, պահում է Եվրոպայի լիգայի խաղարկության համար: Այս մրցաշարում հայ ֆուտբոլիստը «Յունայթեդի» լավագույն ռմբարկուն է, ով 8 հանդիպումներում 5 գոլ է խփել: Իբրահիմովիչը նույնքան անգամ է աչքի ընկել, սակայն 11 հանդիպումներում: Կարելի է ենթադրել, որ ընդամենը երեք օր հետո Իսպանիայում Մոուրինյոն «Սելտայի» հետ խաղում փորձելու է հաջողության հասնել՝ գործի դնելով արդեն իսկ իրեն արդարացրած հաղթաթուղթը՝ Մխիթարյան-Մատա խաղային դուետը: Մոուրինյոյի խոսքերը վկայում են, որ Եվրոպայի լիգայի գավաթին տիրանալն իր գերխնդիրն է, և նպատակին հասնելու համար պորտուգլացի մասնագետը կօգտագործի ողջ ներուժը: Պրեմիեր լիգայում «Յունայթեդը» 65 միավորով շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում՝ մեկ միավարով զիջելով 3-րդ և 4-րդ հորիզոնականներում գտնվող «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»: