Իսկ եթե չսպասենք

Իսկ եթե չսպասենք

Ապրիլի 24-ը հայության և հայաստանցիների մի զգալի մեծամասնության համար ոչ միայն հիշատակի, այլ նաև սպասման օր է, այն էլ՝ քանի տարի շարունակ: Այդ օրը այդ մեծամասնությունը սպասում է, թե ինչ կասի ԱՄՆ նախագահը իր ապրիլքսանչորսյան ուղերձում: ԱՄՆ նախագահների համար ավանդույթ է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ ուղերձով հանդես գալը: Վերջին մի քանի տասնամյակում բոլոր նախագահները հղում են այդ ուղերձը, ու հայությունը սպասում է, թե ինչ են ասելու դրանում՝ արդյոք տեղի ունեցածը որակելո՞ւ են որպես ցեղասպանություն: Ինչպես հայտնի է, բոլոր նախագահները մինչև ընտրվելը հայերին խոստանում են ընտրվելուց հետո ճանաչել Ցեղասպանությունը: Բայց որևէ մեկը դեռ չի կատարել խոստումը: Հայության հույսը առանձնապես մեծ չէր հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփից։ Նա հայությանը ոչինչ չի խոստացել։ Իր իրավանախորդի օրինակով, ցեղասպանության առթիվ տարեկան ուղերձում, օգտագործեց «մեծ եղեռն» արտահայտությունը, իսկ ցեղասպանության մասին՝ ոչ մի խոսք: Շատ փորձագետներ հույս ունեին, որ ոչ ստանդարտ նախագահ Թրամփը կփորձի որոշակիորեն տարբերվել իր մոտեցմամբ և հայությանն ուղղված իր ուղերձով և դրա բովանդակության մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կմտցնի, որով կփորձի սիրաշահել հայկական համայնքին։ Մյուս կողմից պետք է փաստել նաև, որ ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենտի համար արդեն պարզ է, որ բազմաթիվ խոստումներից ու դրանք չկատարելուց հետո հայկական համայնքն արդեն որևէ դեպքում չի առաջնորդվում խոստումներով, և դրանք արդեն դեր չեն կատարում հայերի ձայները վերցնելու հարցում: Բայց այստեղ հարցը հենց այն է, թե արդյոք հայկական համայնքը քաղե՞լ է անհրաժեշտ դասեր ու գիտակցել, որ մեղմ ասած՝ ողջախոհ չէ հայկական ամբողջ ռեսուրսը դնել ճանաչել-չճանաչելու մասին խոստումների սպեկուլյացիոն գործընթացի մեջ և մսխել այդ ռեսուրսը: Արդյոք հայկական համայնքը գիտակցե՞լ է, որ ժամանակն է փոխել գործելաոճը և դադարել թեկնածուներից ու քաղաքական խմբերից խոստումներ կորզելը և դրա դիմաց աջակցություն ցուցաբերելը, որովհետև դա մանիպուլյացիոն մի շղթա է, որը ներկայումս ունի արդյունավետության ակնհայտ խնդիրներ: Ի վերջո, ժամանակն է այլևս չսպասել որևէ խոստման և նախագահական որևէ ուղերձի: Ինչ ուզում են, թող խոստանան և ուղերձ հղեն: Պարզապես պետք է այդ մարդկանց ցույց տալ, որ այդ ամենը նրանք անում են իրենց, ոչ թե հայության համար, ոչ թե հայերի համար: Միգուցե այդ ժամանակ, երբ հայությունը չապրի այդ մեծ սպասումով, փոխվի նաև ամերիկյան քաղաքական իստեբլիշմենտի վարքագիծը, և քաղաքական ու քաղաքագիտական խմբերը փորձեն նույնիսկ իրենք որոշակի նոր առաջարկներ հղել հայկական համայնքին՝ գործակցության նոր հարթության համար: Իսկ եթե քաղաքական և քաղաքագիտական այդ խմբերի համար հայկական համայնքի հետ գործակցությունը չունի այնպիսի արժեք, որը նրանց կմղի նոր առաջարկների, ապա այդ դեպքում արդեն հայկական համայնքը ունի մտածելու շատ ավելի լուրջ առիթներ, թե՝ ինչո՞ւ է նվազել հայկական գործոնի դերը ԱՄՆ քաղաքական կյանքում և ի՞նչ է անհրաժեշտ անել այդ դերը երբեմնի արդյունավետ մակարդակին հասցնելու, բայց միևնույն ժամանակ նաև կրկին փակուղի չտանելու կամ փակ շրջանի չվերածելու համար: