Թրամփը ոգեկոչել է 20-րդ դարի «վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը»՝ Մեծ Եղեռնը

Թրամփը ոգեկոչել է 20-րդ դարի «վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը»՝ Մեծ Եղեռնը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը տարածել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը 2017թ. Հայկական հիշատակի օրվա առիթով. «Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը: Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը: Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ»,-ասված է հայտարարության մեջ: